Հարուցիչը եզան երիզորդն է։ Սա մարդու ամենախոշոր հելմինթներից է, որի երկարությունը հասնում է 6-7 մետրի, լայնությունը՝ 1-2 մմ։
Եզան երիզորդի վերջնական տերը մարդն է, իսկ միջանկյալը՝ խոշոր եղջերավոր անասունները։
Հասուն հելմինթը պարազիտային կյանք է վարում բարակ աղիքներում։ Ձվերով լցված հասուն անդամիկներն անջատվում են պարազիտից և դուրս գալիս արտաքին միջավայր։ Անդամիկների արտազատումը կարող է տեղի ունենալ ոչ միայն արտաթորման ժամանակ, այլև հետանցքից՝ ինքնուրույն ձևով։

Սաղմը ձևավորվում է եզան երիզորդի ձվերում, այդ իսկ պատճառով արտաքին միջավայրում նա այլևս զարգացման չի ենթարկվում։ Որպեսզի սաղմը դառնա հարսնյակ, անհրաժեշտ է, որ երիզորդի ձվերն ընկնեն խոշոր եղջերավոր անասունների օրգանիզմը։ Կենդանու աղիքներում անդամիկները մարսվում են, օնկոսֆերան ձվից դուրս է գալիս, աղիքի պատով անցնում արյան կամ ավշի մեջ և տարածվում օրգաններում ու հյուսվածքներում։ Օնկոսֆերաների հիմնական զանգվածը տեղակայվում է միջմկանայհն շարակցական հյուսվածքում, որտեղ շարունակում է աճել ու վերափոխվել հարսնյակների՝ ֆինաների կամ ցիստիցերկների։ Ցիստիցերկի կյանքի տևողությունը 3-6 տարի է։

Մարդը եզան երիզորդով վարակվում է սննդի մեջ հում կամ լավ չեփված, չտապակված և կենսունակ ֆինաներ պարունակող տավարի մսից։

Մարդու աղիքներում մարսողական հյութերի և լեղու ազդեցության տակ ֆինայի մեջ գտնվող սկոլեքսը դուրս գալով իր պարկից, կպչում է աղիքի լորձաթաղանթին։ Անդամիկները սկսում են աճել գլխիկից և 2-3 ամիս հետո զարգանում է հասուն պարազիտը, որն ապրում է մի քանի տասնյակ տարի։

Մարդու օրգանիզմում մեծ մասամբ հանդիպում է 1 եզան երիզորդ, բայց կարող են լինել և մի քանիսը։

Սկզբնական շրջանում հիվանդությունն ընթանում է առանց նշանների։ Հետագայում առաջ են գալիս ոգնածություն, գլխապտույտ, մարմնի զանգվածի կորուստ, սրտխառնություն, առավոտյան ցավեր էպիգաստրալ շրջանում, երբեմն՝ փսխում։ Կարող է լինել լուծ կամ փորկապություն։ Ախտորոշումը կատարվում է կղանքի քննությամբ։ Հաճախ հիվանդն ինքն է հայտնաբերում սպիտակ, լապշայի նմանվող անդամիկների արտազատումը։

Բուժումը։ Նույնն է, ինչ հիմենոլեպիդոզի ժամանակ։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին