Աորտայի և նրանից սկզբնավորող ճյուղերի մոտակա հատվածների համակարգային անոթաբորբն է։ Ելնելով տեղակայումից, առանձնացնում են հիվանդության չորս տիպ.
1. աորտայի աղեղի և նրա ճյուղերի ախտահարում,
2. կրծքային և որովայնային աորտայի ու նրանցից սկզբնավորվող զարկերակների ախտահարում,
3. խառը,
4. նշված տիպերի մեկի զուգակցումը թոքային զարկերակի ախտահարման հետ։

Հիվանդությունը հաճախ սկսում է 10-20 տարեկանում։ Ավելի հաճախ հիվանդանում են աղջիկները։ Նախադպրոցական տարիքի երեխաները հազվադեպ են հիվանդանում։ Մեծ մասամբ հիվանդությունը սկսվում է սուր։ Առաջին ախտանիշներն են տենդը, ախորժակի բացակայությունը, մկանային և հոդային ցավերը, հեմոռագիկ կամ հանգուցավոր (նոդոզ) ցանը, չափավոր լեյկոցիտոզը, ԷՆԱ-ի բարձրացումը։ Հիվանդության զարգացման հետ հայտնվում է արյան շրջանառության տեղական պակասի համախտանիշը։ Առանձնացնում են հիվանդության երեք ամենաբնորոշ համախտանիշ՝ սրտանոթային (կարդիովասկուլյար), նյարդային և որովայնային։ Հիվանդության համեմատաբար մշտական ախտանիշներն են հաճախասրտությունը, սիստոլային աղմուկը, սրտի ձախ սահմանների լայնացումը՝ կապված սրտամկանի հիպերտրոֆիայի հետ։ Առանձին դեպքերում լինում է սրտամկանաբորբ և պսակաձև անոթների բորբոքում (կորոնարիա)։ Տակայասուի հիվանդության բնորոշ ախտանիշը պուլսի անհամաչափությունը և բացակայությունն է։ Հաճախ` կապված խոշոր զարկերակների նեղացման և կողմնաճյուղային շրջանառության հետ, լսվում են անոթային աղմուկներ։ Երիկամային զարկերակների ախտահարման դեպքում զարգանում է զարկերակային հիպերտոնիա։ Նյարդաբանական փոփոխություններն արտահայտվում են ուղեղային արյան շրջանառության խանգարումներով և ռետինոպաթիայի երևույթներով ուղեկցվող տեսողության վատացումով։ Որովայնային աորտայի ախտահարման դեպքում առաջանում են որովայնի նոպայաձև ցավեր, փսխում, լուծ։ Որովայնային աորտայի անևրիզմաների ժամանակ որովայնի խոռոչում կարելի է շոշափել պուլսացնող գոյացություն, որի վրա աղմուկ է լսվում։

Հիվանդության քրոնիկական ընթացքի դեպքում հիվանդը շատ չի տուժում։ Որոշ հիվանդների մոտ նկատվում են գլխապտույտներ և, հորիզոնական դիրքից ուղղահայաց դիրքի անցնելու դեպքում, ուշագնացություն, տեսողության վատացում, վերջույթների սակավարյունության երևույթներ։

Հիվանդի քննության ժամանակ կարելի է հայտնաբերել պուլսի և արյան ճնշման անհամաչափություն կամ բացակայություն, անոթային աղմուկներ, կողմնաճյուղային անոթների (կոլատերալներ) ուղղությամբ, երբեմն, զարկերակային հիպերտոնիա։

Բուժումը։ Հիվանդության սուր ընթացքի դեպքում նշանակում են պրեդնիզոլոն, հակամակարդիչ և կողմնաճյուղային անոթների արյան շրջանառությունը բարելավող միջոցներ: Ըստ ցուցումների կատարվում են անևրիզմայի հատում, անոթային պլաստիկա։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին