Ոտնաթաթի սնկախտերի (միկոզներ) հարուցիչը մանրադիտակային սնկիկն է, որն ախտահարում է ոտնաթաթի մաշկը և մատները։

Պատճառներ
Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է. հարուցիչն արտաքին աշխարհ է ընկնում մաշկի թեփուկների, փշրված եղունգների հետ։ Վարակվում են ավելի հաճախ ընտանիքում, հանրակացարանում՝ ուրիշի (հիվանդի) կիսագուլպաները, գուլպաները, հողաթափերը, ներքնաշորը, ոտքերը լվանալու թասը, ճիլոպը, մկրատը և խնամքի այլ առարկաներ օգտագործելիս։ Հնարավոր է վարակվել բաղնիքում, ցնցուղարանում, լողավազանում, լոգարանում, եթե խախտվում են անձնական և հասարակական հիգիենայի կանոնները։ Նկատվում են վարակման դեպքեր պեդիկյուրի ժամանակ, եթե գործիքներն օգտագործելուց առաջ վարակազերծված չեն։ Նախատրամադրող գործոններ են ոտնաթաթի քրտնոտությունը, հարուկները, մաշկի ամբողջականության խախտումները, ոտքերի երակների հանգուցավոր լայնացումները և այլն։

Պաթոգենեզ
Սնկիկն ավելի հաճախ ներթափանցում է ոտնաթաթի, ներբանի, միջմատնային ծալքերի մաշկի մեջ, և 1-ին ախտանշաններն արտահայտվում են այդ հատվածների մաշկի թեփոտմամբ, որոնք հաճախ հիվանդը կարող է չնկատել։ Թեփոտումը հետագայում փոխարինվում է տարբեր չափերի բշտիկներով, որոնք սկզբում լցված են լինում թափանցիկ, այնուհետև՝ պղտոր հեղուկով։ Բշտիկները միաձուլվում են և պատռվելով՝ առաջացնում բորբոքային կարմիր թացացող հատվածներ, որոնք ուղեկցվում են ցավերով և քորով։ Մատների կողմնային մակերևույթների մաշկը սպիտակում է, փխրունանում և թիթեղիկների ձևով պոկվում, ծալքերի խորքում առաջանում է ճաք, որն ուղեկցվում է ցավերով, քորով։ Հետագայում բոլոր ախտանշանները մեղմանում են, մնում է միայն թեթևակի թեփոտումը։ Սակայն հիվանդությունը դեռևս չի բուժվում, սնկիկը շարունակում է ապրել մաշկի եղջերաշերտում։ Առանց բուժման հիվանդությունը դառնում է քրոնիկական։ Սնկիկներով ախտահարված եղունգները կորցնում են փայլը, նրանց հաստության մեջ ի հայտ են գալիս դեղին բծեր և զոլեր, եղնգաթիթեղիկները հաստանում են, փխրունանում և փշրվում։ Եղունգների փշրունքների, ինչպես նաև ոտնաթաթի և միջմատնային ծալքերի թեփերի մեջ պարունակվում են սնկիկների միցելների թելեր և սպորներ։

Բուժում
Սնկիկի առկայությունն ախտորոշում է բժիշկը։ Մաշկի թեփերի և եղունգների քերուկների մանրադիտակային հետազոտության ժամանակ հայտնաբերվում են սնկիկներ, իսկ սննդարար միջավայրերի վրա նրանց ցանքսն օգնում է որոշել սնկիկի տեսակը։ Ոտնաթաթի սնկախտի բարձիթողի դեպքերում (հատկապես՝ ախտահարված եղունգների) բուժումը շատ դժվար է, երկարատև։ Դրա համար հիվանդության 1-ին ախտանշաններն ի հայտ գալիս անհրաժեշտ է դիմել բժշկի։ Ինքնաբուժումը հանգեցնում է ծանր բարդությունների։ Օրինակ՝ ոտնաթաթի էպիդերմոֆիտիայի ժամանակ կարող են առաջանալ ալերիգական ցաներ, որոնք հիշեցնում են էկզեմա և չափազանց դժվար են բուժվում։

Կանխարգելում
Անհատական կանխարգելման համար խորհուրդ Է տրվում չօգտվել ուրիշի կոշիկներից, կիսագուլպաներից, մկրատներից, բաղնիքում, ցնցուղարանում, լողավազանում հարկավոր է հագնել ռետինե կամ պլաստմասսայե հողաթափեր։ Ոտնաթաթի (հատկապես՝ միջմատնային ծալքերի և ներբանների) մաշկը չորացնել առանձին չոր սրբիչով։ Անհրաժեշտ է բուժել ոտնաթաթերի քրտնոտությունը։ Ընտանիքի բոլոր անդամները պետք է հետազոտվեն դիսպանսերում։ Հասարակական կանխարգելման նպատակով պետք է ամեն օր մաքրել ու վարակազերծել շինությունը և բաղնիքի, ցնցուղարանի, մարզական դահլիճների գույքը, վարսավիրանոցներում ու բաղնիքներում՝ պեդիկյուրի և մանիկյուրի գործիքները։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին