Թոքային սիրտԱջ փորոքի ախտահարման կլինիկական համախտանիշ է, որը կապված է արտաքին շնչառության համակարգի կամ թոքային զարկերակի առաջնային հիվանդությունների հետ և ուղեկցվում է արյան փոքր շրջանառության հիպերտենզիայով։

Էթիոլոգիան։ Պատճառը բրոնխաթոքային համակարգի քրոնիկական հիվանդություններն են, բրոնխային ասթման, կրծքավանդակի կամ ողնաշարի ձևախախտումները, որոնք առաջացնում են շնչառության մեխանիկայի խանգարում, թոքային զարկերակի համակարգում թրոմբոէմբոլիաներ և բորբոքային պրոցեսներ, առաջնային թոքային հիպերտոնիա։


Պաթոգենեզը։ Հիմնական գործոնը արյան փոքր շրջանառությունում ճնշման բարձրացումն է, որը զարգանում է արյան հոսքի ուղղությամբ դիմադրության բարձրացման հետևանքով։

Կլինիկան։ Սուր ձևով ընթացող թոքային սրտի համախտանիշի համար բնորոշ են հաճախ հանկարծակի սկիզբը, հևոցը, մաշկածածկույթների մոխրագույն երանգը, ակրոցիանոզը, ետկրծոսկրային ցավը, հազը, տախիկարդիան, արյան ճնշման իջնելը մինչև կոլապսի աստիճանը, արյունախխումը։ Աջ փորոքի գերլցումն արտահայտվում է սրտային հրոցի ուժեղացումով, սրտային բթության սահմանների լայնացումով դեպի աջ, թոքային զարկերակի II տոնի շեշտվածությամբ կամ ճեղքումով, պարանոցային և լյարդային երակների արտափքումով, կենտրոնական երակային ճնշման բարձրացումով։ Քրոնիկական ձևով ընթացող թոքային սրտի սկզբնական շրջանում կարող են հայտնաբերվել աջ փորոքի հիպերտրոֆիայի նշաններ, հետագայում զարգանում է թոք-սրտային անբավարարության պատկեր՝ հևոց, «տաք» ակրոցիանոզ (ի տարբերություն սրտային անբավարարության ժամանակ նկատվող «սառի»), սրտի՝ գլխավորապես աջ սահմանների լայնացում, տախիկարդիա, լյարդի մեծացում, ծայրամասային այտուցներ։ Ռենտգենաբանական հետազոտությունը ի հայտ է բերում սրտի աջ հատվածների մեծացում, թոքային զարկերակի բնի և խոշոր ճյուղերի լայնացում՝ ծայրամասային անոթային նկարի թուլացմամբ։ Բնորոշ նշաններ են հայտնաբերվում նաև ԷՍԳ և ֆունկցիոնալ ախտորոշման այլ մեթոդներով։

Բուժումը. թթվածնաբուժություն, սրտային գլիկոզիդներ, շնչառության նորմալ ձևը վերականգնելու նպատակով՝ բուժական ֆիզկուլտուրա, կրծքավանդակի մերսում։ Ըստ հիմնական հիվանդության երևույթների՝ որոշվում է սանատոր-առողջարանային բուժման անհրաժեշտությունը։

 


 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին