I աստիճանի նախասիրտ-փորոքային պաշարումը բնորոշվում է P -R հատվածի երկարացմամբ (0.20 վրկ-ից ավելի), ընդ որում՝ բոլոր ազդակներն անցնում են նախասիրտ-փորոքային հանգույցով՝ QRS կոմպլեքսների ձևավորմամբ: I աստիճանի նախասիրտ-փորոքային պաշարումը կարող է պայմանավորված լինել բարձր պարասիմպաթիկ իմպուլսացիայով կամ դիգիտալիս ընդունելով. հարկ է հիշել, որ նախասիրտ-փորոքային պաշարման այս տեսակը հաճախ հանդիպում է ռևմոկարդիտի դեպքում:

II աստիճանի նախասիրտ-փորոքային պաշարումը ներկայացված է երկու տեսակներով՝ Մոբիթց I (Վենկեբախ) և Մոբիթց II: Մոբիթց I-ի դեպքում ԷՍԳ-ի վրա գրանցվում են նեղ QRS կոմպլեքսներ և մի կոմպլեքսից դեպի մյուսը P-R հատվածի հարաճուն երկարում՝ ընդհուպ մինչև P ատամիկի առաջացում՝ առանց հաջորդող QRS կոմպլեքսի, ապա երևույթների հաջորդականությունը կրկնվում է: Այս ֆենոմենի առաջացման հիմքում ընկած է նախասիրտ-փորոքային հանգույցով էլեկտրական ազդակի անցման ժամանակի աստիճանական մեծացում՝ ընդհուպ մինչև հերթական ազդակի լրիվ բլոկ: Մոբիթց I տեսակի II աստիճանի նախասիրտ-փորոքային պաշարումը դիտվում է սրտամկանի ինֆարկտի, դիֆթերային միոկարդիտով հիվանդների մոտ սրտի հաղորդչական համակարգի դեգեներատիվ ախտահարման դեպքում: Սա նախասիրտ-փորոքային պաշարման կանխատեսման առումով վտանգավոր ձև է, քանի որ այն կարող է նախորդել լիակատար նախասիրտ-փորոքային պաշարման զարգացման: Պաշարման այս տեսակի դեպքում ցուցված է արհեստական ռիթմավարի տեղադրում:

Մոբիթց II տեսակի II աստիճանի նախասիրտ-փորոքային պաշարման դեպքում հայտնաբերվում է դեպի փորոքներ ազդակի հաղորդման անցումային պաշարում՝ առանց P-R հատվածի նախորդող երկարելու: Կարող է ընկնել յուրաքանչյուր երկրորդ, երրորդ կամ չորրորդ QRS կոմպլեքսը՝ արտացոլելով համապատասխանաբար 2:1, 3:1, 4:1 պաշարման նմուշներ: QRS կոմպլեքսները սովորաբար լայն են: Մոբիթց II տեսակը սովորաբար դիտվում է դեղամիջոցային ինտոքսիկացիայի (դիգիտալիս, b-բլոկատորներ), բարձր վագուսային//թափառող տոնուսի, սրտամկանի ստորին ինֆարկտի, ռևմատիզմի դեպքում: Որպես ախտանշանային միջոց օգտագործում են ատրոպին կամ տեղադրում են ժամանակավոր ռիթմավար:

III աստիճանի նախասիրտ-փորոքային պաշարումը կամ լիակատար նախասիրտ-փորոքային բլոկը նշանակում է նախասրտերի ու փորոքների էլեկտրական ու մեխանիկական ակտիվության լիակատար մեկուսացում (լիակատար նախասիրտ-փորոքային դիսոցիացիա), էլեկտրական ազդակները նախասրտերից նախասիրտ-փորոքային հանգույցով չեն անցնում դեպի փորոքներ, ուստի նախասրտերը և փորոքները կծկվում են ինքնուրույն՝ միմյանցից անկախ: Սովորաբար փորոքների կծկման ռիթմը կազմում է րոպեում 40-50 զարկ: Լիակատար լայնաձիգ պաշարում ավելի հաճախ դիտվում է սրտամկանի սուր ինֆարկտի, դիֆթերային միոկարդիտի, դիգիտալիսային ինտոքսիկացիայի դեպքում: Բուժումը ժամանակավոր կամ մշտական կարդիոխթանիչ տեղադրելն է:

Ներփորոքային պաշարումը կարող է Հիսի խրձի աջ կամ ձախ ոտիկով կամ էլ Հիսի խրձի ձախ ոտիկի ճյուղերով էլեկտրական ազդակի հաղորդման խանգարման հետևանք: Հաղորդչական համակարգի ներփորոքային բաժիններով էլեկտրական ազդակի հաղորդման դանդաղումը կամ լիակատար ընդհատումը հանգեցնում է սրտամկանի ապաբևեռացման և վերաբևեռացման պրոցեսների նորմալ հաջորդականության խանգարման: Հիսի խրձի աջ ոտիկի պաշարման դեպքում ԷՍԳ-ի վրա երևում են QRS լայնացած կոմպլեքսներ. R ատամիկը V1 արտածումում բարձրամպլիտուդային է, T ատամիկը՝ բացասական: V6 արտածումում գրանցվում է խոր S (SV6>RV6) ատամիկ: Հիսի խրձի ձախ ոտիկի պաշարման ժամանակ QRS կոմպլեքսները լայնացած են, V1 արտածումում գրանցվում են խոր S ատամիկներ, V6 արտածումում՝ R բարձր դեֆորմացված ատամիկներ և T բացասական ատամիկներ:
Հաճախ գրանցվում է երկխրձային//բիֆասցիկուլյար պաշարում, որի դեպքում հաղորդչականության հիմնական ներփորոքային երեք խրձերից երկուսը մասամբ կամ լրիվ պաշարվում են: Հիսի խրձի ճյուղերի պաշարման դեպքում հատուկ բուժում չի պահանջվում, բուժում են հիմնական հիվանդությունը և նրա հեմոդինամիկ բարդությունները:

Նոպայական տախիկարդիաները կարող են կապված լինել սրտի մեջ էլեկտրական ազդակի հաղորդման անոմալ ուղիների առկայության հետ: Այս անոմալ ուղիները հայտնաբերում են այսպես կոչված քարտավորման միջոցով. սրտի մեջ ներմուծում են զոնդ և սրտամկանի՝ անոմալ ուղու կամ էկտոպիկ ֆոկուսի առկայության կասկածելի հատվածների խթանման միջոցով առաջացնում են QRS այնպիսի կոմպլեքսներ, որոնք գրանցվում են տախիառիթմիաների դեպքում: Մի շարք դեպքերում այս անոմալ ուղիները կամ դրդման էկտոպիկ ֆոկուսները վերացնում են բարձրհաճախական ներգործությամբ (աբլացիա): Փորոքային թելիկախաղերի կրկնությունների դեպքում անհրաժեշտ է տեղադրել կարդիովերթեր-դեֆիբրիլյատոր: Այս սարքը պարունակում է համակարգիչ, որը գրանցում է փորոքային թելիկախաղի սկիզբը և անհապաղ միացնում դեֆիբրիլյատորը: Կարդիովերթեր-դեֆիբրիլյատորները զգալիորեն լավացնում են հիվանդների կանխատեսումը՝ հիվանդների կյանքի առումով:

 

 

 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին