Այս հիվանդության ընթացքում բարձրանում է ջերմությունը, դեմքն այտուցվում է, առաջանում է մաշկի ցան, մկանները ցավում են, տեղի են ունենում էոզիֆիլիայի երևույթներ։ Ծանր դեպքերում՝ ախտահարվում են թոքերը, սիրտը, կենտրոնական նյարդային համակարգը։
Հիվանդության հարուցիչը՝ Trichinella spiralis-ը, կլոր որդերի դասին պատկանող մակաբույծ է՝ 1-Յմմ երկարության։ Այս հիվանդությունը տարածված է Արևելյան Եվրոպայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, ինչպես նաև Հարավ-Արևելայն Ասիայի մի շարք երկրներում։ Այն տարածված է նաև Ուկրաինայում, Բելոռուսում, Ռուսաստանում։ Այս հիվանդության տեղային դեպքեր Հայաստանում չի արձանագրված։ Բերովի դեպքեր եղել են՝ անգամ խմբական բնույթի՝ Հյուսիսային Կովկասից (Կրասնոդար և Արմավիր) բերովի վարակված մսից (1954թ. և 1976թ.)։ Սակայն վերջին տարիներին Վ.Դավիդյանցը տրիխինելոզի տեղային դեպքեր է արձանագրել նաև Հայաստանում։
Վարակի աղբյուրը
Տրիխինելաների զարգացումը տեղի է ունենում միջանկյալ կրողի օրգանիզմում, ընդ որում նույն կենդանին կարող է սկզբում լինել վերջնական կրող, իսկ հետո՝ միջանկյալ։ Մարդիկ վարակվում են այն ժամանակ, երբ օգտագործում են տրիխինելաներով վարակված միսը։
Թրթուրներն ստամոքսից անցնում են բարակ աղիքներ և 17-18 օր հետո արդեն տեղակայվում են մկաններում առաջացնելով զանազան ախտաբանական երևույթներ։ Դրանք մկաններում պատենավորվում են (35-40 օրվա ընթացքում)։ Հիվանդների մոտ բարձրանում է ջերմությունը, դեմքն ուռչում է, մկանային ցավեր են լինում։ Հիվանդության ծանրության աստիճանը ուղիղ համեմատական է տրիխինելաներով վարակվելու ինտենսիվությանը։
Հիվանդության ախտորոշումը կատարվում է համաճարակա-բանական, կլինիկական և լաբորատոր քննությունների օգնությամբ։ Ամենացայտուն կլինիկական նշանները երեքն են՝ աչքի այտուց և դեմքի ուռածություն, մկանային ցավեր և արյան մեջ բավականին ուժեղ արտահայտված էոզինոֆիլիա։ Բարձր արդյունավետություն է ապահովում համաճարակաբանական հետազոտության մեթոդը։ Լաբորատոր քննություններից արդյունավետը համապատասխան անտիգենի հետ պրիցիպիտացիայի ռեակցիան է, ինչպես նաև ներմաշկային ալերգիկ և կոմպլեմենտի կապման ռեակցիաները։
Մարդը համաճարակաբանական առումով հետաքրքրություն չի ներկայացնում։
Փոխանցման մեխանիզմները
Տրիխինելաները շատ կայուն են արտաքին միջավայրում՝ 12° ցրտին կարող են դիմանալ 2 ամիս։ 70-80°-ում դրանք ոչնչանում են, սակայն, երբ տեղակայվում են ու պատենավորվում մսի կենտրոնական հատվածում, այս ջերմությունից չեն ոչնչանում։
Պայքարը և կանխարգելումը
Քանի որ բնակելի տարածքներում այս հիվանդության վարակի աղբյուրը վարակված խոզերն են, ուստի նրանց դեմ տարվող միջոցառումները հիմնականում կրում են անասնաբուժական բնույթ։ Անհրաժեշտ է հսկողություն սահմանել սպանդանոցներում և գաղտնի մորթի ենթարկված կենդանիների մսի նկատմամբ։ Միսն անհրաժեշտ է ենթարկել քննության և տրիխինելաներ հայտնաբերելու դեպքում պահածոյացնել։ Պետք է բարելավել սպանդանոցների, ֆերմաների, անասնանոցների սանիտարա– հիգենիկ վիճակը։Անհրաժեշտ է պայքարել կրծողների դեմ։ Իսկ բնական միջավայրում այս հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումներ դժվար է իրականացնել։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին