Սպոնդիլիտը (ողնաշարաբորբը) ողնաշարի քրոնիկական բորբոքային հիվանդություն է: Տուբերկուլոզային սպոնդիլիտով հաճախ հիվանդանում են մինչև 10 տարեկան երեխաները, սիֆիլիսայինով` 40-50, իսկ Բեխտերևի հիվանդության դեպքում` 20-30 տարեկանները:

Պատճառներ
Հիվանդության հիմնական պատճառը տուբերկուլոզային վարակն է: Հազվադեպ առաջանում է սիֆիլիսի, շողասնկախտի, ստաֆիլոկոկային վարակի (ողնաշարի սուր և քրոնիկական ոսկրածուծաբորբ), Բեխտերևի և այլ հիվանդությունների ժամանակ:

Պաթոգենեզ
Ախտահարման տեղակայումը տարբեր է. տուբերկուլոզային սպոնդիլիտին առավել բնորոշ են ողնաշարի կրծքային հատվածի, սիֆիլիսայինին` պարանոցի, Բեխտերևի հիվանդությանը` գոտկային և կրծքային հատվածների փոփոխությունները: Որպես կանոն, հիվանդությունն սկսվում է աստիճանաբար, հիվանդի համար աննկատ:
Սպոնդիլիտի ժամանակ քայքայվում է ողնի մարմինը, ձևախախտվում է ողնաշարը: Բնորոշ է կուզի առաջացումը` ողնաշարի անկյունային ծռումները: Ողների մարմինների անհավասար քայքայման հետևանքով առաջանում են կողմնային ծռումներ (սկոլիոզ), որոնք հաճախ նկատվում են ողնաշարի գոտկային հատվածում:
Առաջանում են ողնաշարի և շրջապատող հյուսվածքների համառ ցավեր, որոնք ուղեկցվում են օրգանիզմի ընդհանուր թունավորման ախտանշաններով (թուլություն, ջերմաստիճանի բարձրացում, նիհարում): Հիվանդության բուռն շրջանը բնորոշվում է ողնաշարի ձևախախտումներով (կուզ), շրջապատող հյուսվածքներում հնարավոր է թարախակույտերի առաջացում: Գործընթացը մեղմանալիս ցավերն աստիճանաբար անհետանում են և ընդհանուր վիճակը լավանում է: սակայն գործընթացի կայունացումը դեռևս առողջացում չէ: Առկա <<նիրհող>> վարակի օջախներից կարող է հիվանդությունը կրկնվել:
Սպոնդիլիտը ախտորոշվում է հիվանդի կլինիկալաբորատորային և ռենտգենաբանական հետազոտությունների հիման վրա:

Բուժում
Բուժումը հիմնականում հիվանդանոցային է: Ներառում է հակաբակտերիային բուժում, օրթոպեդական մեթոդներ (գիպսային մահճակալի, սեղմիրանի գործածում, ողնաշարի անշարժացում և այլն), օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող առողջարանային բուժում և այլ միջոցառումներ: Երբեմն ցուցված է վիրահատական միջամտություն: Ժամանակին բուժվելու դեպքում հիվանդության ելքը բարեհաջող է:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին