Որպես կլինիկական համախտանիշ սպլենոմեգալիայի մասին պետք է մտածել այն դեպքում, երբ որովայնի ձախ թուլակողում հաջողվում է շոշափել փայծաղի ստորին բևեռը, ինչը, բնականաբար, հարուցում է գործիքային հետազոտման անհրաժեշտություն: Ի տարբերություն այլ օրգանների, փայծաղի մեծացումը շատ ավելի հաճախ հանդիսանում է որևէ լուրջ ախտաբանական վիճակի միակ դրսևորումը: Ընդ որում, շուրջ 6% դեպքերում առողջ անձանց մոտ կարող է դիտվել փայծաղի մի փոքր մեծացում, իսկ տրոպիկական երկրներում սպլենոմեգալիա նկատվում է 60-70% հաճախականությամբ:

Սպլենոմեգալիայի պատճառները բաժանվում են հետևյալ խմբերի.
1. Բորբոքային հիվանդություններ (սուր կամ ենթասուր վարակ, տիֆ-պարատիֆային ինֆեկցիա, սեպսիս, փայծաղի թարախակույտ, վարակային մոնոնուկլեոզ, բակտերիալ էնդոկարդիտ, խրոնիկական վարակային հիվանդություններ` բրուցելլոզ, պալարախտ, սիֆիլիս, մալարիա, լեյշմանիոզ, հիստոպլազմոզ, բերիլիոզ և այլն):
2. Ցիրկուլյատոր սպլենոմեգալիաներ (լյարդի ցիռոզ, դռներակի կամ փայծաղի երակի թրոմբոզ, սրտային հիվանդություններ):
3. Հիպերպլաստիկ սպլենոմեգալիաներ (հեմոլիտիկ, Ադիսոն-Բիրմերի, մակրոցիտար, մանգաղաձև սակավարյունություններ, հեմոգլոբուլինոպաթիաներ, միելոֆիբրոզ, համակարգային կարմիր գայլախտ, թիրեոտոքսիկոզ, էրիթրեմիա և այլն):
4. Ներսփռանքային սպլենոմեգալիաներ (ամիլոիդոզ, շաքարախտային ճարպակալում):
5. Կիստոզ սպլենոմեգալիաներ
6. Ուռուցքային (լեյկոզներ, լիմֆոգրանուլեմատոզ լիմֆոմաներ, միելոպրոլիֆերատիվ հիվանդություններ, մետաստատիկ ախտահարումներ):

Տարբերակիչ ախտորոշումն իրականացվում է հուշաքննության, զննման, շոշափման, գործիքային և լաբորատոր հետազոտությունների արդյունքների տրամաբանական վերլուծության և համադրման օգնությամբ: Դրա դյուրինացման նպատակով որոշիչ նշանակություն են ստանում հետևյալ ախտանիշները, որոնք զուգորդվում են սպլենոմեգալիայի հետ:
1. Լյարդի միաժամանակյա մեծացում (հեպատոլիենալ համախտանիշ): Այն բնութագրական է հեպատիտներին, լյարդի ցիռոզին, խոլանգիտին, Բանտիի համախտանիշին, հեմոլիտիկ սակավարյունություններին, լեյկոզներին, Ադիսոն-Բիրիմերի հիվանդությանը, էրիթրեմիային (Վակեզի հիվանդություն), միելոֆիբրոզին, օստեոսկլերոզին, էրիթրո-բլաստոզին, թալասեմիային, հեմոքրոմատոզին, Գոշեի հիվանդությանը, լիպոիդոզներին, ամիլոիդոզին, էսենցիալ հիպերլիպեմիային, հիպերխոլեստերինեմիային, լիմֆոգրանուլեմատոզին, սիֆիլիսին, մալարիային, վարակային մոնոնուկլեոզին և հիստոպլազմոզին:
2. Բարձր ջերմային հակազդում (տենդ): Այն հատկանշական է սեպսիսին, վարակային մոնոնուկլեոզին, հեպատիտներին, մալարիային, բակտերիալ էնդոկարդիտին, միլիար պալարախտին, տիֆ-պարաֆիտային վարակիչ հիվանդություններին, լեպտոսպիրոզին, խոլանգիտներին, լեյկոզներին, լիմֆոգրանուլեմատոզին, լիմֆոսարկոմային, փայծաղի թարախակույտին, սարկոիդոզին և բրուցելյոզին:
3. Դեղնություն` հեմոլիտիկ սայավարյունություններ, լյարդաբորբեր, լեղային ցիռոզ, խոլանգիտ, խոլանգիոհեպատիտներ:
4. Ավշային հանգույցների մեծացում, որը կարող է նկատվել խրոնիկական լիմֆոլեյկոզի, լիմֆոգրանուլեմատոզի, լիմֆոսարկոմատոզի, պալարախտի, համակարգային կարմիր գայլախտի դեպքերում:
5. Բարձր արյունահոսականություն` տրոմբոցիտոպենիկ պուրպուրա, սուր լեյկոզներ, սեպսիս, բակտերիալ էնդոկարդիտ:
6. Պլեթորա. խիստ բնութագրական է էրիթրեմիայի (Վակեզի հիվանդության) համար:
7. Ոսկրային փոփոխություններ` Գոշեի հիվանդություն (լիպոիդոզ, որը դրսևորվում է ընդհանուր թուլությամբ, ավշագեղձերի մեծացմամբ, սպլենոմեգալիայով և բարձր արյունահոսականությամբ), միելոսկլերոզ:
8. Սակավարյունություն` Ադիսոն-Բիրիմերի հիվանդություն, սեպսիս, հեմոլիտիկ սակավարյունություն, առաջնային երկաթ-պակասուրդային անեմիա, ուռուցքային հիվանդություններ, լեյկոզներ, լիմֆոգրանուլիմատոզ:
9. Լեյկոպենիա` սպլենոմեգալիկ ցիռոզ, սարկոդիոզ, լիմֆոգրանուլիմատոզ, համակարգային կարմիր գայլախտ, ռևմատիոդ արթրիտ, Ֆելթիի համախտանիշ:
10. Լեյկոցիտոզ` բակտերիալ էնդոկարդիտ, վարակային մոնոնուկլեոզ, մալարիա, փայծաղի թարախակույտ, լեյկոզներ, լիմֆոսարկոմա, պոլիցիտեմիաներ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին