Այս ախտաբանությանն են վերագրում այն հիվանդությունները, որոնք արտահայտվում են մարսողական օրգանների շարժողական ֆունկցիայի և տոնուսի խանգարումներով։ Դիսկինեզիայի պատճառները տարբեր են և որոշ չափով կապված են երեխաների տարիքի հետ։ Դիսկինեզիայի առաջացումը մեծ մասամբ պայմանավորված է մարսողական համակարգի նյարդամկանային կառուցվածքի և կարգավորող մեխանիզմների անհասունությամբ։ Շարժման խանգարումները (պերիստալտիկա) սովորաբար ծագում են այն օրգաններում, որոնք ունեն հարթ մկաններ՝ որկոր, ստամոքս, լեղուղիներ, աղիքներ։

Ստամոքսամոււոքի սեղմակի անբավարաոություն (Chalazia cardii)։ Համախտանիշ է, որը ծագում է ստամոքսամուտքի սեղմակի (սֆինկտեր) լրիվ փակման ֆիզիոլոգիական պրոցեսների խանգարման հետևանքով և բնորոշվում է որկորում ստամոքսի պարունակության հայտնման ախտանիշով։ Նորածնային շրջանում ստամոքսամուտքի (կարդիա) անբավարարությունը կապված է նյարդամկանային ապարատի անհասունության հետ։ Բարձր տարիքի երեխաների մոտ այն հաճախ զարգանում է գաստրիտների, գաստրոդուոդենիտների, խոցային հիվանդության ժամանակ։ Ստամոքսամուտքի անբավարարություն կարող է նկատվել նաև ստոծանու որկորային ճողվածքների, վիրահատման միջամտություններից ստամոքսամուտքի սեղմակի վնասումների դեպքում, ինչպես նաև այն հիվանդությունների ժամանակ, որոնք ներորովայնային ճնշման բարձրացումով են ուղեկցվում (ուռուցքներ, ջրգողություն)։

Կլինիկորեն արտահայտվում է գխտոցով, հաճախակի որձկումներով, փսխումով։ Փսխումը, որպես կանոն, առաջանում է ստամոքսի լի պարունակության դեպքում և ուժեղանում է պառկած դիրքում։ Հիվանդների մեծ մասի մոտ լինում է գխտոց։ Գխտոցը կարող է լինել օդով, թթու, դառը կամ թթվահամ սննդային մնացորդով։ Որոշ երեխաների մոտ այն կարող է նկատվել նաև գիշերը, որն արտահայտվում է բարձի վրա առաջացող թաց բծերով։ Սրտի շրջանում հաճախ նոպայաձև ցավեր են առաջանում։ Ստամոքսամուտքի անբավարարությունը երբեմն ընթանում է առանց նշանների ու հայտնաբերվում է միայն ռենտգենաբանական կամ էնդոսկոպիկ հետազոտությունների ժամանակ։

Ռենտգենաբանական հետազոտությամբ (պառկած դիրքում ներորովայնային ճնշումը բարձրացնող միջոցների օգտագործումով՝ վերորովայնային շրջանի գերլարում, սեղմում) հայտնաբերվում է ստամոքսի պարունակության հետհոսք դեպի որկոր։ Էնդոսկոպիայի ժամանակ նկատվում է ստամոքսամուտքի անբավարարություն, հաճախ ուղեկցող էզոֆագիտ։

Բուժումը։ Անհրաժեշտ է խուսափել այն դիրքից, որի դեպքում ստամոքսաորկորային հետհոսք (ռեֆլյուքս) է առաջանում։ Վաղ տարիքի երեխաներին պետք է կերակրել ուղղահայաց դիրքում։ Կերակրելուց հետո էլ այդ նույն դիրքում պետք է պահել ևս մի քանի րոպե։ Նշանակվում են B խմբի վիտամիններ, ամինազին, ցեռուկալ։ Բարձր տարիքի երեխաների մոտ, երբ տվյալ ախտաբանական վիճակը երկրորդային է, առաջին հերթին պետք է բուժել հիմնական հիվանդությունը։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին