Սուր և խրոնիկ լյարդային անբավարարության սինդրոմԼյարդային անբավարարությունը ախտաբանական վիճակ է, որը պայմանավորված է լյարդի բազմաթիվ, օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ ֆունկցիաների խորը խանգարմամբ, որն ուղեկցվում է տարբեր աստիճանների կենսաքիմիական, հորմոնալ, նյարդահոգեկան խանգարումներով, ընդհուպ մինչև լյարդային կոմայի առաջացում: Սուր լյարդային անբավարարությունը զարգանում է մի քանի ժամերի կամ օրերի ընթացքում և բնորոշվում է վառ արտահայտված և արագ զարգացող կլինիկական ախտաբանությամբ: Քրոնիկ լյարդային անբավարարությունը զարգանում է ամիսների և տարիների ընթացքում, բնորոշվում է կլինիկական նշաանների աստիճանաբար զարգացմամբ:

Տարբերում են լյարդային անբավարարության 3 ձևեր.
1. լյարդա-բջջային, որն առաջանում է լյարդի պարենխիմայի ախտահարման հետևանքով,
2. պորտոլյարդային, որը պայմանավորված է պորտալ համակարգով տոքսինների անցմամբ դեպի արյան մեծ շրջանառություն,
3. խառը

Լյարդա-բջջային անբավարարության առաջատար մորֆոլոգիական սուբստրատը հեպատոցիտների դիստրոֆիկ և նեկտոբիոտիկ փոփոխություններն են: Այն կարող է լինել հեպատոցիտների վնասմանը բերող ցանկացած պրոցեսի հետևանք (սուր և խրոնիկ հեպատիտներ, ցիրոզ, ուռուցքներ, հեպատոտրոպ վնասում տոքսիններով, այրվածքներ):

Պորտոլյարդային անբավարարությունը զարգանում է հիմանականում պորտալ համակարգից դեպի արյան մեծ շրջանառաթյուն համակարգ արյան շունտավորման հետևանքով: Այն դիտվում է արտահայտված պորտալ հիպերտենզիայով ընթացող ցիրոզով հիվանդների մոտ:

Լյարդի ֆունկցիոնալ անբավարարությունը դրսևորվում է նյութափոխանակության, լյարդի պաշտպանական ֆունկցիայի, լեղարտադրող և լեղամուղ ֆունկցիաների, էրիթրոպոեզի, արյան մակարդման խանգարումներով: Ածխաջրերի փոխանակության խանգարումը հանգեցնում է գլիկոգենի սինթեզի նվազման և հեպատոգեն հիպոգլիկեմիայի առաջացման: Կարող է առաջանալ երկարատև ալիմենտար հիպերխոլեստերինեմիա, քանի որ լյարդը կորցնում է իր՝ արյունից խոլեստերինը դուրս բերելու հատկությունը:

Սպիտակուցի փոխանակության խանգարումը դրսևորվում է սպիտակուցների սինթեզի խանգարմամբ և գլոբուլինների, և միզանյութի առաջացմամբ: Նվազում է շիճուկային ալբումինների, ֆիբրինոգենի, պրոթրոմբինի սինթեզը: Արդյունքում հիվանդների մոտ առաջանում է հիպոպրոտեինեմիա, հիպոօնկոտիկ այտուցներ, հեմոռագիկ սինդրոմ: Քանի որ ցիանկոբալամինի, նիկոտինային և պանտոտենաթթուների, ռետինոլի փոխանակության միջանկյալ փուլերը տեղի են ունենում լյարդում, վերջինիս պարենքիմայի վնասումը բերում է համապատասխան հիպովիտամինոզների: Լյարդում նորմայում տեղի է ունենում որոշ հորմոնների ինակտիվացիա: Նրա ախտահարման դեպքում տեղի է ունենում այդ հորմոնների կուտակում արյան մեջ՝ համապատասխան էնդոկրինոպատիաների առաջացմամբ: Լյարդի ախտահարման հետևանքով առաջացող անեմիաները պայմանավորված են էրիթրոպոեզի խանգարմամբ, իսկ հեմոռագիկ դիաթեզները՝ մակարդման գործոնների քանակի նվազմամբ:

Տարբերում են լյարդային անբավարարության 3 փուլ` նախնական (կոմպենսացված), արտահայտված (դեկոմպենսացված) և տերմինալ (դիստրոֆիկ): Վերջինս ավարտվում է լյարդային կոմայով, հիվանդի մահով:

Կլինիկան: Նախնական լյարդային անբավարարությամբ հիվանդները գանագատվում են ընդհանուր թուլությունից, զգացմունքային անկայունությունից, տրամադրության արագ փոփոխականությունից:

Լյարդային անբավարարության II և III փուլերում հիմանկան կլինիկական նշաններն են էնցեֆալոպատիան և հեմոռագիկ սինդրոմը: Էնցեֆալոպատիան դրսևորվում է հիվանդների բթացածությամբ, ոչ ադեկվատությամբ, էյֆորիկ կամ հակառակը՝ հոգեկան ընկճված տրամադրությամբ, անքնությամբ գիշերը և քնկոտությամբ ցերեկը, գլխացավերով, գլխապտույտներով: Հեմոռագիկ սինդրոմն արտահայտվում է ենթամաշկային արյունազեղումներով, լնդային և քթային արյունահոսություններով, պրոթրոմբինային ինդեքսի իջեցմամբ: Հիվանդները գանգատվում են ախորժակի վատացումից, ճարպոտ սննդի վատ տանելիությունից, դիսպեպսիկ երևույթներից, սրտխառնոցից, փսխումից:

Խրոնիկ լյարդային անբավարարության ժամանակ հնարավոր են էնդոկրինոպաթիաները: Լյարդի ցիրոզի ժամանակ տղամարդկանց մոտ հանդիպում է անդրոգենային անբավարարություն, պակասում է մազածածկույթը, փոքրանում են սեռական օրգանները, թուլանում է լիբիդոն, հաճախ դիտվում է գինեկոմաստիա: Կանանց մոտ արգանդը, կրծքագեղձերն ատրոֆիայի են ենթարկվում, խախտվում է դաշտանային ցիկլը:

Լյարդային անբավարարության երկրորդ փուլի ժամանակ հանդիպում է հիպո-պրոտեինեմիա, հիպերգամմագլոբուլինեմիա, հիպերբիլիռուբինեմիա, ֆիբրինոգենի, խոլեստերինի քանակի իջեցում: Կոմայի զարգացումը դրսևորվում է 3 շրջանով՝ պրեկոմա (ուժեղանում է տագնապի զգացումը, առաջանում է մահվան վախ, դժվարանում է խոսակցական ֆունկցիան, օրգանիզմում առաջանում են նյութափոխանակության խորը խանգարումներ), սպառնացող կոմա (հիվանդները կորցնում են տարածության և ժամանակի մեջ կողմնորոշումը, գրգռված վիճակներին հաջորդում են դեպրեսիան և քնկոտությունը, առաջանում են ցնցումներ և դող), լրիվ կոմա (գիտակցությունը բացակայում է, առկա են վերջույթների և ծոծրակի մկանների ռիգիդություն, ախտաբանական ռեֆլեքսներ, առաջանում է սֆինկտերների պարալիզ և ապա՝ շնչառության կանգ):

Հեպատոգեն էնցեֆալոպատիային բնորոշ է խորը կոմայի առաջացումը, դեղնուկը, հեմոռագիկ սինդրոմը: Պորտալ-լյարդային անբավարարության ժամանակ առաջացող էնցեֆալոպատիային բնորոշ է կոմայի դանդաղ զարգացումն առանց ակնհայտ դեղնուկի:

Բուժումը իր մեջ ներառում է հիմնական հիվանդության ադեկվատ բուժումը, ինչպես նաև լյարդի խանգարված ֆունկցիաների վերականգնումը: Կարևոր նշանակություն ունի հիմնական կլինիկական համախտանիշի բացահայտումը և բուժումը: Հիվանդներին անհրաժեշտ է անկողնային ռեժիմ, բարձր կալորիականությամբ դիետա՝ ածխաջրերի մեծ քանակով և սպիտակուցի սահմանափակմամբ: Հեմոռագիկ համախտանիշի դեպքում ցուցված է արյան պլազմայի ինֆուզիա:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին