Բակտերիալ (սեպտիկ) շոկը մանրէների (հատկապես գրամբացասական) ոչնչացման արգասիքների (էկզո- և էնդոտոքսիններ), ինչպես նաև հյուսվածքների քայքայված նյութերի հանկարծակի և մեծ քանակությամբ թափանցումն է արյան մեջ, որն առաջացնում է միկրոցիրկուլյացիայի սուր խանգարում և կոլապտոիդ վիճակ։

Կլինիկական պատկերը
Ամենավաղ ախտանիշներից են սարսուռն ու դողը, որոնք ուղեկցվում են ջերմության բարձրացումով մինչև 39-40°, հևոցը, էյֆորիան, հիվանդի կողմից իր վիճակի ոչ ադեկվատ գնահատումը։ Հիպերթերմիայի ժամանակ մաշկը չոր է, վառ կարմիր գույնի, ջերմության իջեցման դեպքում այն դառնում է սառը, գունատ-կապտավուն, հողագույն երանգով։ 
Ներանոթային հեմոլիզի զարգացման հետևանքով ծածկույթները դառնում են դեղնավուն (բրոնզագույն), արտահայտված ակրոցիանոզով և մարմարյա պատկերով։ Նկատվում են սիրտանոթային և թոքային անբավարարություն, զարկերակային ճնշման իջեցման միտում, լյարդ-երիկամային անբավարարություն, աղիների պարեզ կամ պարալիչ, արտահայտված օլիգուրիա (միզարտադրությունը փոքր 30 մլ/ժամից) կամ անուրիա։ Զարգանում է օգտագործման կոագուլոպաթիա, ՆՏՄ համախտանիշ, որը կլինիկորեն դրսևորվում է աբյունահոսականությամբ, արյունազեղումներով, մաշկային պետեխիաներով, նեկրոզով։ Ամենածանր բարդությունը երիկամային անբավարարությունն է, որի ժամանակ ցուցված է հիվանդի տեղափոխումը նեֆրոլոգիական բաժանմունք հեմոդիալիզի անցկացման համար։

Բուժումը. Ցուցված է ինֆեկցիոն օջախի հեռացումը, արդեն սկսած ինտենսիվ հակաբակտերիալ, ինֆուզիոն-տրանսֆուզիոն, գլյուկոկորտիկոիդային և ախտածնական բուժման մյուս բաղադրամասերի զուգակցմամբ։ Ցուցված է լայն սպեկտրի ազդեցության անտիբիոտիկների ներմուծումը՝ ցեֆալոսպորիններ, ամինոգլիկոզիդներ, մակրոլիդներ և մետրոնիդազոլ։ Սեպտիկ շոկի ժամանակ արդյունավետ է լայն սպեկտրի ցեֆալոսպորինների ներերակային ներմուծումը։ Գլյուկոկորտիկոիդները ներմուծվում են 500-750 մգ, երկու ժամը մեկ անգամ, մինչև հիվանդի շոկային վիճակից դուրս գալը։ Գլյուկոկորտիկոիդները բարելավում են միկրոցիրկուլյացիան, սիրտանոթային համակարգի աշխատանքը, թուլացնում են էնդոտոքսինների ազդեցությունը, իջեցնում անտիբիոտիկների մեծ քանակներից նկատվող կողմնակի ազդեցությունը։ ՆՏՄ համախտանիշի դեպքում ցուցված է արյան ուղղակի, թրոմբոցիտար զանգվածի, թարմ և սառեցված պլազմայի փոխներարկում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին