Հիվանդություններ են, որոնք զարգանում են մեկ կամ մի քանի վիտամինների անբավարար ներմուծման հետևանքով։ Տարբերում են գործոնների երկու հիմնական խումբ, որոնցով պայմանավորվում են վիտամինային անբավարարության կամ հիպովիտամինոզների զարգացումը.
1. էկզոգեն (ալիմենտար)
2. էնդոգեն (ներքին)։

Էկզոգեն (ալիմենտար) հիպովիտամինոզները զարգանում են սննդի հետ վիտամինների անբավարար ներմուծումից (ոչ ճիշտ սնուցում, բանջարեղենային հավելյալ սնուցման, հյութերի ուշ օգտագործում և այլն):

Էնդոգեն հիպովիտամինոզները սովորաբար կապված են ստամոքսաաղիքային համակարգում վիտամինների ներծծման խանգարումների հետ, ինչպես նաև որոշ հիվանդությունների կամ դեղամիջոցների ընդունման ժամանակ վիտամինների բարձր պահանջարկի հետ։ Ստամոքսաաղիքային համակարգի շատ հիվանդություններ ուղեկցվում են մարսողության և ներծծման անբավարարության համախտանիշով։ Այդ առումով մանկական տարիքում հատուկ նշանակություն ունեն աղիքային վարակները (աղիքների սուր և քրոնիկական հիվանդություններ), հակաբիոտիկների երկարատև կիրառումը, որը հանգեցնում է դիսբակտերիոզի։ Մանկական տարիքում հաճախ է հանդիպում վիտամինային անբավարարություն, որովհետև այդ տարիքում աճող օրգանիզմը բարձրացած պահանջարկ ունի վիտամինների նկատմամբ։ Հաճախ հիվանդության պատճառ կարող է լինել էկզոգեն և էնդոգեն գործոնների համակցությունը։

Կլինիկան։ Վիտամինային անբավարարության երևույթները սկսվում են աստիճանաբար։ Տարբերում են հիպովիտամինոզների զարգացման երեք շրջան։

   1. Առաջին շրջանը՝ նախահիպովիտամինոզային, արտահայտվում է քիչ յուրահատուկ ախտանիշներով։ Այս շրջանում վիտամինային անբավարարություն կարելի է հայտնաբերել միայն հատուկ լաբորատոր հետազոտություններով։
   2. Երկրորդ շրջանը զարգանում է վիտամինային զգալի պակասության դեպքում, բնորոշվում է հիվանդության ակնհայտ կլինիկական նշաններով։
   3. Երրորդ շրջանը այս կամ այն վիտամինային անբավարարության ծայրահեղ աստիճանն է։ Անհրաժեշտ է նշել, որ կլինիկայում նկատվում են ոչ միայն մոնո, այլև պոլիհիպովիտամինոզներ, որոնք օրգանիզմում զարգանում են ոչ միայն մեկ, այլև մի քանի վիտամինների անբավարարությունից։

C Վիտամինի անբավարարություն (C ԱՎԻՏԱՄԻՆՈԶ, ՍԿՈՐԲՈՒՏ, ՑԻՆԳԱ)։ Բնորոշ է լնդերի փափկեցումը և արյունահոսականությունը, ենթամաշկային արյունազեղումները (էկխիմոզ): Մաշկը գունատ է` հիպերկերատոզի երևույթներով։ Նկատվում է ոտքերի թաթերի աննշան այտուց, ցավեր` հատկապես ներբաններում։ Կարող են լինել էպիֆիզների ցավոտ մեծացումներ։ Որոշ հիվանդների մոտ նկատվում են շրթունքների, քթի, ականջների, եղունգների կապտուկ։ Հիպովիտամինոզների թեթև ձևերի դեպքում նշվում է բարձր զգայնություն ցրտի նկատմամբ։ Հիվանդների մոտ լինում է նաև ընդհանուր թուլություն, հոգնածություն։
Վաղ տարիքի երեխաների մոտ կարող են հայտնվել ներմկանային և ենթավերնոսկրային հեմատոմաներ, ստոմատիտներ, ենթատենդային ջերմություն։

Բուժումը։ Նշանակվում են թարմ բանջարեղեն, մրգեր, մասուրի, ցիտրուսների, հատապտղի (սև հաղարջ, լոռամիրգ) թուրմեր և օշարակներ, ասկորբինաթթու՝ օրը 300-600 մգ։

 

 

 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին