Նկարագրություն
Տենիիդոզները ճիճվային հիվանդություններ են, որոնք առաջացնում են տափակ որդերը` տենիիդները (երիզորդներ): Մարդու օրգանիզմում տարբերում են տենիիդոզների 2 ձև` տենիարինխոզ, որի հարուցիչը եզան երիզորդն է, և տենիոզ, որը հարուցում է խոզի երիզորդը:

Պատճառներ
Եզան կամ խոզի երիզորդները մակաբուծում են մարդու բարակ աղիքներում և ծծիչների միջոցով ամուր կպչում աղիքի պատի լորձաթաղանթին: Երիզորդների հասուն հատվածիկները (երիզորդների մարմինը կազմված է առանձին հատվածիկներից), որոնք պարունակում են ձվերով լցված արգանդ, պոկվում են մարմնից և ընկնում արտաքին միջավայր: Եզան երիզորդի հատվածիկները կարող են ակտիվորեն սողալ հետանցքից, իսկ խոզի երիզորդի հատվածիկները դուրս են գալիս միայն արտաթորանքի հետ: Ձվերի հետագա զարգացումը հնարավոր է միայն կենդանիների օրգանիզմում, որոնք միջնորդ են հանդիսանում: Երբ միջնորդ տերը կուլ է տալիս ձվերը, դրանցում գտնվող սաղմն ազատվում է թաղանթներից, թափանցում արյան հոսք և տարվում մկաններ, որտեղ փոխարկվում է թրթուրի` ցիստիցերկի: Վերջնական տիրոջ` մարդու աղիքներում վերջինիս զարգացումը տևում է 3-3,5 ամիս, երբ մարդն օգտագործում է թրթուրներով վարակված կենդանու անբավարար եփած կամ տապակած միսը: Հասուն երիզորդները մարդու աղիքներում ապրում են մի քանի տարի:

Պաթոգենեզ
Երիզորդների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա արտահայտվում է աղիքների նյարդային հանգույցների գրգռմամբ, և, կարևորը, աղիքներից սննդարար նյութերի կլանմամբ: Նկատվում են ախորժակի կորուստ, սրտխառնոց, երբեմն` փսխում, թքահոսություն, ընդհանուր թուլություն, գլխացավ, գլխապտույտ: Հաճախ հիվանդության միակ ախտանշանը երիզորդի հատվածիկների արտազատումն է:

Բուժում
Տենիիդոզ հիվանդության բուժումը կատարվում է հիվանդանոցում: Հիվանդության ելքը բարենպաստ է, բայց առանց բուժման ընթացքը շատ երկարատև է: Ախտորոշումը կատարվում է արտաթորանքում երիզորդի հատվածիկների հայտնաբերմամբ:

Կանխարգելում
Տենիիդոզ հիվանդության կանխարգելման հիմնական միջոցը հիվանդների հայտնաբերումն ու բուժումն է, քանի որ վարակված մարդը հիվանդության տարածման աղբյուր է հանդիսանում: Պետք է օգտագործել միայն անասնաբուծական հետազոտության ենթարկված միս: Միսը համարվում է վարակազերծված, եթե եփելուց հետո կտրելիս մոխրագույն է (տավարի միս) կամ սպիտակ (խոզի միս), իսկ մսից կաթող հյութն առանց արյան խառնուրդի է:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին