Թիրեոիդիտը վահանագեղձի բորբոքային հիվանդություն է, որը, եթե զարգանում է մինչ այդ մեծացած վահանագեղձի ֆոնի վրա, կոչվում է ստրումիտ։

Տարբերում են.
1. սուր,
2. ենթասուր
3. աուտոիմուն ձևերը։


Սուր թիրեոիդիտ։ Երեխաների մոտ հանդիպում է հազվադեպ։ Կարող է զարգանալ երկրորդային ձևով ցանկացած հիվանդությունից հետո (անգինա, գրիպ, կարմրուկ, ջրծաղիկ, թոքաբորբեր և այլն), երբ վիրուսը կամ մանրէն թափանցում են վահանագեղձի մեջ և նպաստում թարախակույտի գոյացմանը։ Սուր վաձանագեղձաբորբը կարող է ընթանալ նաև առանց թարախակույտի գոյացման։

Կլինիկան։ Սուր թիրեոիդիտի ժամանակ պարանոցի շրջանում ցավեր են առաջանում, որոնք կարող են ուժեղանալ կլման ժամանակ։ Ջերմությունը հասնում է 38-39°-ի, ախտահատուկ են գլխացավերը, հաճախասրտությունը, գերքրտնությունը և ընդհանուր թուլությունը։ Վահանագեղձը մեծանում է, պնդանում։ Երբեմն նկատվում է ֆլուկտուացիա։ Չափազանց մեծանալու դեպքում գեղձը կարող է ճնշել շնչափողի վրա՝ առաջացնելով շնչարգելության և կլման դժվարության նշաններ։ Սուր թիրեոիդիտի առավել վտանգավոր բարդություններ կարող են առաջանալ, եթե թարախը գեղձից ներհոսի շնչափողի (ասպիրացիոն թոքաբորբ) կամ միջնորմի մեջ (մեդիաստինիտ)։ Ախտորոշվում է հիվանդի անամնեզի և զննման տվյալների հիման վրա։ Արագանում է էրիթրոցիտների նստեցման արագությունը, զարգանում է ձախ թեքումով լեյկոցիտոզ։ Արյան շիճուկում թիրեոիդային հորմոնները սովորաբար լինում են նորմայի սահմաններում, իսկ ծանր դեպքերում, երբ զարգանում են հիպոթիրեոզի նշաններ, նրանք կարող են նվազել։

Բուժումը։ Նշանակում են հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդներ, սալիցիլատներ, ինչպես նաև գլյուկոկորտիկոիդներ։ Թարախային թիրեոիդիտների դեպքում դիմում են վիրաբուժական միջամտության։

Ենթասուր թիրեոիդիտ։ Վահանագեղձի բորբոքման սակավ հանդիպող ձևերից է։ Հաճախ լինում է գրիպից կամ անգինայից հետո։ Սկսվում է սուր, սակայն ընթանում է ենթասուր ձևով։ Հիվանդները գանգատվում են վահանագեղձի շրջանի ցավերից, որոնք հաճախ ճառագայթվում են դեպի ականջները և ծոծրակը։ Ունենում են ջերմություն, լեյկոցիտոզ, էՆԱ-ի արագացում։ Վահանագեղձը շոշափելիս ցավոտ է և պնդացած։ Արյան մեջ ավելանում են սպիտակուցների հետ կապված յոդն ու թիրեոգլոբուլինը։ Փորձնական ստուգման ժամանակ վահանւսգեղձը ոադիոակտիվ յոդը թույլ է կլանում։ Ենթասուր թիրեոիդիտը անհրաժեշտ է տարբերակել սուր թիրեոիդիտից, տարածուն թունային խպիպից, ադենոմայի արյունազեղումից, իսկ ավելի ուշ՝ քրոնիկական թիրեոիդիտից և վահանագեղձի քաղցկեղից։

Բուժումը։ Տալիս են կորտիկոստերոիդներ, աստիճանաբար կրճատելով նրանց դեղաչափը մինչև ցավային ախտանիշի վերացումը։ Նպատակահարմար է գլյուկոկորտիկոիդների հետ միաժամանակ նշանակել նատրիումի սալիցիլատ դարձյալ աստիճանաբար փոքրացվող դեղաչափերով։ Հիվանդության ռեցիդիվի դեպքում խորհուրդ է տրվում կրկնել բուժման կուրսը, փոխելով գլյուկոկորտիկոիդի տեսակը։ Թիրեոստատիկ պատրաստուկներով բուժումն արդյունավետ չէ։

Աուտոիմուն թիրեոիդիտ։ Այլ կերպ կոչվում է Խաշիմոտոյի խպիպ։ Թիրեոիդիտների առավել հաճախ հանդիպող ձևերից է։ Զարգանում է վահանագեղձի տարածուն լիմֆոցիտային ինֆիլտրացիա, շարակցահյուսվածքային փոփոխություններ և ֆոլիկուլային բջիջների հետաճ։ Քրոնիկական թիրեոիդիտի պատճառագիտության մեջ որոշակի դեր են խաղում իմունաբանական բնածին խանգարումները։ Ենթադրվում է, որ վահանագեղձում առաջնային փոփոխություններ են առաջանում, երբ թիրեոիդային հակածնով աուտոիմունացվում է օրգանիզմը, այսինքն, թիրեոգլոբուլինի նկատմամբ աուտոհակամարմիններ մշակվում։ Վահանագեղձում լինում են հորմոնագոյացման փոփոխություններ, որոնց հետևանքով աուտոիմուն մեխանիզմները առաջ են բերում գեղձի գերաճ։ Ախտանշանները զարգանում են դանդաղ։ Վահանագեղձը չի հասնում մեծ չափերի, ուստի բացակայում են հարակից օրգանների վրա ճնշման ախտանիշները։ Գեղձը լինում է պնդացած։ Հիվանդության կարևոր նշաններից է հիպոթիրեոզը, որ սկզբում լինում է թույլ արտահայտված։ հիվանդի ջերմությունը չի բարձրանում, ավշագեղձերը չեն մեծանում։ Հայտնաբերվում են աուտոհակամարմիններ թիրեոգլոբուլինի և թիրեոիդային միկրոսոմների նկատմամբ։ Ավելանում է գամագլոբուլինների քանակը։ Պակասում են արյան մեջ ներզատական թիրեոիդային հորմոնները։ Աուտոիմուն թիրեոիդիւոը անհրաժեշտ է տարբերակել դե Կերվենի թիրեոիդիտից և Ռիդլի խպիպից։ Դժվարությունների դեպքում կատարում են վահանագեղձի բիոպսիա։ Աուտոհակամարմինների բարձր տիտրի առկայությունը և բիոպսիայի տվյալները թույլ են տալիս հաստատել ախտորոշումը։

Բուժումը։ Հիմնական եղանակը թիրեոիդային պատրաստուկների և կորտիկոստերոիդների երկարատև օգտագործումն է։ Դեղաչափերը տրվում են տարիքին համապատասխան։ Վահանագեղձի արագ գերաճի, անարդյունավետ բուժման, վահանագեղձի ուռուցքի կամ թիրեոտոքսիկոզային ադենոմայի և աուտոիմուն թիրեոիդիտի զուգակցման դեպքում դիմում են վիրաբուժական միջամտության։

Թիրեուդիտ փայտանման (քրոնիկական ֆիբրոզ ռիդլի)
Բնորոշվում է վահանագեղձի և պարանոցի շրջակա հյուսվածքների դանդաղ, բայց հարաճուն զարգացող թելավոր կամ կոլագենային շարակցահյուսվածքային պնդացումով։ Մանկական տարիքում խիստ հազվադեպ է հանդիպում։ Պատճառը և ախտածագումը դեռևս պարզ չէ։ Հիվանդությունը սկսվում և ընթանում է աննկատ։ Կլինիկական ախտանիշները պայմանավորված են շնչափողի, որկորի և հետադարձ նյարդի վրա մեծացած և կարծրացած վահանագեղձի գործադրած մեխնիկական ճնշումով։ Բնորոշ է, որ ավշահանգույցները չեն մեծանում։ Երբեմն լինում են հիպոթիրեոզի նշաններ։ Տարբերակում են Խաշիմոտոյի խպիպից և վահանագեղձի չարորակ կազմափոխությունից։

Բուժումը վիրահատական է։ Վահանագեղձի հեռացումից հետո զարգացող թերֆունկցիայի դեպքում թիրեոիդային պատրաստուկներ են տրվում։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին