Տոքսոպլազմոզն իրենից ներկայացնում է մակաբուծական հիվանդություն, որն ախտահարում է շատ օրգաններ: Տոքսոպլազմոզը լինում է բնածին և ձեռքբերովի (սուր և քրոնիկական):

Պատճառներ
Հիվանդության հարուցիչը տոքսոպլազմն է: Կենդանիները արտաթորանքի, քթից հոսող լորձի և կաթի միջոցով հիվանդության հարուցիչները արտաքին միջավայր են արտազատում: Մարդը վարակվում է` սննդի մեջ օգտագործելով անբավարար ջերմամշակված և հարուցիչներ պարունակող մթերք (միս, կաթ, ձու), ինչպես նաև հիվանդ կենդանիների հետ անմիջական շփումից կամ մթերքը մշակելիս` վնասված մաշկի միջոցով: Մարդու համար (հատկապես հղիների և երեխաների) առանձնապես վտանգ են ներկայացնում կատուները, որոնց մազերի մեջ կարող են պարունակվել հարուցիչներ և կեղտոտ ձեռքերի միջոցով տարվել բերան:
Բնածին տոքսոպլազմոզի դեպքում հարուցիչը հիվանդ մորից հղիության ընթացքում փոխանցվում է երեխային:
Հիվանդության առաջացման պատճառը որոշվում է միայն լաբորատոր հետազոտության տվյալներով:

Պաթոգենեզ
Սուր տոքսոպլազմոզը սովորաբար ուղեկցվում է տենդով, գլխացավով, մկանացավերով, ինչպես նաև տարբեր օրգանների ախտահարման ախտանշաններով:
Քրոնիկական տոքսոպլազմոզը կարող է տարիներ տևել: Այն բնորոշվում է ջերմաստիճանի չնչին բարձրացմամբ, թուլությամբ, դյուրագրգռելիությամբ: Նվազում է տեսողությունը, հիշողությունը և աշխատունակությունը: Փայծաղը և ավշային հանգույցները մեծանում են: Երբեմն նկատվում են լյարդաբորբ, թոքաբորբ, սրտամկանի բորբոքում, ինչպես նաև հոգեկան խանգարումներ:
Եթե տոքսոպլազմոզը հիվանդ մորից պտղին է փոխանցվում հղիության առաջին ամիսներին, ապա առաջանում է վիժում կամ մեռածածնություն: Եթե պտուղը չի մահանում, կարող են ձևավորվել զարգացման արատներ.
- գլխուղեղի շատ փոքր չափեր, բացակայություն կամ ջրակալում,
- վերջույթների բացակայություն կամ թերզարգացում,
- վերին շրթունքի ճեղքում,
- գանգի, աչքերի կառուցվածքի խանգարումներ և այլն:

Կանխարգելում
Տոքսոպլազմոզի կանխարգելման համար անհրաժեշտ է պարբերաբար հետազոտել տնային կենդանիներին և սահմանափակել նրանց շփումը հղի կանանց և երեխաների հետ: Խորհուրդ չի տրվում կենդանիներին կերակրել հում մսով: Անհրաժեշտ է հետևել ձեռքերի մաքրությանը, լավ եփել (տապակել) մսամթերքը, կաթը եռացնել: Կենդանիների հետ շփվելու կամ մթերքը մշակելու ժամանակ անհրաժեշտ է պահպանել անձնական հիգիենայի կանոնները, հագնել ձեռնոցներ և արտահագուստ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին