Ստրեպտոկոկային շփաբորբ (intertigo streptogenes)- Զարգանում է մաշկային ծալքերի շփվող մակերեսների վրա՝ ազդրա֊փոշտային, միջհետույքային, անութափոսային, կանանց մոտ կաթնագեղձերի տակ` ականջների խեցիների ետևը, գեր մարդկանց մոտ որովայնի ծալքերի` երբեմն ձեռնաթաթերի ու ոտնաթաթերի միջմատային շրջաններում: Բնորոշվում է մաշկային ծալքերում տարածուն էրոզիաներից թացացող վառ վարդագույն մակերեսի առաջացումով(խիստ սահմանագծված շրջապատող առողջ մաշկից) և նեղ էպիդերմալ օձիքով։ Ախտահարված տեղամասի ուրվագծերը սովորաբար խոշոր-ծոպավոր են։ Ծալքերի խորքում շատ անգամ լինում են արյունահոսող, ցավոտ ճաքեր։ Սուբյեկտիվորեն՝ այրոց, քոր և ցավ։ Ընթացքը երկարատև է։

Նախատրամադրող պատճառներն են՝ գերքրտնոտությունր, մաշկի ճարպոտությունը (այն ոչ բավարար չափով մաքուր պահելու դեպքում), ինչպես նաև գիրությունը։ Երբեմն ստրեպտոկոկային շփաբորբը զարգանում է դիաբետի ֆոնի վրա։

Ախտորոշումը։ Մաշկի նույնանման ախտահարում կարող են առաջացնել խմորասնկերը։

Բուժումը։ Թացության դեպքում՝ թրջոցներ ախտահանիչ լուծույթներով։ Լավ արդյունք են տալիս գենցիանվիոլետի քսուքներով և մածուկներով բուժումը։ Համառ ընթացող դեպքերում նշանակում են ծծմբաձյութային քսուքներ, երբեմն՝ ռենտգենոթերապիա։ Բուժումն ավարտելուց հետո, կրկնումները կանխելու նպատակով անհրաժեշտ է ամեն օր ախտահարված տեղամասերը շփել 2 %-անոց սալիցիլային սպիրտով ու ցանել տալկի վրա պատրաստած 5 %-անոց բորային փոշի։