Կոկաինը Erythroxylon coca բույսի տերևներից ստացվող ալկոլոիդ է։ Այն դասվում է նյարդային համակարգի հզոր խթանիչների շարքին։ Կոկաինային թունավորման հետևանքները շատ մոտ են ամֆետամինայիններին։ Կոկաինի չարաշահումը բերում է արտահայտված կախվածության ձևավորման։ Կոկաինի մշակումից ստանում են տարբեր «մթերքներ» և, հետևաբար, այն գործածվում է զանազան ձևերով` կոկայի տերևները ծամում են, կոկան ներշնչում են, ներարկում երակից, ծխում, այսպես կոչված՝ «կրեկը» կամ կոկայի մածուկը։

Սուր թունավորումն (F14.0) ընթանում է գիտակցության խանգարումով, դեռեալիզացիայի և դեպերսոնալիզացիայի ախտանիշներով, զգացողությունների (մարմնի, միջավայրի, օբյեկտների, լույսի) ընկալումների սրացումով, տրամադրության բարձրացումով։ Բոլորի հանդեպ դառնում են բարեհոգի և ջերմ։ Իրենց թվում է, թե ունեն անսահման հնարավորություններ (նյութական, ֆինանսական, ինտելեկտուալ, սեքսուալ)։ Սկսում են գործունեություն ծավալել, հատկապես՝ ստեղծագործական։ Սովորաբար, այս վիճակին հաջորդում է դիսֆորիան, որը և հանգեցնում է թմրանյութի կրկնակի գործածմանը և, հետևաբար, կոկաինային էպիզոդի շարունակմանը։ Կոկաինային սուր թունավորումն ընթանում է մարմնական և նյարդաբանական խանգարումներով` չորություն բերանում, քրտնարտադրություն, դող, ակնագնդերում այրոցներ, բբերի լայնացում, հաճախամիզություն, մկանային թրթռոցներ, հիպերթերմիա, անքնություն, ախորժակի անկում, դիարեա, առիթմիա։

Փսիխոտիկ խանգարումները (F14.5), հիմնականում, առաջանում են տևական կոկաինային էպիզոդների և գերդոզավորման դեպքերում։ Նկարագրված են հետևյալ կոկաինային փսիխոզները` դելիրիում, օնեյրոիդ և պարանոիդ: Փսիխոզները, սովորաբար, անցողիկ են և անհետանում են թունավորումն ավարտվելուց հետո։ Վառ և հագեցած լսողական, տեսողական և տակտիլ ցնորքները սուր (երկրորդական) զառանցանքների , տագնապի և վախի հետ մեկտեղ թմրամոլին դարձնում են բավական վտանգավոր, որն ընդունակ է անգամ ծանրագույն հանցագործության։ Հետթունավորման վիճակը բնութագրվում է արտահայտված դեպրեսիայով, դյուրագրգռությամբ, դիսֆորիայով, մեկուսացման ձգտումով։ Հաճախակի են տագնապի և վախի աֆեկտները։ Դիտվում են հիպերեսթեզիայի երևույթներ , հատկապես, ձայների և լույսի նկատմամբ։ Կարող են առաջանալ սենեսթոպաթիաներ: Նկատելի է անտարբերություն, թուլություն, քնկոտություն։ Մեծ քանակի դեղաչափ գործածելու դեպքում հետթունավորման վիճակում հնարավոր են տարբեր բարդություններ` ցնցումներ, էպիլեպտիկ ստատուս, առիթմիաներ, ընդհուպ՝ մինչև սրտի կանգ, մահ։ Այսպիսով, կոկաինային թմրամոլությանը բնորոշ են երկու բևեռային վիճակների առկայություն` էյֆորիա և դիսֆորիա։ Անընդմեջ թունավորման դեպքում էյֆորիան փոխարինվում է դիսֆորիայով, որի հերթական դեղաչափն ընդունելուց հետո կրկին հետևում է էյֆորիան։


Աբստինենտ համախտանիշ (F15.3) է համարվում 24 ժամ և ավելի տևող հետթունավորման վիճակը (դիսֆորիան)։ Այն բնութագրվում է ընդգծված դեպրեսիվ և դիսֆորիկ խանգարումներով, որոնք ուղեկցվում են չափավոր արտահայտված վեգետատիվ ախտանիշներով, վերաբերմունքի և հետապնդման զառանցանքներով, սուիցիդալ մտքերով, ինչպես նաև կոմպուլսիվ հակումով դեպի թմրանյութը: Աբստինենցիայի երևույթները հասնում են գագաթնակետին 3-4-րդ օրերին և կարող են տևել մինչև 2 շաբաթ, որից հետո սկսվում է քրոնիկական դիսֆորիան՝ թուլության, անհեդոնիայի և դեպրեսիայի ախտանիշներով։ Հետագայում թմրանյութը գործածվում է միայն մի նպատակով` կանխել աբստինենցիան։ Այսպիսով, կոկաինային թմրամոլությունն ունի հարաճուն և չարորակ ընթացք։ Հոգեկան կախվածությունն առաջանում է արդեն առաջին իսկ ներարկումներից հետո։ Չարաշահման ցիկլիկ (ցիկլային) ձևը նպաստում է ախտանիշների արագ դրսևորմանը և զարգացմանը, փսիխոօրգանական համախտանիշի արագ ձևավորմանը։


 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին