Ջլերի ձուսպային յուրաքանչյուր բունոց իրենից ներկայացնում է շարակցահյուսվածքային թաղանթ, որի 2 թերթիկները շրջապատում են մկանների ջլերը` գոյացնելով փակ խոռոչ: Ընդ որում` ներքին թերթիկը սերտաճած է ջլին: Թերթիկների միջև` խոռոչում, կա ձուսպային հեղուկ, որը թեթևացնում է ջլի սահումը: Այդ ջլերի ձուսպային բունոցների բորբոքումը իրենից ներկայացնում է տենդովագինիտ (ջլաբունոցաբորբ):

Պատճառներ
Ջլերի ձուսպային բունոցների բորբոքումն առաջանում է ջլաբունոցների մեջ թարախածին մանրէների ներթափանցման հետևանքով` շրջապատող հյուսվածքների վերքերի, թարախային հիվանդությունների ժամանակ: Տենդովագինիտը կարող է առաջանալ նաև առանց վարակի մասնակցության` ջլի գերբեռնվածությունից: Դա լինում է կայուն` մասնագիտության հետ կապված (օրինակ` ջութակահարի), կամ կարճատև (լվացքը քամելիս, եթե մարդը սովոր չէ այդ աշխատանքին):

Պաթոգենեզ
Տենդովագինիտը առաջանում է հիմնականում դաստակի, ճաճանչադաստակային, հազվադեպ` ծնկային և արմնկային հոդերում, ավելի հազվադեպ` ոտնաթաթի շրջանում:
Սուր թարախային տենդովագինիտը առավել հաճախ ախտահարում է ձեռքի մատները: Դա բունոցային մատնաշունչն է, որի դեպքում թարախակալումը կարող է արագ տարածվել ափի ջլաբունոցի և նախաբազկի վրա` սպառնալով ծանր բարդությունների առաջացմանը` մատների կռկվածությունից մինչև արյան վարակում: Թարախային տենդովագինիտի ախտանշաններն են սուր ցավերը, որոնք չնչին շարժումներից խիստ ուժեղանում են, ուռածությունը, ջլի ընթացքով, տենդային վիճակը: Գերբեռնվածության հետ կապված տենդովագինիտի ժամանակ ցավերը սուր չեն, բայց շարժումները ցավոտ են: Ընդհանուր վիճակը չի խանգարվում, սակայն առանց ճիշտ բուժման այդ տենդովագինիտը կարող է հանգեցնել շարժումների կայուն սահմանափակման կամ անցնել քրոնիկական ձևի:

Բուժում
Տենդովագինիտը բուժում է բժիշկը: Ժամանակին սկսած բուժումն ավելի արդյունավետ է: Թարախային տենդովագինիտի ժամանակ, առանձին դեպքերում, պահանջվում է վիրահատական միջամտություն: Գերբեռնվածության հետևանքով առաջացած տենդովագինիտի ժամանակ վիրահատական միջամտության կարիք չի զգացվում, և բժիշկը սահմանափակվում է ջերմային և այլ բուժարարողություններ ու հանգիստ նշանակելով:

Կանխարգելում
Վարակային տենդովագինիտի կանխարգելման համար անհրաժեշտ է ձեռքերի մաքրության պահպանում, միկրովնասվածքների ժամանակին բուժում և անձնական հիգիենայի կանոնների պահպանում:
Մասնագիտական տենդովագինիտի կանխարգելման համար աշխատանքի ժամանակ պետք է ընդմիջումներ անել և ձեռքերին հանգիստ տալ:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին