Թոքային զարկերակի բացվածքի ստենոզԹոքային զարկերակի բացվածքի ստենոզը մեծահասակների մոտ համեմատաբար հաճախ է հանդիպում: Վիրաբուժության հաջողությունների շնորհիվ այս հիվանդների կյանքի տևողությունը զգալի մեծացել է: Ստենոզը կարող է տեղակայվել թոքային զարկերակային հունի տարբեր հատվածներում՝ աջ կամ ձախ թոքային զարկերակների կենտրոնական կամ ծայրամասային հատվածներում, ինչպես նաև դրանց ավելի փոքր ճյուղավորումներում: Ստենոզը կարող է լինել տեղային կամ տարածուն, միա- կամ երկկողմանի, եզակի կամ բազմակի. բացի այդ, այն կարող է զուգակցվել սրտի այլ արատների հետ (Ֆալլոյի տետրադա): Թոքային զարկերակի դեֆորմացված փականը հասուն տարիքում կարող է կրակալել: Միաժամանակ կարող է զարգանալ ենթափականային մկանային գերաճ՝ ինֆունդիբուլյար ստենոզի առաջացումով, որը նպաստում է աջ փորոքից հետհոսքի հետագա խանգարմանը:

Կլինիկական պատկերը կախված է ստենոզի աստիճանից: Ծանր ստենոզի ժամանակ աջ փորոքում սիստոլիկ ճնշումը մոտենում է ձախ փորոքի ճնշմանը: Ոչ մեծ ստենոզի ժամանակ հիվանդներն ամբողջ կյանքի ընթացքում գանգատներ չեն ներկայացնում: Ավելի ծանր դեպքերում առաջանում են հևոց, սրտխփոց, ստենոկարդիա, գլխապտույտ, ուշագնացություններ: Մանկական տարիքում առաջացող աջ փորոքի լարման պատճառով առաջանում է սրտային կուզ և սրտի բացարձակ բթության հատվածում՝ պուլսացիա: Աուսկուլտացիայի ժամանակ որոշվում է սիստոլիկ աղմուկ II միջկողային տարածությունում՝ կրծոսկրից դեպի ձախ, որն անցնում է ձախ թիակի ստորին անկյանը: Աղմուկն ուղեկցվում է նույն հատվածի սիստոլիկ դողով: Թոքային զարկերակի վրա II տոնը թուլացած է: Կարող է զարգանալ եռփեղկ փականի հարաբերական անբավարարություն և, վերջապես, արյան մեծ շրջանառությունում կանգ:

ԷՍԳ-ի վրա հայտնաբերում են բարձր սրածայր T ատամիկ, սրտի էլեկտրական առանցքի շեղում դեպի աջ, աջ փորոքի գերաճի նշաններ: Ռենտգենագրությամբ թոքերի անոթային նկարը էապես փոփոխված չէ: Հնարավոր է թոքային զարկերակի հետստենոտիկ լայնացում. սրտի աջ խոռոչների լայնացման աստիճանը կախված է ստենոզի արտահայտվածությունից: Ոչ մեծ ստենոզի ժամանակ հետստենոտիկ լայնացումը երբեմն դժվար է տարբերել զարկերակի իդիոպաթիկ լայնացումից: Հարկ է նաև նշել թոքային զարկերակի փականի միկսոմատոզային դիսպլազիան, որը հանգեցնում է բացվածքի ստենոզի և կարող է զուգակցվել դանդաղած աճի, կոպերի պտոզի, ցածր տեղակայված ականջների, յուրօրինակ եռանկյունաձև դեմքի հետ: Վիրահատության ուղղակի ցուցում է աջ փորոքում ճնշման բարձրացումը ավելի քան 75 մմ սնդ.. սյան:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին