Մարդկանց և, հատկապես երեխաների համար վտանգ են ներկայացնում կարիճները, սարդերը (կարակուրտ), կրետները, իշամեղուները, մեղուները։

Կարիճների խայթումից հետո խայթման տեղում առաջանում է սուր տանջալից ցավ, այտուցվածություն և գերարյունություն, երբեմն նաև շճային պարունակությամբ մակերեսային բշտեր։ Թունավորման առաջացումը պայմանավորված է թույնի պարունակության մեջ մտնող ցածրամոլեկուլյար սպիտակուցներով, որոնք օժտված են նյարդաթունային ազդեցությամբ, ինչպես նաև կենսաբանորեն ակտիվ նյութերով (հիստամին, սերոտոնին և այլն)։ Թունավորման ախտանիշներից են ընդհանուր տկարությունը, գլխապտույտը, գլխացավը, սարսուռը, հևոցը, հաճախասրտությունը։ Ծանր դեպքերում նկատվում է անհանգստություն, որը փոխարինվում է քնկոտությամբ, առատ քրտնարտադրությամբ, վերջույթների դողով։ Որոշ երեխաների մոտ կարող են հայտնվել բրոնխոսպազմի ախտանիշներ, ջերմություն, առատ արտադրություն քթից։
Իշամեղուների, մեղուների խայթումների դեպքում խայթման տեղում նկատվում է խիստ ցավոտություն, չափավոր գերարյունություն և այտուց։ Ծանր տեղային և, հատկապես, ընդհանուր ռեակցիաները, որպես կանոն, պայմանավորված են իշամեղվի կամ մեղվի թույնի նկատմամբ եղած ալերգիայով։ Թունավորման ծանրության աստիճանը կախված է նաև թույնի չափից, այսինքն՝ խայթումների քանակից։ Հատկապես ուժեղ են արտահայտվում այտուցները դեմքի կամ պարանոցի խայթումների ժամանակ։ Աչքի խայթման դեպքում զարգանում են արտակարգ ուժգին ցավեր, կոնյուկտիվիտ, բլեֆարիտ, արցունքահոսություն, լորձաթարախային արտադրություն, աչքի ճեղքը փակվում է։ Խիստ արտահայտված այտուցներ են լինում նաև բերանի, շրթունքների խայթումների ժամանակ (երբ մեղուները, կրետները, իշամեղուները ընկնում են մեղրի, մուրաբայի, կոմպոտների և այլ քաղցրեղենի մեջ)։
 
Թունավորման ընդհանուր ախտանիշները սովորաբար զարգանում են բազմաթիվ խայթումների ժամանակ։ Այն արտահայտվում է ջերմությամբ, գլխացավով, հաճախասրտությամբ, հևոցով, սարսուռով։ Նկարագրված են առանձին առանձնահատուկ ծանր դեպքեր, երբ հիվանդների մոտ զարգացել է հեմոլիզ, արյան ճնշման անկում, ցնցումներ, շնչառության դժվարացում և այլն։

Նկարագրված են նաև ծանր ալերգիկ ռեակցիաներ, որոնք ուղեկցվել են եղնջացանով, Կվինկեի այտուցով, բրոնխոսպազմի համաշտանիշով և, անգամ, անաֆիլաքսային շոկով ու մահացու ելքով։

Բուժումը։ Կարիճների խայթման ժամանակ տեղում այտուցի և բորբոքային ռեակցիայի թուլացման նպատակով դրվում են ճարպային քսուքներով վիրակապեր (գիոքսիզոն, պրեդնիզոլոնային քսուք և այլն): Ընդհանուր թունավորման վերացման նպատակով կիրառում են խոլինալուծիչ նյութեր (ենթամաշկային ատրոպինի սուլֆատ) և ադրենալուծիչներ (էրգոտամինի կամ ռեդերգամի ենթամաշկային սրսկումներ)։ Թաղանթաթևավորների խայթումների ժամանակ, առաջին հերթին, անհրաժեշտ է խայթման տեղից հեռացնել խայթոցը, քանի որ խայթոցից, դեռևս որոշ ժամանակ, շարունակվում է անջատվել թույն։ Այնուհետև խայթման տեղը մշակում են սպիրտով կամ օղիով և դնում սառը։ Ալերգիկ ռեակցիաների դեպքում նշանակում են կալցիումի քլորիդի լուծույթ, հակահիստամինային միջոցներ, գլյուկոկորտիկոիդներ, ասկոռուտին։ Միջոցներ են ձեռնարկվում արյան ճնշման իջեցման և սրտի գործունեության թուլության դեմ։

Թունավորումը զարգանում է օձի թույնի ներգործության հետևանքով։ Օձի խայթման ժամանակ թույնն արտահոսական ծորաններով և ատամնամղանցքով արտանետվում է մարդու օրգանիզմ։ Պետք է հիշել, որ օձերը մարդու վրա չեն հարձակվում։ Նրանք խայթում են միայն ինքնապաշտպանության նպատակով, երբ մարդը պատահական տրորում է նրանց կամ ձեռքով բռնում։

Օձերի մոտ այս կամ այն թույնի գերակշռումից կախված կարելի է առանձնացնել թույների 2 հիմնական խմբեր՝ արյունաանոթաթունային (իժ և բոժոժավոր օձեր) և նյարդաթունային (կոբրա)։

Կովկասի, Անդրկովկասի տարածքում ամենից հաճախ հանդիպում են իժերը։ Շատ ավելի տարածված են սովորական, տափաստանային, կովկասյան և պնչեղ (մեծադունչ) իժերը։ Ամենավտանգավորը գյուրզան է, որը հանդիպում է նաև Անդրկովկասում։ Այդ օձերի թույներն օժտված են արյունամակարդիչ հատկություններով, ուստի խայթումից հետո զարգանում է թրոմբոհեմոռագիկ կամ ֆիբրինոլիտիկ համախտանիշ, որն արտահայտվում է արյան ներանոթային տարածուն մակարդումով։ Թունավորման ախտածագման մեջ մեծ նշանակություն ունի նաև իժային օձերի թույնի արյունալուծի ազդեցությունը։ Թույնի տարածումն օրգանիզմում գերազանցապես տեղի է ունենում ավշային ուղիներով, սակայն հնարավոր է նաև արյան հոսքի և նույնիսկ նյարդաթելերի ուղղությամբ։

Թունավորման կլինիկական պատկերը կախված է խայթող օձի տեսակից ու չափերից, գրգռվածության աստիճանից, արտանետվող թույնի քանակից, երեխայի տարիքից ու մարմնի զանգվածից, առողջության վիճակից, խայթման տեղակայումից, այն հյուսվածքների անոթավորման աստիճանից, որտեղ հայտնվել է թույնը, ինչպես նաև ժամանակին ու ճիշտ կատարվող բուժումից։ Շատ ավելի վտանգավոր են օձերի խայթումները պարանոցի, դեմքի, գլխի մազածածկ մասերում։

Խայթման տեղում անմիջապես առաջանում է ուժեղ ցավ, իսկ մի քանի րոպե հետո արյունահոսական այտուց է զարգանում։ Խայթման տեղի շուրջն առաջանում են շճային կամ արյունային պարունակությամբ բշտեր և արյունազեղումներ։ Եթե խայթման տեղը տեղակայված է վերջույթի վրա, ապա այտուցվում է վերջույթը, որը հաճախ, տարածվելով, ընդգրկում է նաև իրանը։ Հյուսվածքների այտուցն ուղեկցվում է լիմֆադենիտով և լիմֆանգիտով։ Առաջին 20-30 րոպեներին զարգանում են շոկի երևույթներ՝ թուլություն, քնկոտություն, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, հնարավոր է նաև գիտակցության կորուստ։ Ծանր դեպքերում զարգանում է ներանոթային տարածուն մակարդման պատկեր։ Մահ կարող է առաջանալ սիրտ-անոթային կամ պարենխիմատոզ օրգանների սուր անբավարարությունից։

Նյարդաթույնի հիմնական ազդող գործոնը նրա կուրարեանման ներգործությունն է։ Կոբրայի թույնը առաջացնում է ռեֆլեքսային գործունեության խանգարում, թերլուծանքներ և պարալիզներ։ Թույնի նկատմամբ առանձնահատուկ զգայնություն ունեն ուղեղի կոճղեզային կենտրոնները և ողնուղեղը։ Կլինիկական պատկերը խայթման տեղում արտահայտվում է այրող ցավի առաջացումով, որը ,սակայն, մի քանի ժամ հետո թուլանում է։ Խայթումից գրեթե անմիջապես հետո զարգանում է բուռն թունավորում։ Խանգարվում է շարժումների կոորդինացիան, նկատվում է թուլություն, անհանգստություն։ Բավականին արագ զարգանում են շնչառության դժվարացում, սրտխառնոց, փսխում, թքազատություն, կլման խանգարում։ Արագ հարաճում է շարժողական մկանունքի վերընթաց պարալիզը։ Նկատվում է սրտի գործունեության թուլացում, ինքնակամ միզարձակություն և կղում։ Մահը տեղի է ունենում շնչառության դադարից։

Բուժումը։ Հիվանդին պետք է տալ առավելագույն հանգիստ։ Հեղինակների մեծ մասն առաջարկում է օձի խայթման առաջին րոպեներին արտածծել թույնը։ Այդ նպատակով անհրաժեշտ է ծալքի ձևով ընդգրկել խայթման տեղը և, արագ սեղմելով ու ճզմելով, վերքից դուրս հանել հեղուկի կաթիլը, որից հետո այն դառնում է խորաբաց վերք և նրանից հնարավոր է բերանով արտածծել շճային կամ արյունային հեղուկը։ Արտածծումը կատարվում է 10-15 րոպե տևողությամբ։ Հակացուցված է լարանադնումը, կտրվածքներ կատարելը, խայթման շրջանում մարգանցաթթվական կալիում ներարկելը։ Վերքի պարունակության արտածծումից հետո անհրաժեշտ է այն մշակել յոդով։ Նպատակահարմար է հիվանդին տալ առատ հեղուկներ և հորիզոնական դիրքով (պատգարակով) տեղափոխել մոտակա հիվանդանոց։ Յուրահատուկ թերապիան կատարվում է մոնո- կամ պոլիվալենտ հակաօձային շիճուկներով։ Անաֆիլաքսային շոկի և այլ ալերգիկ բարդությունների կանխարգելման նպատակով հիվանդին նախօրոք ներերակային ներարկվում է պրեդնիզոլոն կամ հիդրոկորտիզոն։ Թեթև ընթացող թունավորումների, ինչպես նաև քիչ թունավոր օձերի խայթումների դեպքերում՝ շիճուկային թերապիայի անհրաժեշտություն չի զգացվում։ Թունավորման դեմ պայքարելու նպատակով կիրառվում են պլազմայի, 5-10% ալբումինի, ռեոպոլիգլյուկինի ներերակային սրսկումներ։ Կատարվում է միզարտադրման ուժեղացում։ Օգտագործվում են նաև սրտային գլիկոզիդներ և այնպիսի դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են անոթների թափանցելիությունը, պահպանում թթվահիմնային հավասարակշռությունը և ջրաաղային հաշվեկշիռը։ Ներանոթային մակարդումների ժամանակ նշանակվում է հեպարին։ Խայթման տեղում վարակի կասկածի դեպքում ներարկվում են հակաբիոտիկներ։


 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին