Թմրամոլություն` հալյուցինոգեն նյութերից առաջացած (կանեփի ածանցյալներ - հաշիշ, մարիխուանա և այլն)
Հալյուցինոգեն են համարվում այն նյութերն ու դեղամիջոցները, որոնք առաջացնում են ցնորքներ, պատրանքներ և զառանցանքներ։ Սրանց շարքին են դասվում շուրջ 100 տեսակ բույսեր և սինթետիկ նյութեր, որոնք պայմանական բաժանվում են հետևյալ խմբերի.
1. LSD (լիզերգինաթթվի դիէթիլամիդ) տիպի նյութերը, մեծ մասամբ, արհեստական սինթեզված նյութեր են։ Սակայն ինքը՝ LSD-ն, բնական նյութ է և ստացվել է հաճարժանգառի սնկամարմնից։ Այն ստացվել է 1938թ. Ա. Հոֆմանը՝ ծննդաբերական գործունեությունը խթանելու նպատակով։ Սակայն 1943թ. պատահականորեն պարզվեց, որ այն առաջացնում է բավականին արտասովոր ապրումներ, ինչի հիման վրա էլ այն առաջարկվեց որպես հոգեվերլուծությանը օժանդակող միջոց։
2. Տրիպտամինային հալյուցինոգեններ՝ դիմետիլտրիպտամին, պսիլոցին և պսիլոցիբին, որոնք պարունակվում են սնկերում։
3. β-կարբոլիններ` գարմին և գարմալին, որոնք արևադարձային ծագում ունեն և գործածում են Ամազոնկայի բնիկները որոշ կրոնական արարողությունների ժամանակ։
4. Աֆրիկյան ծագում ունեցող իբոգաին պարունակող բույսեր (ըստ կառուցվածքի մոտ են β—կարբոլինին)։
5. Ամֆետամինին նման նյութեր` մեսկալին (պարունակվում է որոշ կակտուսներում) և «էքստազի» (3.4-մետիլենդիոքսիմետամֆետամին)։
6. Բուսական ծագման խոլիներգիկ հալյուցինոգեններ` ատրոպին, սկոպալամին և սինթետիկ` ցիկլոդոլ, պարկոպան, արտան։ Խոլինոմիմետիկ ազդեցությամբ մուսկարինը պարունակվում է որոշ սնկերում (ճանճասպան)։
7. Կեղծ հալյուցինոգեններ` ֆենցիկլին, կետամին, կալիպսալ, որոնք անեստետիկներ են և կիրառվում են վիրահատությունների ժամանակ։
8. Կանեփի ածանցյալներ (հաշիշ, մարիխուանա)։

Վերոնշյալ նյութերը միավորված են հալյուցինոգենների տարատեսակ խմբերում հետևյալ հատկությունների շնորհիվ` առաջացնում են բազմազան, գերազանցապես տեսողական և լսողական, շատ վառ և գունեղ ցնորքներ։ Շատ բնորոշ է սինեսթեզիայի երևույթը։ Սուր թունավորումը սկսվում է պատրանքներից  դեռեալիզացիայի ֆոնի վրա (հատկապես, աղավաղվում են ժամանակի և իրականության զգացողությունը, հայտնվում են «այլ աշխարհում»), ուղեկցվում է դեպերսոնալիզացիայի երևույթներով, անսովոր հուզական վիճակով, որը բնութագրվում է հիացմունքի և սարսափի զուգակցումով (էյկնոյա)։ Ապրումների բովանդակությունն ուղղակիորեն բխում է թե′ մարդու հոգեկան վիճակից, թե′ միջավայրից։ Հալյուցինոգենների ազդեցության ներքո մարդիկ դառնում են չափազանց ներշնչվող։

Աբստինենցիայի համախտանիշը (F16.3), հաճախ, դժվար է տարբերակել թունավորումից հետո դիտվող ասթենիայից։ Այս վիճակներին բնորոշ են թախծոտ տրամադրությունը, արագ հյուծվածությունը, դիսթիմիկ ռեակցիաները, քնի խանգարումները։
 



Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին