Սրտամկանի ինֆարկտն իրենից ներկայացնում է սրտամկանում մեկ կամ մի քանի մեռուկացման օջախների առաջացումով և սրտի գործունեության խանգարմամբ պայմանավորված սուր հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ՝ 40-60 տարեկանում։

Պատճառներ
Որպես կանոն՝ սրտամկանի ինֆարկտի հիմնական պատճառն աթերոսկլերոզի հետևանքով սրտի պսակային զարկերակների ախտահարումն է, որը հանգեցնում է դրանց լուսանցքների նեղացմանը։ Հաճախ անոթների ախտահարման հատվածում աթերոսկլերոզային գործընթացն ուղեկցվում է թրոմբոզով (անոթների խցանում), որի հետևանքով լրիվ կամ մասնակի դադարում է արյան հոսքը սրտամկանի համապատասխան հատված։ Թրոմբի առաջացմանը նպաստում են արյան մակարդման խանգարումները։ Որոշակի դեր ունի պսակային զարկերակների ճյուղերի կծկանքը։ Սրտամկանի ինֆարկտի առաջացմանը նպաստում են հիպերտոնիկ հիվանդությունը, շաքարախտը, ճարպակալումը, նյարդային գերլարումն ու հոգեկան ցնցումները, ծխելը։ Սրտամկանի ինֆարկտը մեծ մասամբ առաջանում է կրծքային հեղձուկի ֆոնի վրա, որի դեպքում ֆիզիկական և հոգեկան գերլարումները կարող են դառնալ սրտամկանի ինֆարկտի անմիջական պատճառ։

Պաթոգենեզ
Սրտամկանի ինֆարկտի հիմնական ախտանշանը կրծքում ուժգին ցավերի երկարատև նոպան է՝ պայմանավորված սրտամկանում արյան, սննդանյութերի ու թթվածնի պահանջի սուր անբավարարությամբ։ Սովորաբար ցավը լինում է սեղմող, տանջող, այրող, տեղակայվում է կրծքավանդակի կենտրոնում (կրծոսկրի հետևում) կամ դեպի ձախ, հաճախ տարածվում է դեպի վեր և աջ, ճառագայթվում ձախ ձեռքը կամ 2 ձեռքերը, մեջքը, ստորին ծնոտը։ Որպես կանոն՝ նոպան տևում է մի քանի ժամ, երբեմն՝ նույնիսկ օր՝ ուղեկցվելով խիստ թուլությամբ, մահվան հանդեպ վախի զգացումով, ինչպես նաև հևոցով և սրտի աշխատանքի խանգարման այլ ախտանշաններով։

Ի տարբերություն կրծքային հեղձուկի՝ սրտամկանի ինֆարկտի դեպքում ցավը սովորաբար չի անցնում նիտրոգլիցերինի կրկնակի օգտագործումից։ Սրտամկանի ինֆարկտը մեծ մասամբ ուղեկցվում է էլեկտրասրտագրի բնորոշ փոփոխություններով, որոնք երբեմն հապաղում են և դրսևորվում միայն ուժգին ցավերը մեղմանալուց մի քանի ժամ կամ նույնիսկ օր հետո։ Սակայն սրտագրության փոփոխություններ նկատվում են նաև ցավային նոպաներով ուղեկցվող այլ հիվանդությունների դեպքում, ուստի միայն բժիշկը (հիվանդին լավ հետազոտելուց և ստացված բոլոր տվյալների վերլուծությունից հետո) կարող է ճիշտ ախտորոշել։

Սրտամկանի ինֆարկտը հաճախ առաջանում է սրտի իշեմիկ հիվանդության սրացման շրջանում, որը դրսևորվում է հիմնականում սրտային հեղձուկի նոպաների հաճախացումով և սաստկացումով, նիտրոգլիցերինի ազդեցության արդյունավետության նվազումով։ Այդ շրջանն անվանում են նախաինֆարկտային. տևողությունը մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ է։ Հենց այդ շրջանում են ավելի արդյունավետ սրտամկանի ինֆարկտի կանխարգելման միջոցառումները, ուստի անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի։

Բուժում
Կրծոսկրի հետևում սուր ցավերի դեպքում, որոնք նիտրոգլիցերինի օգտագործումից հետո չեն անցնում, անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն կանչել։ Մինչև բժշկի գալը հիվանդի համար ապահովել ֆիզիկական և հոգեկան հանգիստ պայմաններ՝ պառկեցնել և հանգստացնել։ Շնչարգելության կամ օդը չբավարարելու դեպքում հիվանդին անկողնում տալ կիսանստած դիրք։ Չնայած սրտամկանի ինֆարկտի դեպքում նիտրոգլիցերինը ցավերն ամբողջությամբ չի հանգսւոացնում՝ միևնույն է, դրա կրկնակի օգտագործումն անհրաժեշտ է։ Ցավերը զգալիորեն հանգստանում են նաև սրտի ու կրծոսկրի շրջանում մանանեխի ծեփուկներ, ոտքերի տակ ջեռակ դնելիս, ձեռքերը տաքացնելիս։

Սրտամկանի ինֆարկտը լիարժեք բուժվում է միայն հիվանդանոցում։ Հիվանդության սուր շրջանում պահանջվում է բուժանձնակազմի մշտական հսկողություն, որովհետև 1-ին նոպայից հետո հաճախ դրանք կրկնվում են, ընդ որում՝ առավել ծանր ձևով։ Սրտամկանի ինֆարկտով հիվանդների բուժման ժամանակ օգտագործվող շատ դեղանյութեր կիրառելի են միայն հիվանդանոցում՝ բժշկի հսկողությամբ։

Հիվանդության ընթացքը կարող Է բարդանալ նաև սուր սրտային անբավարարությամբ, կյանքի համար վտանգավոր սրտի ռիթմի խանգարումներով և այլն։ Ուստի սրտամկանի ինֆարկտի կասկածի դեպքում անհրաժեշտ Է անհապաղ դիմել բժշկի։ Սրտամկանի ինֆարկտի ընթացքը բազմազան է։ Բուժման ժամկետները (այդ թվում հիվանդանոցային) որոշվում են հիվանդության ընթացքով, բարդությունների առկայությամբ կամ բացակայությամբ և այլն։

Խնամքի բոլոր խորհուրդները (սնուցումը և ռեժիմը ներառյալ) հիվանդին տալիս է բժիշկը։ Եթե որևէ պատճառով բուժումը կատարվում է տանը, ապա հիվանդի խնամքն իրականացնում են հարազատները՝ բժշկի հսկողությամբ։ Հիվանդության սուր շրջանում հիվանդը պետք է պահպանի անկողնային ռեժիմ։ Նրան անհրաժեշտ է հոգեկան հանգստություն, չպետք է հոգնեցնել զրույցներով, անհանգստացնել տհաճ լուրերով, այլ անպայման պետք է հավատ ներշնչել հիվանդության բարեհաջող ելքի նկատմամբ։

Սնուցումը փոքր բաժիններով Է (օրը 4 անգամից ոչ պակաս, որպեսզի ստամոքսը չծանրաբեռնվի) ու բազմատեսակ, հիվանդության 1-ին օրերին կալորիականության և ծավալի զգալի սահմանափակումով։ Նախընտրելի են խնձորի, ճակնդեղի, գազարի, սև սալորի խյուսերը, որոնք նպաստում են աղիքների բնականոն դատարկվելուն։ Սննդի օրաբաժնից բացառել փորափքանք առաջացնող սննդամթերքը (ոլոռ, կաթ, թարմ կաղամբ, կվաս), որպեսզի ստոծանու բարձրացումը չդժվարացնի սրտի աշխատանքը և չվատացնի արյունամատակարարումը։ Արգելվում են ճարպոտ միսը, ապուխտները, աղ դրած մթերքները, ալկոհոլը։ Այնուհետև (բժշկի ցուցումով) սննդակարգը հարստացվում է սպիտակուցներով (խաշած, ոչ ճարպոտ միս կամ ձուկ, կաթնաշոռ) ու ածխաջրերով (խոշոր աղացվածքի ալյուրով հաց, բանջարեղեն, հնդկացորենի ու վարսակի ապուրներ և այլն)։

Անհրաժեշտ է հետևել աղիքների ֆունկցիային, որպեսզի դրանք կանոնավոր դատարկվեն (ցանկալի է ամեն օր, բայց ոչ պակաս, քան 2 օրը մեկ)։ Ինքնուրույն չկղելու դեպքում միայն բժշկի ցուցումով օգտագործել լուծողական դեղանյութեր կամ կատարել մաքրող հոգնա։ Բուժման 1-ին օրերից (բարդություններ չլինելու դեպքում) բժիշկը նշանակում Է բուժական ֆիզկուլտուրայի անհատական համալիր՝ ներառելով վերջույթների պասսիվ և ակտիվ շարժումներ, շնչառական մարմնամարզություն։ Վարժություններն անցկացվում են բուժաշխատողի հսկողությամբ, վերահսկվում է հիվանդի սիրտանոթային համակարգի հակազդեցությունը։ Հիվանդության 2-րդ շաբաթից, որպես կանոն, կիրառվում են ոտքերի մկանների վարժություններ՝ հիվանդին քայլելու նախապատրաստման նպատակով։ Պետք է հետևել նաև սենյակի օդի մաքրությանը։ 

Վերականգնողական բուժումն ուղղված է սրտամկանի ինֆարկտով հիվանդի հետագա աշխատանքային գործունեության նախապատրաստմանը և սկսվում է բուժման 1-ին օրերից՝ բժշկի հսկողությամբ։ Մի դեպքում պահանջվում է սրտապնդել հիվանդին, օգնել ազատվելու ընկճվածությունից, բարեհաջող ելքի վստահություն ներշնչել, մեկ այլ դեպքում, չթերագնահատելով հիվանդության լրջությունը՝ հիվանդին բացատրել իր աշխատանքային և այլ հնարավորությունների սահմանները, նախապատրաստել կյանքում ու աշխատանքում անհրաժեշտ անցումներին։
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո բուժումն իրականացնում է պոլիկլինիկայի բժիշկը՝ դիսպանսերային մեթոդով (ակտիվորեն հետևել հիվանդին և կանխարգելել հիվանդության սրացումը)։ 

Հիվանդանոցի սխեմայով հիվանդը շարունակում է զբաղվել բուժական ֆիզկուլտուրայով՝ վերահսկելով անոթազարկի հաճախությունը և ընդհանուր ինքնազգացողությունը վարժությունների ընթացքում և հետո։ Մաքուր օդում զբոսանքը 0,5 ժ-ից աստիճանաբար հասցնել 2 ժ, համաչափ ու ոչ արագ քայլքով: Բեռնվածությունը չպետք Է հանգեցնի հևոցի, սրտի կամ կրծոսկրի շրջանում տհաճ զգացոդությունների։ Վերականգնման կարևոր փուլը հիվանդի բուժումն է սրտաբանական առողջարաններում, որով հնարավորություն Է ստեղծվում էլ ավելի ընդլայնել ռեժիմը (բժշկի հսկողությամբ)։ Մեծ հիվանդանոցներում ստեղծված են սուր սրտամկանի ինֆարկտով հիվանդների արագ բուժման բաժանմունքներ՝ սրտի գործունեության վիճակի մասին շուրջօրյա Էլեկտրասրտագրային հսկողությամբ և վտանգավոր վիճակներում անհապաղ օգնություն ցույց տալու հնարավորություններով։ Այս բոլորը վերականգնող, միջոցառումների, դիսպանսերային հսկողության, առողջարանային բուժման հետ միասին հնարավորություն են տալիս հիվանդների մեծ մասին վերադառնալ ակտիվ աշխատանքային գործունեության։

Կանխարգելում
Աթերոսկլերոզի կանխումը զգալիորեն նպաստում է սրտամկանի ինֆարկտի կանխարգելմանը։ Սրտամկանի ինֆարկտից հետո կանխարգելիչ միջոցառումներն ուղղված են սրտի իշեմիկ հիվանդության սրացումների, սրտամկանի ինֆարկտի կրկնվելու և սրտի գործունեության խանգարումների կանխմանը։

Օրվա ռեժիմը պետք է լինի խիստ չափավորված, ամեն օր վեր կենալ ու քնել նույն ժամերին։ Քնել 7 ժամից ոչ պակաս։ Շտապողականությունն ու արագ քայլքը սառը օդում կարող են նոպայի պատճառ դառնալ։ Արգելվում են ֆիզիկական և նյարդային լարումով աշխատանքները և այլն։ Հանգստյան օրերն ու արձակուրդն անցկացնել մաքուր օդում, օգտակար են զբոսանքը, թեթև ֆիզիկական բեռնվածությունը, որոնք մարզում են սիրտանոթային համակարգը, բարելավում սրտամկանի կծկողականությունը և արյունամատակարարումը։ Սնուցումը պետք է լինի չորսանգամյա, բազմատեսակ, վիտամիններով հարուստ և սահմանափակ կալորիականությամբ (օրական 2500 կկալ-ից ոչ ավելի)։ Ճիշտ սնուցման դեպքում հիվանդի քաշը չպետք է ավելանա։

Սրտամկանի ինֆարկտի կանխարգելման անհրաժեշտ պայմաններից են չծխելը, ալկոհոլը չչարաշահելը։ Քանի որ նյարդային խանգարումները նոպայի առաջացման անմիջական պատճառ են, ուստի շատ կարևոր է ընտանիքում և աշխատավայրում բնականոն փոխհարաբերությունների պահպանումը։ Առողջարարական բուժման բնույթն անպայման պետք է համաձայնեցնել բժշկի հետ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին