Թիմոզինը էական դեր է խաղում 7 լիմֆոցիտների գոյացման, նրանց տարբերակման և բջջաթաղանթների ֆերմենտների ակտիվացման համար։ Պետք է նշել, որ մինչև օրս թիմոզինի դերը օրգանիզմի նյարդաէնդոկրին գործունեության պրոցեսներում դեռևս վերջնականապես պարզված չէ։ Մանկաբույժներին կարևոր է իմանալ ուրցագեղձի գերաճման հետևանքով զարգացող թիմիկոավշային վիճակը, որը բնածին կոնստիտուցիոնալ բնույթ ունի։ Պատճառը վերջնականապես պարզ չէ։ Ճշտված է միայն, որ այս վիճակում ընկնում է խոլինէսթերազա ֆերմենտի ակտիվությունը։ Վերջինիս հետևանքով դժվարանում է նորածինների ներշնչումը, ըստ որում ուրցագեղձի նկատելի գերաճման դեպքում երեխան կարող է նույնիսկ մահանալ։ Ուրցագեղձի չափավոր գերաճման ժամանակ զարգանում է ուրցա-ավշային վիճակի պատկեր։ Այս դեպքում երեխայի մաշկը գունատ է, մազերը փափուկ, թորշոմած, ենթամաշկային բջջանքը լավ զարգացած, դեմքը այտուցված, մկանների տոնուսը ընկած, վերջույթները ինչ-որ չափով երկարած։

Երեխաները շուտ են հոգնում, անգինաների, տրախեիտների, կոնյունկտիվիտների, մաշկախտության, կապտուկի կամ կոլապսի նկատմամբ ունեն հակում։ Արյան մեջ նորմայից ավելի են լիմֆոցիտները։ Ռենտգենյան քննությունը հաճախ տալիս է «կաթիլային սրտի» պատկեր։ Որոշակի տեղ է տրվում մակերիկամների կեղևի անբավարարությանը և մեծացած ուրցագեղձի կողմից շնչական օրգանների և թափառող նյարդի վրա գործադրած ճնշմանը։ Նորածինների մինչև 50%-ի մոտ նկատվող ուրցագեղձի մեծացումը որոշ մանկաբույժներ արտաքին աշխարհի նոր գործոնների նկատմամբ օրգանիզմի հարմարման արտահայտություն են համարում։ Ախտորոշումը կատարում են երեխաների արտաքին տեսքի և առանց որոշակի պատճառի առաջացող կոլապսային կամ կապտուկային վիճակների առաջացման հիման վրա։ Ախտածագման մեկնաբանումները խիստ հակասական են: Կրծոսկրի անրակային հատվածում բախելիս երբեմն կարելի է հայտնաբերել բթացում, առանձին դեպքերում բնածին կոկորդային ստրիդոր, թոքերի տարածված ատելեկտազներ։ Ոչ միշտ, բայց բնորոշ տվյալներ կարող է տալ ռենտգենյան նկարահանումը (առագաստաձև ստվեր)։

Բուժումը։ Նկատի ունենալով, որ նման հիվանդների վիճակը կարող է ծանրանալ սուր վարակային հիվանդությունների և վիրահատումների շրջանում, բժիշկն անպայման պետք է նշանակի կորտիկոստերոիդներ։ Մեխանիկական ճնշման երևույթների առկայության դեպքում կորտիկոստերոիդները տալիս են 2 շաբաթից ոչ ավելի։ Ռենտգենաբուժությունը հակացուցված է։ 2-3 տարեկաններին պետք է տալ քիչ ճարպեր, ավելի շատ՝ կաթ, կարտոֆիլ, գազար և վիտամիններ։ Անհրաժեշտ է սահմանել դիսպանսեր հսկողություն։ Ադենոիդները և նշիկները հեռացնելիս պետք է զգույշ լինել։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին