Սպազմոֆիլիան (մանկական տետանիա) արյան մեջ կալցիումի պարունակության նվազումով պայմանավորված վիճակ է, որը բնորոշվում է պարբերաբար առաջացող ջղաձգություններով: Հիվանդանում են ռախիտի ֆոնի վրա` մինչև 2 տարեկան, հատկապես 6-12 ամսական երեխաները (գարնանը):

Պատճառներ
Սպազմոֆիլիայի առաջացմանը նպաստում են երեխայի անբավարար խնամքը, ոչ ճիշտ կերակրումը, մաքուր օդում անկանոն կամ անբավարար գտնվելը:

Պաթոգենեզ
Հիվանդությունն ընթանում է գաղտնի և ակնհայտ ձևերով: Գաղտնի ձևը բնորոշվում է երեխայի միայն նյարդային դրդողականության բարձրացմամբ: Տարբեր հիվանդություններ միանալու, ինչպես նաև ռախիտի սրացման դեպքում գաղտնի ձևից անցնում է ակնհայտի, առաջանում են տարբեր մկանների ջղաձգություններ: Հաճախ երեխայի ճչալու կամ լացի ժամանակ նկատվում են ձայնաճեղքի սեղմում և մկանների ջղաձգային կծկումներ (կարող է մի քանի վայրկյան բերանը բաց կարկամել): Շնչառությունը լինում է հոգոցանման կամ աքաղաղի կանչի նման: Երեխաների շնչառությունը մեծ մասամբ մի քանի վայրկյանից վերականգնվում է, բայց երբեմն կարող է լրիվ դադարել: Լինում են նաև ձեռքի և ոտնաթաթի մկանների կծկումներ, որոնք կարող են շարունակվել մի քանի ժամից մինչև մի քանի օր: Հազվադեպ են հանդիպում կրծքավանդակի և բրոնխների մկանների ջղաձգություններ, որոնք շատ վտանգավոր են (ուղեկցվում են շնչահեղձությամբ):
Առավել վտանգավոր են գիտակցության կորստով ընդհանուր ջղաձգությունները, երբ հիվանդը սկզբում գունատվում է, դեմքի մկանները ցնցվում են, այնուհետև առաջանում են ընդհանուր ջղաձգություններ: Գլուխը հետ է թեքվում, շրթունքները կապտում են, շնչառությունը խանգարվում է, նկատվում է թքարտադրություն, իսկ երբեմն էլ ակամա միզարձակում և կղում: Ջղաձգություններն օրվա մեջ կարող են կրկնվել մի քանի անգամ (սովորաբար 20-30 րոպե) և դադարելուց հետո, որպես կանոն, հետևանք չեն թողնում: Հազվադեպ են շնչառության կամ սրտի գործունեության դադարից մահացությունները:

Բուժում
Ջղաձգությունների դեպքում անհրաժեշտ է շտապ բժիշկ կանչել, ստեղծել հանգիստ իրավիճակ, իսկ մինչև բժշկի գալը, եթե երեխան դժվար է շնչում, ապահովել մաքուր օդ, թթվածին (թթվածնային բարձիկով): Նոպայից հետո որոշ ժամանակ արգելվում են կովի կաթը, բանջարեղենը:

Կանխարգելում
Սպազմոֆիլիայի կանխարգելումը ենթադրում է երեխայի ճիշտ խնամք, անհրաժեշտ և բավարար սնունդ, կանոնավոր մաքուր օդ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին