Թոքերի էմֆիզեման (թոքափքանք) թոքերի տարածված հիվանդություն է, որը կարող է առաջանալ ցանկացած տարիքում: Տարբերում են թոքերի սահմանափակ էմֆիզեմա, որն ընդգրկում է թոքի առանձին հատվածներ և թոքերի տարածուն էմֆիզեմա, որն ախտահարում է ամբողջ թոքը: Թոքային էմֆիզեմայից առանձնացնում են թոքային հյուսվածքի սուր փքվածությունը, որն առաջանում է բրոնխի անցանելիության հանկարծակի խանգարումից, ինչպես օրինակ բրոնխային հեղձուկի նոպայի ժամանակ: Նորածինների և կրծքի երեխաների մոտ հազվադեպ է նկատվում բրոնխների զարգացման արատներով պայմանավորված թոքերի էմֆիզեմայի բնածին ձևը:

Պատճառներ
Թոքերի էմֆիզեման պայմանավորված է թոքաբշտիկների լայնացման, ինչպես նաև թոքերի անցանելիության խանգարման հետ: Վերջինս կարող է լինել քրոնիկական բրոնխաբորբի և թոքերի այլ հիվանդությունների հետևանք: Այլ դեպքերում թոքերի էմֆիզեման առաջանում է որպես ինքնուրույն հիվանդություն, որի ժամանակ մասամբ ներքին, մասամբ էլ արտաքին գործոնների ազդեցությունից թոքաբշտիկի պատերը բարակում են և առաջանում են պատռվածքներ: Պատռվածքների հետևանքով թոքաբշտիկները միանում են` վերածվելով խոշոր օդային խոռոչների և դրանց ընդհանուր մակերևույթը փոքրանում է` նվազեցնելով թոքային հյուսվածքի առաձգականությունը: Այս փոփոխությունները հանգեցնում են, այսպես կոչված, թոքային սրտի առաջացման:

Պաթոգենեզ
Որպես կանոն, թոքերի սուր փքվածությունն ուղեկցվում է շնչառական սուր անբավարարության ախտանշաններով, որոնք ավելի ուժեղ են արտահայտվում թոքի փքված հատվածների առավել տարածվածության դեպքում: Թոքային էմֆիզեմայի ընթացքը երկարատև է: Հիվանդները գանգատվում են հևոցից, աստիճանաբար դժվարանում է արտաշնչումը: Հաճախ անհանգստացնում է նաև քիչ և դժվար խորխով անջատվող հազը: Հիվանդն աստիճանաբար նիհարում է, մեջքը կորանում է, ուսերը թեթևակի բարձրանում են: Հիվանդությունը դանդաղորեն սաստկանում է:

Բուժում
Թոքային էկզեմայի բուժումը երկարատև է և կարող է կանխել կամ դանդաղեցնել հիվանդության հետագա խորացումը: Պետք է մշտապես գտնվել բժշկի հսկողության տակ: Բժշկի հսկողությամբ իրականացվող շնչառական վարժությունների հատուկ համալիրը նպաստում է խորխարտադրությանը և թոքային շնչառության լավացմանը: Այն բարելավում է նաև արյան շրջանառությունը: Խորհուրդ է տրվում չափավոր քայլել: Թոքային էկզեմայի ծանր և երկարատև ընթացքի ժամանակ պահանջվում է հիվանդանոցային բուժում: Հիվանդներին արգելվում է ծանր ֆիզիկական աշխատանքը, օրգանիզմի սառեցումը, ինչպես նաև տարբեր փոշիներ շնչելը:

Կանխարգելում
Թոքերի էկզեման կանխելու համար անհրաժեշտ է լրիվ հրաժարվել ծխելուց, ինչպես նաև հարկավոր է ժամանակին բուժել թոքերի սուր և քրոնիկական բորբոքումները:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին