Ստոմատիտը (բերանաբորբ) իրենից ներկայացնում է բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքում: Այն կարող է առաջանալ որպես ինքնուրույն հիվանդություն կամ այն կարող է լինել այլ հիվանդությունների ախտանշան, օրինակ` կարմրուկի, գրիպի, քութեշի, կանդիդոզի և այլն:

Հայտնի են ստոմատիտի հետևյալ ձևերը.
- Լորձենաբորբային (կատառային) ստոմատիտ,
- Խոցամեռուկային ստոմատիտ,
- Աֆթոզ ստոմատիտ,
- Դեղորայքային ստոմատիտ,
- Կանդիդոզային ստոմատիտ,
- Վնասվածքային ստոմատիտ,
- Լնդաբորբ (գլոսիտ),
- լեզվաբորբ (գինգիվիտ):

Պատճառներ
Ստոմատիտի առաջացմանը նպաստում են ներքին օրգանների, նյարդային համակարգի քրոնիկական հիվանդությունների սրացումները, սննդի մեջ վիտամինների անբավարարությունները, նյութափոխանակության, ներզատիչ գեղձերի ֆունկցիայի խանգարումները: Ծխելը, սպիրտային խմիչքների օգտագործումը, շատ տաք կամ սառը, չափից ավելի թթու և աղի սսնդի ընդունումը նույնպես կարող են նպաստել ստոմատիտի առաջացմանը: Այն երբեմն առաջանում է որոշ դեղանյութերի նկատմամբ օրգանիզմի բարձր զգայնության դեպքում, սեռական հասունացման շրջանում, ինչպես նաև իմաստության ատամի դժվար ծկթման ժամանակ: Լորձենաբորբային (կատառային) ստոմատիտը հաճախ նկատվում է անգինայի, գրիպի և այլ վարակիչ հիվանդությունների դեպքերում:

Աֆթոզ ստոմատիտը առաջանում է որպես ինքնուրույն հիվանդություն, սակայն հաճախ կապված է լինում մարսողության օրգանների հիվանդությունների հետ: Քրոնիկական ձևը կապված է ստամոքսաղիքային համակարգի, լյարդի և այլ հիվանդությունների հետ:

Դեղորայքային ստոմատիտն առաջանում է որոշ դեղանյութերի (հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդային, յոդի, բրոմի պատրաստուկներ) ընդունումից: Որոշ քիմիական նյութերի հետ շփումից նույնպես առաջանում է ստոմատիտ, որը նման է դեղորայքային ձևին: Կանդիդոզային ստոմատիտը կարող է առաջանալ հակաբիոտիկների ոչ ճիշտ օգտագործման դեպքում, ինչպես նաև ծանր հիվանդ տարեցների և խիստ թուլացած, հատկապես անհաս կրծքի երեխաների մոտ:

Վնասվածքային ստոմատիտն առաջանում է լորձաթաղանթը կտրղ կամ ծակող առարկաներով, քայքայված ատամներով, ոչ սարքին պրոթեզներով վնասվելիս: Լնդաբորբը (գլոսիտ) կարող է առաջանալ ատամի քարի գոյացման, անհաջող դրված ատամի պլոմբի, պրոթեզի ճնշման հետևանքով կամ կոպիտ խոզանակով ատամները գրգռելիս: Այն միշտ նկատվում է հարատամնաբորբի և ատամնակծվածքի զգալի խանգարումների , ինչպես նաև լնդախտի դեպքերում:

Պաթոգենեզ
Ստոմատիտը կարող է ընթանալ սուր ձևով, երբ լորձաթաղանթը բորբոքվում է արագ, լինում է խիստ ցավոտ, իսկ քրոնիկական ձրի դեպքում հիվանդությունը երկարատև է, թույլ արտահայտված ցավերով: Լորձենաբորբային (կատառային) ստոմատիտին բնորոշ է բերանի խոռոչի վառ կարմրությունը, հաճախ այտուցվածությունը, առատ թքարտադրությունը և ցավոտությունը (հատկապես սնունդ ընդունելիս):
Խոցամեռուկային ստոմատիտը սովորաբար սկսվում է լնդերի վրա խոցերի առաջացմամբ, որոնք պատվում են մոխրագույն փառով: Խոցերը տարածվում են բերանի խոռոչի, լորձաթաղանթի մյուս հատվածների, երբեմն` լեզվի վրա: Հիվանդությունն ընթանում է ջերմաստիճանի բարձրացումով, նկատվում է դող, ընդհանուր թուլություն, բերանի տհաճ հոտ, ենթածնոտային ավշահանգույցների մեծացում: Սննդի ընդունումը դժվարանում է:

Աֆթոզ ստոմատիտի սկզբում նկատվում է ընդհանուր թուլություն, այնուհետև մկանի խոռոչում առաջանում են մակերեսային խոցոտումների ոչ մեծ, կլորավուն, դեղին փառով պատված օջախներ` աֆթեր, որոնք շրջապատված են լինում կարմիր երիզով և հաճախ շատ ցավոտ են: Կանդիդոզային ստոմատիտը բնորոշվում է լորձաթաղանթի տարբեր հատվածների վրա սպիտակ թաղանթային փառի առաջացմամբ:

Վնասվածքային ստոմատիտի ժամանակ առավել հաճախ ախտահարվում են լնդերը և լեզուն: Վնասվածքի հատվածը խոցոտվում է: Վնասվածքային ստոմատիտի ձևերից է Բերնարի կամ նորածինների աֆթերը, որի դեպքում նորածին և կրծքի երեխաների քիմքի միջին մասի լորձաթաղանթի վրա գոյանում են ոչ մեծ, կլորավուն խոցոտումներ: Լնդաբորբի բորբոքումը կարող է սահմանափակվել 2-3 ատամների հատվածում կամ տարածվել ամբողջ լնդերի վրա: Լնդերի վրա առաջանում են խոցեր, լնդերն ուժեղ այտուցվում են, թեթևակի հպումից արյունահոսում և բերանից տհաճ հոտ է գալիս: Լեզվաբորբն ախտահարում է միայն լեզվի լորձաթաղանթը: Ուղեկցվում է լեզվի այտուցով, կլման խանգարումով և ջերմաստիճանի բարձրացմամբ: Երբեմն գոյանում է թարախակույտ:

Բուժում
Ստոմատիտի բոլոր ձևերի բուժումը երբեմն պահանջում է մեծ համառոջթյուն: Հաճախ անհրաժեշտ է լինում կատարել ընդհանուր հետազոտություն` հայտնաբերելու բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքմանը նպաստող ներքին օրգանների հիվանդությունները: Ուստի կարևոր է ժամանակին դիմել ստամատոլոգին և կատարել նրա ցուցումները: Ինքնաբուժումը կարող է բարդություններ առաջացնել: Չպետք է օգտագործել հակաբիոտիկներ կամ այրող միջոցներ: Անհրաժեշտ է դադարեցնել ծխելը, չօգտագործել կծու, թթու, աղի և տաք կերակրատեսակներ, ալկոհոլային խմիչք: Սնունդը պետք է լինի վիտամիններով հարուստ, չգրգռող: Բերանի խոռոչի լորձաթաղանթի ցավը մեղմելու համար բժշկի խորհրդով բերանը կարելի է ողողել ջրածնի գերօքսիդի (1 թեյի գդալը 0.5 բաժակ ջրում), ֆուրացիլինի (1 հաբը` 1 բաժակ ջրում), կալիումի գերմանգանատի վարդագույն լուծույթներով, երիցուկի կամ եղեսպակի գոլ եփուկով: կարելի է օգտագործել << սպիտակուցային լոգնոց>> (1 ձվի սպիտակուցը խառնել 0.5 բաժակ ջրում և այդ հեղուկը որոշ ժամանակ պահել բերանում):

Կանխարգելում
Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների կանխարգելման համար մեծ նշանակություն ունիատամների ճիշտ խնամքը, ատամի քարը հեռացնելը, պետք է փոխել անհաջող ատամների պրոթեզները, ժամանակին բուժել ատամների ոսկրափուտը, ինչպես նաև հեռացնել քայքայված ատամները: Հատկապես կարևոր է շաքարախտով, սիրտանոթային հիվանդություններով տառապողների, ինչպես նաև դեռահասների, երեխաների և հղի կանանց բերանի խոռոչի առողջացումը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին