Ամենատարածված կանաբինոիդը հաշիշն է։ Այն, սովորաբար, գործածվում է ծխելու ձևով, երբեմն՝ ծխախոտի հետ խառնած։ Հազվադեպ այն գործածվում է per os՝ յուղային էքստրակտի ձևով։ Սուր թունավորման նշաններն առաջին անգամ օգտագործելիս ի հայտ են գալիս դեռևս առաջին իսկ ներշնչումներից հետո, իսկ երկրորդ դեպքում՝ 1-2 ժամ անց։ Կախված հաշիշի որակից` թունավորման կլինիկան բավականին բազմազան է։ Սակայն միշտ էլ արտահայտվում են մարմնական-վեգետատիվ և նյարդաբանական խանգարումները` բբերի լայնացում, սկլերաների կարմրություն (ճագարի աչքեր), դեմքի և բերանի լորձաթաղանթի հիպերեմիա, չորություն բերանում, հաճախասրտություն, հիպերտենզիա, հիպերթերմիա և ջերմության զգացում ողջ մարմնում, անհագ ախորժակ և ծարավի զգացում։

Հոգեախտաբանական նշանները դրսևորվում են աստիճանաբար։ Նախ, սրանում են զգացողությունները` գույներն ընկալվում են ավելի վառ և գունեղ, երաժշտությունն ընկալվում է սրացած, նուրբ և գեղեցիկ, դանդաղում է ժամանակի ընկալումը («ժամանակը կանգ է առնում»), փոխվում է տարածության ընկալումը (փոխվում են առարկաների, օբյեկտների չափերն ու համամասնությունները, նրանց միջև հեռավորությունը), փոխվում է «մարմնի սխեման»։
 

Վարքային խանգարումները դրսևորվում են երկու ձևով.

1. չափավոր հոգեշարժական գրգռվածություն
2. արգելակվածություն և շշմածություն

Առաջին տարբերակում դիտվում են կոորդինացիայի խանգարումներ, աննպատակ շարժումներ, ծամածռություններ, արագացած և անկապ խոսք։ Երկրորդ տարբերակում հիվանդներն արգելակված են, դանդաղաշարժ, ներպարփակված և ինքամփոփ։ Շփմանը դժվարամատչելի են, խոսքը «լղոզված» է։ Այս տարբերակները կարող են հաջորդել մեկը մյուսին։ Հաշիշային սուր թունավորման հավելյալ կարևոր նշաններից է խեժի բնորոշ հոտը (շորերից, սենյակից)։ Թունավորման հետագա խորացումը բերում է, մի կողմից, մանիակալ վիճակների դրսևորմանը, մյուս կողմից` սոպորոզ և կոմատոզ վիճակների առաջացմանը։

Ինտոքսիկացիոն փսիխոզներ։ Թունավորումից առաջացած խանգարումները երբեմն ձևավորում են տարբեր փսիխոտիկ վիճակներ` գիտակցության դելիրիոզ խանգարում (F 12.4) և գիտակցության մթնշաղային վիճակներ (F 12.5)։ Այս երկու վիճակներն էլ հնարավոր են և՛ «հարբածության», և՛ «դադարի» ժամանակ։ Տևում է մինչև 2-5 օր։ Դելիրիումին բնորոշ են ահաբեկող և սպառնացող ցնորքները, որոնք ուղեկցվում են վախի և սարսափի ապրումներով, ավերիչ և քայքայիչ գործողություններով, երևակայական հետապնդողներից պաշտպանվելով։ Գիտակցության մթնշաղն արտահայտվում է չպատճառաբանված գրգռվածությամբ, անիմաստ փախուստով, երբեմն՝ ագրեսիայով և հաջորդող ամնեզիայով։ Հնարավոր են նաև սուր պարանորդներ (F 12.5), հատկապես՝ քրոնիկական թունավորումների ժամանակ։ Աբստինենցիայի համախտանիշը ձևավորվում է, սովորաբար, թմրանյութերից հրաժարվելու երկրորդ-երրորդ օրը։ Արագ խորանում են անհանգստությունը, դյուրագրգռությունը, տագնապայնությունը։ Ի հայտ են գալիս վեգետատիվ ախտանիշներ` հիպերհիդրոզ, դող և այլն։ Խանգարվում է քունը, դառնալով ընդմիջվող, մակերեսային, մղձավանջային երազներով։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին