Թոքերի արատների շարքում կարելի է թվարկել ագենեզիան, ապլազիան, հիպոպլազիան, բլթային էմֆիզեման, պոլիկիստոզը և այլն։ Ագենեզիայի դեպքում թոքերը լրիվ բացակայում են։ Ապլազիայի դեպքում պահպանված է ծայրը փակ թերաճ (ռուդիմենտար) գլխավոր բրոնխը։ Թոքի կամ նրա բլթի հիպոպլազիան հանդիպում է ավելի հաճախ։ Այն կարող է լինել.

1. ընդհանուր
2. մասնակի։

Տեղակայվում է գլխավոր բլթային, հատվածային (սեգմենտային), ենթահատվածային (սուբսեգմենտային) և ստորենթահատվածային (ստորսուբսեգմենտային) բաժանման մակարդակներում։ Շնչառության անբավարարության կլինիկական նշանները կախված են ախտահարման պրոցեսի տարածման աստիճանից։ Ռենտգեննկարահանմամբ թոքերի ախտահարված մասերում պարզորոշ նկատելի են օդակրության նվազումը, միջնորմի ստվերի տեղաշարժը դեպի ախտահարման կողմը։ Բլթային բնածին էմֆիզեման բավականին հազվադեպ է հանդիպում։ Նրա առկայության դեպքում թոքի խիստ փքված բիլթը սեղմում է չվնասված բլթին` առաջացնելով միջնորմի լարվածություն և տեղաշարժ դեպի առողջ կողմը։ Ծնվելու պահից սկսած երեխայի վիճակը ծանր է։ Նկատվում են շնչական անբավարարություն, շնչահեղձուկի նոպաներ, հիվանդ կողմում կրծքավանդակի արտափքում, պերկուտոր հնչյունի կարճացման երանգ, շնչառության թուլացում։ Ռենտգենաբանական հետազոտությամբ հայտնաբերվում է մեծ օդակիր խոռոչ կամ թոքերի ախտահարված բլթերի բարձր թափանցելիություն, սրտի և միջնորմի ստվերի տեղաշարժ դեպի առողջ կողմը, էմֆիզեմայի կողմում ` ստոծանու հարթեցում: Հանդիպում են նաև թոքի բնածին բշտեր :

Բուժումը: Կոմպլեքսային է, որն ընդգրկում է խնամքի ամենաանբարենպաստ պայմանները, շնչառական ուղիների անցանելիության  վերականգնումը, թթվածնային թերապիան, ռե- և դեհիտրատացիոն միջոցառումները, պարէնտերալ սնուցումը, արյան փոխարինողների օգտագործումը, արյան պլազման, սրտային միջոցները, հակաբիոտիկները և այլն:
Շնչառական խանգարումների համախտանիշ ունեցող երեխային հնարավորինս արագ տեղավորում են կյուվեզի մեջ, որտեղ օդի ջերմաստիճանը պետք է լինի 33-34°C, թթվածնի խտությունը` 40-60%, իսկ օդի խոնավությունը` 90-60%: Նախորոք կատարում են վերին շնչական ուղիների պարունակության արտածծում։ Ասպիրացիան կանխարգելելու նպատակով խորհուրդ է տրվում արտածծել նաև ստամոքսի պարունակությունը։ Շնչահեղձուկով ծնված երեխաների վերակենդանացման և ինքնուրույն շնչառության վերականգնման հետ իրագործվում է նաև միջամտությունների մի ամբողջ համալիր, որն ընդգրկում է նաև թոքերի արհեստական օդափոխումը։ Հեղինակների մեծ մասը գտնում է, որ հակաբիոտիկները պետք է կիրառել ներարգանդային վարակման կասկածի, շնչառական խանգարումների համախտանիշի ծանր ընթացքի, վարակի զուգակցման դեպքերում։Կերակրումն սկսելու ժամկետը որոշվում է անհատական կերպով։ Առողջանալու ընթացքի հետ աստիճանաբար երեխային կյուվեզից տեղափոխում են մահճակալի վրա, կերակրում են կրծքի կաթով` սկզբում ծծակով, իսկ հետո կրծքով։

Կանխարգելումը։ Ընդգրկում է պտղի նախածննդյան պահպանության, անհասության և ներարգանդային հիպոքսիայի կանխարգելման, ախտաբանական հղիություններ և ծննդաբերություններ ունեցող կանանց կատարելագործված բուժօգնության կազմակերպման լայն միջոցառումներ։


 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին