Սիբիրախտը (սիբիրյան խոց) կենդանիների եւ մարդու սուր վարակիչ հիվանդություն է։ Կենդանիների սիբիրախտը հայտնի է հնագույն ժամանակներից։ Դրա համաճարակները հաճախ ոչնչացնում էին անասունների հսկայական զանգվածներ։ 19-րդ դարում հիվանդությունը շատ տարածված էր։ Այժմ հանդիպում է առանձին բռնկումներով։ Սիբիրախտի նկատմամբ առավել զգայունակ են ոչխարները, այծերը, խոշոր եղջերավոր անասունները, գոմեշները, ձիերը, էշերը, եղջերուները, ուղտերը, համեմատաբար քիչ՝ խոզերը։ Հիվանդանում են նաեւ վայրի սմբակավոր կենդանիները, նաեւ՝ կրծողները։

Պատճառներ
Հիվանդության հարուցիչը սիբիրախտի ցուպիկն է, որն արտաքին միջավայրում սպորավորվում է, իսկ օրգանիզմում՝ պատիճավորվում։ Սպորները քիմիական եւ ֆիզիկական ազդակների նկատմամբ խիստ դիմացկուն են, հողում կենսունակ են մնում երկար տարիներ, դիմանում են մինչեւ մեկ ժամ եռացնելուն։ Սիբիրախտով վարակված գիշակեր գազաններն ու թռչունները երկար ժամանակ վարակի աղբյուր են։ Վտանգավոր է հատկապես հիվանդ կենդանու դիակը, որը, ինչպես նաեւ վարակված հողը, ջուրը, կերերը վարակի փոխանցման, իսկ վայրի կենդանիները, արյունածուծ միջատները՝ տարածման աղբյուր են։
Մարդիկ սիբիրախտով վարակվում են հիվանդ կենդանիներ խնամելիս, հարկադրական մորթի եւ մսեղիքը կտրտելու ժամանակ եւ վարակակիր հումքի (մաշկ, մորթի, բուրդ, եղջյուրներ, սմբակներ եւ այլն) հետ շփվելիս։ Խիստ հազվադեպ են հիվանդ մարդուց վարակվելու դեպքերը։

Պաթոգենեզ
Վարակվելուց 2-3 օր անց մաշկը սկսում է քորվել և կոշտանալ: Հիմնականում վարակը տեղակայվում է մարմնի բաց մասերում, առավելապես ախտահարվում են վերին վերջույթները, գլխի մաշկը, ինչպես նաև պարանոցը։ Ախտահարված հատվածում զարգանում է յուրահատուկ կարբունկուլ: Հիվանդի ջերմաստիճանը բարձրանում է, նկատվում է սրտխառնոց, գլխացավ, երբեմն նաև` փսխում: 2-րդ շաբաթվա վերջում կարբունկուլի կենտրոնում առաջանում է կեղև, որի պոկվելուց հետո սպի է մնում:

Բուժում
Սիբիրախտի բուժումն իրականացվում է հիվանդանոցում: Առավել արդյունավետ են հակասիբիրախտային գերիմուն շիճուկի ներարկումը եւ անտիբիոտիկները։ Ժամանակին սկսած բուժումը մեծ մասամբ բարեհաջող է լինում, բայց լինում են նաև մահացու ելքեր:

Կանխարգելում
Հիվանդության հետագա զարգացումը կանխելու համար այն տեղերում, որտեղ երբևէ տեղի են ունեցել սիբիրախտով վարակման դեպքեր, կիրառում են անասնաբուժասանիտարական համալիր միջոցառումներ եւ կենդանիների կանխարգելիչ իմունացում։ Սիբիրախտ հայտնաբերելու դեպքում տնտեսությունը կարանտինացնում են, հիվանդ կենդանիներին մեկուսացնում եւ բուժում, շենքերը վարակազերծում, դիակները՝ այրում։ Եթե կենդանիների վարակումը տեղի է ունեցել դաշտային պայմաններում՝ հողը կրկին վերափորում են եւ վարակազերծում, իմունացնում են մնացած կենդանիներին։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին