Ձգձգվող թոքաբորբ են համարվում այն թոքային պրոցեսները, որոնք հիվանդության սկզբից 6-8 ամսվա ընթացքում չեն ավարտվել առողջացումով։ Ձգձգվող բորբոքային պրոցեսի զարգացմանը նպաստող գործոններից են թոքաբորբի ծանր ընթացքը և ուշ ախտորոշումը, երեխայի առողջացման հարցը վճռելիս ռենտգենաբանական հսկողության բացակայությունը, ոչ լիարժեք բուժումը։ Անկասկած, մեծ դեր են խաղում նաև երեխայի օրգանիզմի դիմադրողականության առանձնահատկությունները։ Սովորաբար հիվանդության սկզբից 2-3 շաբաթ անց կարելի է որոշել հիվանդության ընթացքի ձգձգման հակումը։ Նկատվում է ենթատենդային ջերմություն, ախորժակի նվազում, համառ հազ և չափավոր հևոց։

Պերկուսիայի փոփոխությունները բավականին աղքատ են։ Թաց խզզոցները թոքերում, որպես կանոն, լսվում են ախտահարման շրջանում, հիվանդության առաջին 1-2 ամիսներին։ Այդ նույն ժամանակ արյան հետազոտությամբ կարելի է հայտնաբերել չափավոր լեյկոցիտոզ, նեյտրոֆիլյոզ, ԷՆԱ-ի արագացում։ Ձգձգվող թոքաբորբի ախտորոշման հիմքը, կլինիկական ախտանիշներից բացի, նաև ռենտգենաբանական հետազոտությունն է, որը միջին ուժգնության սեգմենտային ստվերներ է հայտնաբերում, որոնք հաճախ լինում են ոչ միատարր և առանց պարզորոշ սահմանների, իսկ որոշ հիվանդների մոտ՝ նաև միջբլթային պլևրայի ռեակցիայով։ Շատ դեպքերում նկատվում է նաև թոքի արմատի ռեակցիա՝ պատկերի ուժեղացման ձևով։ Ձգձգվող սեգմենտային թոքաբորբերի ամենահաճախ հանդիպող տեղակայումը լինում է աջ թոքի միջին, ստորին բլթի, ձախ թոքի ստորին բլթի և վերին բլթի լեզվակային (լինգուլար) հատվածներում։ Հաճախ նկատվում են նաև տարբեր բլթերի հատվածների ախտահարման զուգակցումներ։

Բրոնխոսկոպիայի ժամանակ հիվանդության առաջին 2-3 ամիսներին կարող են հայտնաբերվել ներբրոնխային ախտահարումներ (տարածուն, կատառային, կատառաթարախային) և բրոնխների կեղծ ձևախախտումներ։ Նշված փոփոխությունները պայմանավորված են բրոնխների բորբոքային պրոցեսներով և թոքաբորբի ներծծման դեպքում վերադարձելի բնույթ են ունենում։ Բրոնխների կայունացած ձևախախտումների հայտնաբերման նպատակով, այսինքն՝ քրոնիկական թոքաբորբը ախտորոշելու համար բրոնխաբանական հետազոտությունները պետք է կատարվեն ոչ շուտ, քան հիվանդության սկզբից 8-12 ամիս հետո։ Ձգձգվող սեգմենտային թոքաբորբերը կարող են երկու ելք ունենալ, բարենպաստ՝ բորբոքային փոփոխությունները լրիվ ներծծվում են և թոքերի շնչական ֆունկցիան վերականգնվում է, և անբարենպաստ՝ ախտահարված հատվածներում առաջ են գալիս ետթոքաբորբային պնևմոսկլերոզ, բրոնխային ռեֆորմացիաներ՝ քրոնիկական բորբոքային պրոցեսի առաջացումով։ Թոքաբորբի բարենպաստ ելքի համար որպես սահմանային ժամկետ ընդունված է 6-8 ամիսը։

Բուժումը։ Ձգձգվող թոքաբորբի բուժման ժամանակ հակամիկրոբային պատրաստուկներից բացի օգտագործում են նաև լրացուցիչ դեղամիջոցներ, որոնք հիվանդի օրգանիզմի դիմադրողականության վրա են ազդում։ Հակաբիոտիկներ նշանակելիս ցանկալի է հաշվի առնել հիվանդի մոտ հայտնաբերվող միկրոֆլորայի զգայնությունը։ Հակաբիոտիկային բուժման կուրսի տևողությունը պետք է լինի անհատական և որոշվի, առաջին հերթին, հիվանդության ընթացքով։ Բուժումը հաճախ անհրաժեշտ է կատարել 6-8 շաբաթ տևողությամբ։ Այդ շրջանում որևէ հակաբիոտիկի նկատմամբ հարմարվելը կանխելու նպատակով օգտագործվող հակաբիոտիկը 7-10 օր հետո փոխարինվում է մեկ ուրիշով։ Կիրառվող հակաբիոտիկների զուգակցումից բավարար արդյունք չստանալու դեպքում անհրաժեշտ է այլ դեղամիջոցներ օգտագործել։ Ելնելով այն բանից, որ որոշ դեպքերում հակաբիոտիկային թերապիան չի կասեցնում պնևմոսկլերոզի զարգացումը և բրոնխների ձևախախտումը, առաջարկվում է կիրառել հակաբորբոքային և հակաֆիբրոպլաստիկ հատկություններով օժտված կորտիկոստերոիդ դեղամիջոցներ։ Կորտիկոստերոիդային բուժումը պետք է կատարել հակաբիոտիկային բուժման ֆոնի վրա, որն առանձնապես է ցուցված վաղ տարիքի երեխաների հիվանդության առաջին 3 ամիսներին, հատկապես ձախակողմյան ստորբլթային թոքաբորբի ժամանակ։

Ձգձգվող թոքաբորբով հիվանդներին նշանակում են վիտամիններ, բրոնխային անցանելիությունը բարելավող միջոցներ, ըստ ցուցումների՝ հակահիստամինային դեղամիջոցներ։ Հակաբորբոքային, ներծծող ազդեցության նպատակով կիրառում են ինդուկտոթերապիա, ՈԻՄՃ (уфо), դեղորայքային էլեկտրաֆորեզ (կալցիում, մագնեզիում, պղինձ, ցինկ, յոդ և այլն)։ Բարենպաստ ազդեցություն կարող են ունենալ օզոկերիտով, պարաֆինով, բուժական ցեխերով կրծքավանդակին կատարվող ապլիկացիաները։ Պրոցեսի մեծ վաղեմիության դեպքում նպատակահարմար են զուգակցված մեթոդների կիրառումը՝ գալվանոցեխաբուժություն, ինդուկտոջերմացեխաբուժություն։ Ցուցված են նաև աերոզոլային ինհալացիաների բրոնխոլիտիկ խառնուրդներ, պրոտեոլիտիկ ֆերմենտներ և այլն։ Ձգձգվող թոքաբորբ կրած երեխան 12 ամիս պետք է գտնվի դիսպանսեր հսկողության տակ (բժշկական քննություն՝ 3-4 ամիսը մեկ անգամ, ռենտգենաբանական հետազոտություն, ուղեկցող վարակի օջախների բուժում, կոփող պրոցեդուրաներ)։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին