Պտղի վարակումը սիֆիլիսով տեղի է ունենում ընկերքի անոթների միջոցով՝ ներարգանդային կյանքում։ Հիվանդությունը փոխանցվում է մորից, գլխավորապես նրա վարակման առաջին երեք տարիներին։ Պտղի ներարգանդային ախտահարումը կարող է վիժումների, ինչպես նաև վաղաժամ ծննդաբերության և մեռելածնության պատճառ լինել։ Ըստ հիվանդության նշանների առաջացման ժամկետների, տարբերում են.
1. վաղ (մինչև 4 տարեկանը)
2. ուշ (5-17 տարեկանը) բնածին սիֆիլիս։

Վաղ բնածին սիֆիլիսն իր հերթին տարբերակվում է
1. պտղի,
2. կրծքային (մինչև 1 տարեկանը) և
3. վաղ մանկական (1-4 տարեկանը) տարիքի բնածին սիֆիլիսների։

Սիֆիլիսը պտղի մոտ սովորաբար զարգանում է հղիության V ամսից։ Բնորոշվում է պտղի առավելապես ներքին օրգանների և ոսկրային համակարգի ախտահարումով, որն արտահայտվում է տարածուն բորբոքային մանր բջջային ներսփռանքով (ինֆիլտրացիայով) և շարակցական հյուսվածքի հետագա աճով։

Լյարդը, փայծաղը և խողովակավոր ոսկրերը հաճախ են ախտահարվում։ Ներքին օրգաններում զարգացող ծանր փոփոխությունները հաճախ պատճառ են դառնում պտղի մահացման։

Բնածին սիֆիլիսը կրծքի երեխաների մոտ սովորաբար արտահայտվում է կյանքի 2-3-րդ ամիսներին։ Երեխաների մարմնի զանգվածն աստիճանաբար պակասում է, բարձրանում է ջերմաստիճանը, զարգանում է սակավարյունություն, դեղնուկ, լյարդը և փայծաղը մեծանում են։ Ներքին օրգանների ախտահարումը (հեպատիտ, նեֆրիտ, թոքաբորբ) ուղեկցվում է մաշկի և լորձաթաղանթի տարբեր բնույթի ցանավորումով։ Ներբանների, ափերի, հազվադեպ նախաբազուկների, սրունքների, մաշկի վրա գոյանում են բալի մեծության բորբոքային օղակով շրջափակվող արյունաթարախային բշտեր, որոնց հատումից բորբոքային ինֆիլտրացիայի ենթարկված մաշկն արյունահոսում է։ Մաշկի տարածուն ցանավորումը կարող է հոծ էրիթեմայի կամ միաձուլվող բծերի ձևով հայտնվել մարմնի ամենատարբեր մասերում, որից հետո մաշկը կարծրանում է և նրա ծալքերն անհետանում են։ Բերանի շրջակայքի շտերը միաձուլվում են և առաջացնում խորը ճառագայթաձև ճեղքերով հոծ էքսուդատիվ կուտակներ։ Քթի լորձաթաղանթների էրոզիվ շտերից կեղևիկներ են գոյանում, որոնք խանգարում են քթային շնչառությանը, և երեխան չի կարողանում ծծել կուրծքը։ Սիֆիլիսային հարբուխը հաճախ երևան է գալիս որպես բնածին սիֆիլիսի առաջին նշաններից մեկը, երբեմն՝ իբրև միակ արտահայտությունը։ Պտղի կյանքի առաջին ամիսների համար բնորոշ է օստեոխոնդրիտը։ Այն, որպես կանոն, զարգանում է խողովակավոր ոսկրերի մետաֆիզար հատվածներում և հաճախ ավարտվում ախտաբանական կոտրվածքներով։ Կարող են զարգանալ նևրոլոգիական երևույթներ, որոնք արտահայտվում են Կերնիգի և Բրուդձինսկու ախտանիշներով, գլխուղեղային նյարդերի պարալիզներով, ցնցումներով։ Ուղեղի զարգացման խանգարման և ակտիվ սիֆիլիսային պրոցեսի հետևանքով հաճախ նկատվում է հոգեկան ընդհանուր թերզարգացում։ Կյանքի առաջին ամիսներին երեխաների մոտ աչքերի ախտահատուկ խորեոռետինիտի պատկեր է զարգանում։

Բնածին սիֆիլիսը վաղ մանկական տարիքի երեխաների մոտ բնորոշվում է մաշկի, լորձաթաղանթների և ոսկրերի առավելագույն ախտահարումով։ Ցանը համեմատաբար քիչ է և նմանվում է երկրորդային սիֆիլիսի ժամանակ նկատվող ցանին։

Բնածին սիֆիլիսի ախտորոշումը կատարվում է կլինիկայի, մանկաբարձական անամնեզի, շճաբանական հետազոտությունների հիման վրա։

 


 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին