Բծային սիֆիլիդը (syphilis maculosa, roseola syphilitica) կամ սիֆիլիսային վարդաբիծը մաշկի ախտահարման ամենահաճախ հանդիպող ձևն է երկրորդային շրջանի սկզբում։ Առաջանալով որպես երկրորդային սիֆիլիսի առաջին արտահայտությունը, վարդաբիծը բնութագրվում է բազմաթիվ, ոչ խիստ սահմանազատված, անկանոն կլոր ձևի, ոսպից մինչև 10-15 կոպեկանոց դրամի մեծության վարդագույն բծերի առատ, սիմետրիկ ցանավորում իրանի ու վերջույթների շրջանի մաշկի վրա (ծայրահեղ հազվադեպ դեմքի, դաստակների ու ոտնաթաթերի մաշկի վրա)։

Վարդաբծերը, առաջին օրերին լինելով վառ վարդագույն, հետագայում ձեռք են բերում թույլ վարդագույն, խամրած երանգ։ Մատով կամ առարկայական ապակիով սեղմելիս նրանք անհետանում են, ճնշումը դադարեցնելիս դարձյալ հայտնվում են։ Միայն արդեն երկար ժամանակ գոյություն ունեցող բծերի վրա սեղմելիս վարդագույնի տեղում մնում է դեղնավուն բիծ, պայմանավորված Էրիթրոցիտների քայքայումով՝ ու հեմոսիդերինի կուտակումով։

Բծերը տեղադրվում են օջախայնորեն, առանձին-առանձին և միայն շատ հազվադեպ մասնակիորեն միաձուլվում են։ Որպես կանոն, նրանք չեն թեփոտվում։ Սուբյեկտիվ խանգարումները, մասնավորապես քորը, բացակայում են։ Պահպանվելով միջինը 3-4 շաբաթ, վարդաբիծը անցնում է, չթողնելով ոչ մի հետք։ Առանձին դեպքերում վարդաբծերը կարող են սկզբում մաշկի մակարդակից թեթևակի վեր բարձրանալ (roseola elevata):

Կրկնվող վարդաբիծը տարբերվում է առաջնայինից նախ և առաջ պակաս տարածվածությամբ։ Տեղակայվում է մաշկային ծածկույթի միայն առանձին տեղամասերում, շատ անգամ խմբավորվելով ու կազմելով օղանման կամ աղեղանման պատկերներ։ Վարդաբծերը սովորաբար ունենում են քիչ ավելի մեծ չափեր ու ավելի արտահայտված կապտավարդագույն երանգավորում։

Հյուսվածաախտաբանորեն հայտնաբերվում է աննշան բորբոքային ինֆիլտրատ, տեղադրված բուն մաշկի պտկիկային շերտի անոթների շուրջը և կազմված լիմֆոցիտներից, պլազմատիկ բջիշներից ու հիստիոցիտներից։ Անոթները լայնացած են, նրանց էնդոթելը ենթարկված է հիպերպլազիայի:

Սիֆիլիսային վարդաբծի (հատկապես թարմ) ախտորոշումը դժվարություն չի ներկայացնում։ Տոքսիկ վարդաբիծը, որն առաջանում է դեղանյութերի կամ անորակ սննդի ընդունումից, տարբերվում է ավելի սուր ընթացքով և ավելի վառ գունավորումով։ Առանձին բծերն ունեն միաձուլվելու հակում։ Կասկածելի դեպքերում սիֆիլիսի ախտորոշումը կարող է հաստատվել Վասերմանի ռեակցիայի դրական արդյունքով։

Բծավոր ու որովայնային տիֆերի ժամանակ առաջացող վարդաբծային ցանավորումը միշտ ուղեկցվում Է այդ հիվանդություններին բնորոշ ընդհանուր խանգարումներով։ Բացի ղրանից, վարդաբիծը բծավոր ու որովայնային տիֆի ժամանակ այնքան էլ առատ չէ և շատ անգամ ընդունում է պետեխիալ բնույթ։ Այն դեպքերում, երբ սիֆիլիսային վարղաբծի հանդես գալուն նախորդում է նախանշանային տենդ, այն սովորաբար չի հասնում այնպիսի բարձր թվերի, ինչպես տիֆերի ժամանակ, այլ սովորաբար իջնում է վարդաբծային ցանավորման առաջացման առաջին իսկ օրերին և չի ուղեկցվում արտահայտված ընդհանուր խանգարումներով։

Maculae coeruleae-ները, որոնք առաջանում են ցայլքի ոջիլների կծելու tեղում, տարբերվում են սիֆիլիսային վարդաբծերից իրենց գույնով և նրանով, որ մատով ճնշելիս չեն անհետանում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին