Նկարագրություն

Շնչափողաբորբը (տրաքեիտ) շնչափողի լորձաթաղանթի բորբոքումն է: Առավել հաճախ դիտվում է գարնանը և աշնանը: Տարբերում են սուր և քրոնիկական շնչափողաբորբ:

Պատճառներ

Հիվանդությունը, որպես կանոն, առաջանում է վարակիչ հիվանդությունների (գրիպ և շնչառական այլ սուր հիվանդություններ, կարմրուկ, կապույտ հազ և այլն) դեպքում: Նախատրամադրող գործոններ են օրգանիզմի գերսառեցումը, ինչպես նաև սրտի ու թոքերի հիվանդությունները, երեխաների մոտ` ռախիտը և այլն:

Պաթոգենեզ

Սուր շնչափողաբորբի հիմնական ախտանշանը հազն է, որը հիվանդին անհանգստացնում է գիշերը և հատկապես` առավոտյան: Այն, որպես կանոն, նոպայաձև է, առաջանում է խորը շնչելիս, ծիծաղելիս, լաց լինելիս, շրջապատի օդի ջերմաստիճանի փոփոխությունից: Հիվանդության սկզբնական շրջանում խորխը դժվար է արտազատվում: Խիստ արտահայտված շնչափողաբորբի դեպքում հազից հետո ի հայտ են գալիս բութ, բկանցքը քերծող ցավեր: Հիվանդի ընդհանուր վիճակը համարյա չի փոխվում` չնայած երբեմն նկատվում են գլխացավ, ջերմաստիճանի բարձրացում, ջարդվածության զգացում: Սուր շնչափողաբորբը ապաքինվում է 1-2 շաբաթում: Ժամանակին չբուժելիս կամ բժշկի նշանակած ռեժիմը չպահպանելիս հնարավոր է հիվանդության անցումը քրոնիկականի կամ գործընթացի տարածումը շնչառական ուղիների այլ հատվածներ:
Քրոնիկական շնչափողաբորբն առաջանում է շնչառության օրգաններում արյան կանգի հանգեցնող հիվանդությունների (թոքափքանք, սրտի, երիկամների հիվանդություններ) ժամանակ և հիմնականում արտահայտվում է առավոտյան և երեկոյան սաստկացող հազով: Հիվանդությունը երկարատև է` ժամանակավոր լավացումներով:

Բուժում

Շնչափողաբորբը բուժում է բժիշկը: Սուր շնչափողաբորբի դեպքում հազը թեթևացնում է սոդայով (1/4 թեյի գդալ` 1 բաժակին) և կարագով (5-10 գդալ` 1 բաժակին), հանքային ջրով կամ մոեղրով տաք կաթը: Առանց բժշկի նշանակման չի կարելի օգտագործել հակաբիոտիկներ և հազի դեմ պատրաստուկներ, քանի որ դրանք կարող են բացասաբար ազդել հիվանդության ընթացքի վրա:
Քրոնիկական շնչափողաբորբի դեպքում, երբ հաճախակի սրացումներ են նկատվում, բժշկի խորհրդով կիրառվում է կլիմայաբուժություն առողջավայրերում` առավելագույնս լինելով մաքուր օդում: