Ախտածին ստաֆիլոկոկի, մասնավորապես ոսկեգույն ստաֆիլոկոկի կողմից առաջացող աղիքային հիվանդություն է։ Հարուցիչը իր կենսագործունեության ընթացքում արտադրում է թույներ և ֆերմենտային ակտիվ նյութեր։

 

Ստաֆիլոկոկային բնույթի էնտերոկոլիտների և սննդային տոքսիկոինֆեկցիաների ախտածնական մեխանիզմում կարևոր դեր են կատարում արտադրվող էնտերոտոքսիկ նյութերը։ Ախտածին ստաֆիլոկոկը օժտված է պլազմամակարդիչ հատկությամբ, որը միաժամանակ ծառայում է նրա տարբերակիչ ախտորոշման համար։ Կղանքից կարելի է ստաֆիլոկոկ անջատել նաև այլ հիվանդությունների ժամանակ՝ թոքաբորբ, սեպսիս, սուր շնչական վիրուսային վարակներ և այլն։

 

Էպիդեմիոլոգիան։ Վաղ տարիքի երեխաների համար վարակի աղբյուր են բացիլակիր չափահասները, որոնց մոտ հարուցիչը կարող է տեղակայվել բոլոր օրգաններում՝ վերին շնչուղիներում, մաշկում, աղիքներում և այլն։ Այն հաճախ տարածվում է նաև սննդային և կոնտակտային ճանապարհներով։

 

Պաթոգենեզը։ Երեխաների մոտ ստաֆիլոկոկային հիվանդությունների ախտածնական պրոցեսը բազմազան է։ Այն պայմանավորված է հիմնականում հարուցիչի կողմից արտադրվող էնտերոքսիններով, որոնք հեմոլիտիկ և էպիթելոնեկրոտիկ հատկություններ ունեն։ Պաթոգենետիկ մեխանիզմում մեծ դեր են կատարում նաև ակտիվ ֆերմենտային նյութերը՝ կոագուլազա, լեցիտինազա, ֆիբրինոլիզինազա և այլն։ Մակրոօրգանիզմի բարձր դիմադրողականության պայմաններում պաթոգենետիկ օղակը կարող է ընդհատվել և ստաֆիլոկոկային վարակվածությունը կարող է ավարտվել առանց հիվանդացման։

 

Կլինիկան։ Ստաֆիլոկոկային բնույթի թունավոր վարակները հաճախ են հանդիպում ավելի բարձր տարիքի երեխաների մոտ էնտերոտոքսինով ախտահարված սննդամթերքի՝ կաթի, լոռի, հրուշակեղենի և այլ սննդանյութերի օգտագործման դեպքում։ Հիվանդությունը սկսվում է բուռն, 39-40° ջերմությամբ, անզուսպ փսխումներով, հաճախակի կղումով (ջրիկ և լորձային, հնարավոր է նաև լորձաարյունային), շարժողական անհանգստությամբ, գիտակցության խանգարումներով (ընդհուպ մինչև կորուստ), ցնցումներով, սառը քրտնարտադրությամբ, ակրոցիանոզով, տախիկարդիայով, արագ զարգացող ջրազրկումով, թունավոր վարակային շոկով։

 

Հիվանդության հետագա ընթացքը և ելքը կախված են ընդունված թույների քանակից և ժամանակին կազմակերպված համապատասխան բուժումից։

 

Տարբերակիչ ախտորոշման տեսակետից, բացի սուր կլինիկական պատկերի զարգացումից, կարևոր է նաև հարուցիչի հայտնաբերումը կղանքից, փսխման մասսաներից, սննդամթերքից։

 

Առաջնային էնտերոկոլիտները հաճախ հանդիպում են վաղ մանկական տարիքի երեխաների մոտ։ Վարակի աղբյուր են՝ մաստիտը, վարակված կաթը, կաթնամթերքը։

Սկսվում է ջերմության բարձրացումով, անհանգիստ վիճակով, փսխումներով և լորձաարյունային լուծով, քիչ կղանքային զանգվածներով, տոքսիկոզի և էքսիկոզի զարգացումով։ Պրոցեսն այս դեպքում ավելի տևական է և հակում ունի համատարածման (գեներալիզացիայի)։ Հաճախ կարող են երկրորդային բարդություններ առաջանալ։ Առաջնային էնտերոկոլիտների դեպքում հաճախ նկատվում է պրոցեսի կրկնություն կամ «երկրորդային ալիքի» առաջացում՝ նոր տոքսիկոզի և էքսիկոզի պատկերով։

 

Ախտորոշումը հիմնականում կատարվում է կլինիկալաբորատոր հետազոտությամբ՝ մանրէաբանական և շճաբանական։ Շճաբանական հետազոտություններից արժեքավոր է աուտոհեմագլյուտինացիան, որի ախտորոշիչ տիտրը վաղ մանկական տարիքի երեխաների մոտ կազմում է 1:160, 1:320, իսկ չափահասների մոտ՝ 1:320, 1:640։

 

Բուժումը։ Հիմնականում կոմպլեքսային է՝ դիետաթերապիա, հակաբիոտիկներ, ջրաաղային և թթվահիմնային խանգարումների կարգավորում։ Կրծքի կաթով կերակրման հարցը պետք է որոշել՝ ելնելով կաթում բակտերիաների քանակությունից: Դիսբակտերիոզի կանխման նպատակով խորհուրդ է տրվում օգտագործել լակտոբակտերին, բիֆիդում բակտերին կամ բիֆիկոլ։ Տոքսիկոզի և էքսիկոզի դեպքում ինֆուզիոն թերապիա՝ ընդունված կարգով։ Հակամանրէական բուժում կազմակերպվում է միջին ծանրության և ծանր դեպքերում։

 

Բուժման լիարժեքությունն ավելի կատարյալ դարձնելու նպատակով, հատկապես ստաֆիլոկոկային թունավոր վարակների դեպքում, կարևոր են ստամոքսաաղիքային տրակտի լվացումները։

 

Կարևոր է նաև սպեցիֆիկ հակաստաֆիլոկոկային իմունոգլոբուլինի ներարկումը։ Հիվանդության առաջին օրերից ցանկալի է կիրառել հակաստաֆիլոկոկային բնական պլազմա, հակաֆագին, բակտերիոֆագ և այլն։ Աղիքային միկրոֆլորայի ակտիվության կարգավորման նպատակով տրվում են կենսապատրաստուկներ (բիֆիդումբակտերին, բիֆիկոլ, կոլիբակտերին, բակտիսուբտիլ):

 

Կանխարգելումը հիմնականում բացիլակիրների ակտիվ հայտնաբերումը և բուժումն է։ Այդ նպատակով, մասնավորապես վաղ մանկական տարիքի երեխաների խնամողներին (ծննդատների, մսուրների անձնակազմ և այլն), պետք է պարբերաբար ենթարկել մանրէաբանական հետազոտության։

 

 

Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան