Սրտի բլորակադաԱռաջանում են, երբ խանգարվում է սրտի հաղորդչական ուղիով գրգիռի անցումը։

Երեխաների մոտ հաղորդչականության խանգարումները հաճախ հանդիպում են ռևմատիզմի և դիֆթերիային միոկարդիտի դեպքում։ Բացի դրանից, այն կարող է հանդես գալ նաև թափառող նյարդի գերգրգռման, տարբեր վարակային հիվանդությունների ու թունավորումների դեպքում։ Հաղորդչական ֆունկցիայի խանգարումները՝ բլոկադաները, կարող են տեղակայվել hաղորդչական ուղու բոլոր hատվածներում, սկսած սինուսային հանգույցից և վերջացրած Պուրկինեի թելիկներով։

Ըստ ախտահարման տեղի, տարբերում են բլոկադաների հետևյալ ձևերը՝
    * սինո-աուրիկուլյար,
    * ներնախասրտային,
    * նախասիրտ-փորոքային և
    * ներփորոքային։


Սինո-աուրիկուլյար բլոկադան լինում է ոչ լրիվ և լրիվ։ Առաջին դեպքում ոչ բոլոր գրգիռներն են սինուսային hանգույցից անցնում նախասրտերին, երկրորդ դեպքում՝ գրգիռները սինուսային հանգույցում կամ չեն ծագում, կամ էլ չեն hաղորդվում նախասրտերին։
Սինո-աուրիկուլյար ոչ լրիվ բլոկադայի ժամանակ ԷՍԳ-ի վրա մերթ ընդ մերթ բացակայում է սրտային ցիկլի մի ամբողջ կոմպլեքս։ Սրտային կծկումների միջև եղած տարածությունը հավասար է երկու RR-ի կամ մի քիչ պակաս։
Սինո-աուրիկուլյար լրիվ բլոկադայի ժամանակ սրտի գործունեության ղեկավարությունն իր վրա է վերցնում նախասիրտ-փորոքային hանգույցը։ Էլեկտրասրտագրային պատկերը կախված է այն բանից, թե հանգույցի ո՞ր մասում է ծագում գրգիռը (վերի՞ն, միջի՞ն, թե՞ ստորին)։

Եթե գրգիռը ծագում է հանգույցի վերին մասում, ապա բացասական P ատամիկը գտնվում է QRS կոմպլեքսին սովորականից ավելի մոտ, եթե միջին մասում՝ P ատամիկը ձուլվում է QRS կոմպլեքսի hետ և չի բացահայտվում, եթե ստորին մասում՝ բացասական P ատամիկը տեղակայվում է QRS կոմպլեքսից հետո՝ Տ և T ատամիկների միջև։

Հանգուցային ռիթմի դեպքում փորոքների կծկումները լինում են սակավ հաճախականությամբ՝ 1 րոպեում 45-50։

Ներնախասրտային բլոկադան առաջանում է, երբ դանդաղում է hաղորդչականությունը նախասրտերի մկանների միջև։ Այն արտահայտվում է P ատամիկի փոփոխություններով, լայնանում է 0,1 վրկ-ից ավելի, հաճախ ատամնավորվում է և ձևափոխվում։
Նախասիրտ-փորոքային բլոկադաները հաճախ են հանդիպում մանկական տարիքում և պայմանավորված են նախասիրտ-փորոքային հաղորդչականության խանգարմամբ։
Նախասիրտ-փորոքային բլոկադաներ կարող են լինել
1. ոչ լրիվ և
2. լրիվ։

Տարբերում են ոչ լրիվ բլոկադաների երեք աստիճան։
1. Նախասիրտ-փորոքային ոչ լրիվ բլոկադայի I աստիճանը բնորոշվում է նրանով, որ գրգիռը նախասրտերից դեպի փորոքներն է անցնում ավելի երկար ժամանակի ընթացքում, քան նորմայում։ ԷՍԳ-ի վրա դա արտահայտվում է PQ տարածության երկարացմամբ ։

2. Նախասիրտ-փորոքային բլոկադայի II աստիճանի դեպքում նախասիրտ-փորոքային hաղորդչականությունը աստիճանաբար վատանում է և մեկ գրգիռ բոլորովին չի անցնում դեպի փորոքները։ Դրանից hետո hաղորդչականությունը որոշ չափով վերականգնվում է, ԷՍԳ-ի վրա դիտվում է PQ տարածության աստիճանական երկարում։ Հաջորդ գրգիռը փորոքներին չի hասնում, որի hետևանքով QRS կոմպլեքսը բացակայում է։ Այնուհետև ռիթմը նորից է վերականգնվում և նշված փոփոխությունները կրկնվում են։ Ռիթմի այս խանգարումը կոչվում է Սամոյլով-Վենկեբախի շրջան ։
3. Նախասիրտ-փորոքային ոչ լրիվ բլոկադայի (III աստիճանի դեպքում նախասրտերից դեպի փորոքները գնացող գրգիռները ժամանակ առ ժամանակ բոլորովին չեն փոխանցվում և փորոքներին են հասնում միայն երկրորդ-երրորդ կամ չորրորդ ալիքով եկող գրգիռները։ Նկատվում է սրտի մասնակի (ոչ լրիվ) բլոկադա։ Բացակայում է փորոքային կոմպլեքսը, բայց, ի տարբերություն Սամոյլով-Վենկեբախի շրջանների, PQ տարածությունը նորմալ է։

Նախասիրտ-փորոքային լրիվ բլոկադայի դեպքում նախասրտից ոչ մի գրգիռ չի հաղորդվում փորոքներին, և նախասրտերը կծկվում են սինուսային հանգույցից եկող գրգիռների, իսկ փորոքները՝ նախասիրտ-փորոքային հանգույցից եկող գրգիռների ազդեցությամբ կամ փորոքային ավտոմատիզմի ռիթմով։
Նախասրտերը կծկվում են փորոքներից ավելի մեծ հաճախականությամբ։ Այդ պատճառով ԷՍԳ-ի վրա P ատամիկը հայտնվում է ավելի հաճախ, քան փորոքային կոմպլեքսները, և կարող է միաձուլվել, մյուս ատամիկների հետ ։ Նախասիրտ-փորոքային լրիվ բլոկադան կլինիկորեն արտահայտվում է դանդաղասրտությամբ և տոնի ուժի փոփոխմամբ։
Խիստ արտահայտված դանդաղասրտության դեպքում կարող է առաջանալ ուղեղի սակավարյունություն, որի հետևանքով հիվանդը կորցնում է գիտակցությունը։ Այս երևույթը հայտնի է որպես Մորգանի-Էդեմս-Ստոքսի  ախտանիշ։
Ներփորոքային բլոկադաները առաջանում են հիսի խրձի որևէ ոտիկի շրջանում գրգիռի անցման դժվարացման հետևանքով։ Հիսի խրձի ոտիկի բլոկադայի ժամանակ խախտվում է փորոքներում գրգիռի տարածման հաջորդականությունը։ Առողջ ոտիկով գրգիռն անցնում է փորոքին նորմալ ձևով, իսկ վնասված մասով՝ մինչև ախտահարված տեղը։ Ընդհատումից ցած գտնվող ոտիկին գրգիռն անցնում է զարտուղի ճանապարհով։ Հետևաբար, բլոկադայի ենթարկված ոտիկով գրգիռը փորոքում տարածվում է ավելի երկար ժամանակահատվածում։ Գրգռման ալիքի ուշ հաղորդման պատճառով փորոքները կծկվում են ոչ միաժամանակ, որի հետևանքով QRS կոմպլեքսը լայնանում է և ձևափոխման ենթարկվում։

Էլեկտրասրտագրությունը Հիսի խրձի ոտիկի բլոկադայի ժամանակ նման է փորոքային էքստրասիստոլայի պատկերին ։ Տարբերությունն այն է, որ P ատամիկը բլոկադայի ժամանակ պաhպանվում է, իսկ փոփոխված կամ ապաձևման ենթարկված QRS կոմպլեքսը hանդիպում է ոչ թե ժամանակ առ ժամանակ, ինչպես էլեկտրասիստոլայի դեպքում, այլ կայուն է և գրանցվում է ամբողջ ժապավենի երկարությամբ։

Հիսի խրձի ոտիկների բլոկադայի էլեկտրասրտագրին բնորոշ է՝

1. QRS կոմպլեքսի արտահայտված լայնացումը, վոլտաժի մեծացումը և ատամիկի նորմալ տեղակայումը,
2. QRS կոմպլեքսի գլխավոր ատամիկի հակառակ ուղղությունը I և III արտածումներում,
3. QRS կոմպլեքսի գլխավոր ատամիկի և T ատամիկի հակադիր ուղղությունը՝ բլոկադայի կոմպլեքսում։


 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին