Սինուսային հանգույցի վրա դրդող ազդեցություն են թողնում.
 * սիմպաթիկ նյարդային համակարգի տոնուսի բարձրացումը (հոգեհուզական սթրես, ցավային համախտանիշ),
 * հիպերթիրեոզը,
 * սինուսային հանգույցը սնող զարկերակի աթերոսկլերոտիկ փոփոխությունները,
 * տենդը,
 * սակավարյունությունը,
 * հիպօքսեմիան,
 * խրոնիկական տոնզիլիտը,
 * կոֆեին և ալկոհոլ պարունակող խմիչքներ չարաշահելը։

Հազվադեպ սինուսային տախիկարդիան առաջանում է սրտի ծանր ախտահարումների ժամանակ (միոկարդիտներ, կարդիոմիոպաթիաներ, սրտի ուռուցքներ, սրտային անբավարարություն)։

ԷՍԳ պատկեր. սրտի կծկումների հաճախությունը 100-180 մեկ րոպեում, ռիթմը կանոնավոր, ատամիկների և կոմպլեքսների հաջորդականությունը խախտված չէ, սինուսային ծագման P ատամիկների ձևը փոփոխված չէ։ Արտահայտված սինուսային տախիկարդիայի ժամանակ P ատամիկները միաձուլվում են դրանց նախորդող T ատամիկների հետ, և այդ դեպքում անհրաժեշտ է տարբերակել նախասրտային ու փորոքային պարոքսիզմային տախիկարդիաներից։ Սինուսային տախիկարդիային բնորոշ է այն, որ թափառող նյարդը դրդող փորձերը (քնային ծոցի մերսում, Վալսալվայի փորձ) որոշ ժամանակով դանդաղեցնում են ռիթմը, և ԷՍԳ-ի վրա հայտնաբերում են P ատամիկներ։

Բուժական միջոցառումներն ուղղված են պատճառային գործոնի դեմ։ Երբեմն անհրաժեշտ է նշանակել β-ադրենապաշարիչներ. 10-20 մգ պրոպրանոլոլ՝ ներքին ընդունման՝ օրը 2-3 անգամ (դեղաչափը կարելի է բարձրացնել մինչև օրը 120 մգ։

 

Սկզբնաղբյուրը՝ "Ներքին հիանդություններ"

Նազարեթյան Է. Ե., Գասպարյան Ա. ՅՈՒ.

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին