Շնչահեղձությունը (ասֆիքսիա) ծանր վիճակ է, որն առաջանում է օրգանիզմում թթվածնի կտրուկ անբավարարության և ածխաթթու գազի կուտակման հետևանքով:

Պատճառներ
Շնչահեղձության առաջացման պատճառները կարող են լինել շնչուղիների լուսանցքը փսխմանզանգվածով, օտար մարմիններով, շնչափողը և բրոնխները` լորձով, կոկորդը դիֆթերիայի թելքավոր փառով փակվելիս, ջրահեղձության ժամանակ, ինչպես նաև արտաքին գործոններով շնչուղիները փակվելիս կան ճնշվելիս (խեղդամահություն, վթարների ժամանակ պարանոցի և կրծքավանդակի օրգանների վնասվածքներ), շնչառական մկանուքի լուծանքի կամ երկարատև կծկանքի, հեղձուկի նոպայի ժամանակ, ցնցումներ առաջացնող թույներով թունավորվելիս:
Նորածինների շնչահեղձությունը կարող է լինել ծննդաբերության ժամանակ պորտալարը սեղմվելիս:

Պաթոգենեզ
Պատճառից կախված` շնչահեղձությունն առաջանում է տարբեր ձևերով, բայց գոյություն ունեն նաև ընդհանուր օրինաչափություններ: Սկզբում օրգանիզմում կատարված փոփոխություններն ուղղված են լինում հյուսվածքները թթվածնով հագեցնելուն և ածխաթթու գազը հեռացնելուն. շնչառությունը բավականին հաճախանում է, արյան հոսքը` արագանում: Այնուհետև հյուսվածքներում թթվածնի նշանակալի անբավարարության հետ կապված, կտրուկ խանգարվում են գլխուղեղի շնչառական կենտրոնի և սրտի ֆունկցիաները (տևում է մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե) և, այսպես կոչված, սահմանային շնչառությունը (հազվադեպ շնչառական շարժումներ), որից հետո անհետաձգելի օգնության բացակայության դեպքում վրա է հասնում մահը: Շնչահեղձության ժամանակ շնչուղիների անցանելիության խանգարման հետևանքով տուժածի դեմքը կապտում է (երբեմն` մուգ կապույտ է, գրեթե սև): Սկզբում գիտակցությունը պահպանվում է, և տուժածը ջանում է վերականգնել շնչուղիների անցանելիությունը, հազում է, փորձում է ազատվել ճնշումից: Այնուհետև գիտակցությունը մթագնում է, առաջանում են ցնցումներ, բբերն սկզբում նեղանում են, ապա` լայնանում: Սրտխփոցը հաճախանում է, լինում են ակամա միզարձակում և կղում: Շնչահեղձության տևողությունը պայմանավորված է շնչառության խանգարման աստիճանով: Շնչուղիների լրիվ անանցանելիության ժամանակ այդ վիճակը կարող է տևել 3-6 րոպե, որից հետո վրա է հասնում մահը:
Նորածնի հյարդային համակարգը և օրգանիզմը թթվածնային անբավարարության հանդեպ ավելի քիչ զգայուն են, և նրանք մահանում են ավելի ուշ:

Բուժում
Շնչահեղձության առաջին ախտանշաններն ի հայտ գալիս հարկավոր է տուժածին անհապաղ առաջին օգնություն ցույց տալ և շտապ բժշկական օգնություն կանչել:
Առաջին օգնությունը շնչուղիներից օտար մարմինների հեռացումն է` շնչուղիներում ճնշումն արհեստականորեն բարձրացնող մի շարք միջոցներով: Շնչուղիներն արտաքին ազդակներով ճնշվելուց առաջացած շնչահեղձության ժամանակ արագ կերպով հեռացնում են ճնշող գործոնը և անմիջապես կատարում արհեստական շնչառություն (<< բերան-բերանի >> կամ << բերան-քթի >> եղանակով): Եթե շնչահեղձության հետևանքով առաջացել է կլինիկական մահ, ապա դրանից հետո առաջին 5-8 րոպեներին անհրաժեշտ է տուժածի կյանքը փրկել վերակենդանացման մեթոդներով: Եթե հարցը նորածնին է վերաբերում, բուժանձնակազմը պետք է շտապ միջոցառումներ ձեռնարկի նորածնին այդ վիճակից դուրս բերելու համար:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին