Շաքարախտը (շաքարային շատամիզություն, շաքարային դիաբետ) իրենից ներկայացնում է ինսուլինի անբավարարությամբ կամ նրա ֆունկցիայի նվազմամբ պայմանավորված ներզատական-նյութափոխանակային հիվանդություն, որի հետևանքով խանգարվում են նյութափոխանակության բոլոր ձևերը:

Պատճառներ
Շաքարախտի առաջացման խնդրում կարևոր նշանակություն ունի ժառանգականությունը: Շաքարախտի առաջացման այլ կարևոր գործոններ են նաև մշտական շատակերությունը, սննդում դյուրամարս ածխաջրերի ավելցուկային օգտագործումը: Արյան մեջ շաքարի կայուն բարձրացումը ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջների հիմնական գրգռիչն է և կարող է հանգեցնել դրանց ֆունկցիոնալ հյուծման: Մի շարք դեպքերում շաքարախտը պայմանավորված է ենթաստամոքսային գեղձի բորբոքային, վնասվածքային, անոթային և այլ բնույթի ախտահարումներով: Հաճախ հիվանդությունն առաջանում է նյարգահոգեկան գերբեռնվածությունից և ցնցումներից, վարակիչ հիվանդություններից հետո, ինչպես նաև ներզատիչ գեղձերի այլ հիվանդությունների (օրինակ` մակերիկամների կեղևի ուռուցքներ) առկայության դեպքում:

Պաթոգենեզ
Օրգանիզմում ինսուլինի անբավարարության կամ ակտիվության նվազման ժամանակ լյարդը և մկանները կորցնում են ընդունած շաքարը գլիկոգենի փոխարկելու ունակությունը: Դրա հետևանքով հյուսվածքները չեն կարողանում յուրացնել շաքարը և չեն կարողանում օգտագործել որպես էներգիայի աղբյուր, որը հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման` գերշաքարարյունության (հիպերգլիկեմիա) և մեզի միջոցով հեռացման` շաքարամիզության (գլիկոզուրիա): Այդ ախտանշանները շաքարախտի հիմնական դրսևորումներն են: Հիվանդի առաջին գանգատը, որպես կանոն, մշտական սաստիկ ծարավն է և առատ (օրը 6 լիտր և ավելի) մեզի արտազատումը: Հիվանդի մեզը պարունակում է շաքար, որի հետևանքով ունի բարձր տեսական կշիռ: Հաճախ նկատվում է մաշկի (հատկապես` շեքի) առատ քոր: Շաքարախտին բնորոշ է մաշկի թարախաբշտիկային հիվանդությունների հակումը, հնարավոր են նաև սեռական ֆունկցիայի խանգարումներ: Ոչ ճիշտ կամ անբավարար բուժման ժամանակ հիվանդությունը հարաճում է` ուղեկցվելով վերջույթների ցավերով, որոնք պայմանավորված են ծայրամասային նյարդերի ախտահարմամբ: Շաքարախտի ծանր բարդություններն են տեսողության խանգարումները` աչքի ցանցաթաղանթի արյան անոթների փոփոխության հետևանքով, ինչպես նաև երիկամային կծիկների ախտահարումը` երիկամների ֆունկցիայի խանգարմամբ: Շաքարախտը սովորաբար նպաստում է աթերոսկլերոզի առաջացմանը: Ժամանակին չբուժելիս նյութափոխանակության խանգարումն աստիճանաբար խորանում է: Նվազում է հիվանդների ախորժակը, սաստկանում են ծարավի զգացումը, թուլությունը, քորը, նկատվում է մաշկի լորձաթաղանթների չորություն, ավելանում է արտազատվող մեզի քանակը, ի հայտ են գալիս սրտխառնոց, փսխում, բերանից ացետոնի հոտ է փչում: Ինքնազգացողությունն անընդհատ վատանում է, թորշոմածությունը, քնկոտությունը փոխարինվում են անգիտակից վիճակներով, առաջանում է ամենածանր բարդությունը` շաքարային կոմա: Հիվանդության ընթացքը ծանրանալիս հարկավոր է անհապաղ դիմել բժշկի:

Բուժում
Շաքարախտ հիվանդության բուժումն իրականացվում է բժշկի մշտական հսկողությամբ` հիվանդի ամբողջ կյանքի ընթացքում: Շաքարախտ հայտնաբերելիս անհրաժեշտ է հիվանդին անմիջապես հոսպիտալացնել` մանրակրկիտ հետազոտման և բուժման մեթոդն ընտրելու նպատակով: Բուժման հիմանական միջոցներն են սննդակարգը, շաքարի քանակությունը նվազեցնող պատրաստուկները, իսկ նպատակը` օրգանիզմում նյութափոխանակային գործընթացները կարգավորելը, որի համար ցուցանիշ է ծառայում արյան մեջ շաքարի մակարդակի նվազումը մինչև բնականոնին մոտ աստիճանի, մեզում շաքարի բացակայությունը կամ նվազագույն քանակը: Բուժման միջոցներն ընտրելիս բժիշկը հաշվի է առնում հիվանդության ձևը, ընթացքը, բարդությունների առկայությունը: Օրինակ` ինսուլինի բացարձակ անբավարարությամբ ուղեկցվող պատանեկան շաքարախտի ժամանակ անհրաժեշտ է ներարկել ինսուլին, որպեսզի օրգանիզմում լրացվի նրա պակասը: Տարեցտարի (հատկապես ինսուլինի հարաբերական անբավարարությամբ գեր մարդկանց) շաքարախտի ժամանակ փոխհատուցումը հաջողվում է սննդակարգի պահպանման և արյան մեջ շաքարի քանակը նվազեցնող միջոցներով:

Սննդակարգն անհրաժեշտ է շաքարախտի ցանկացած ձևի բուժման համար: Հիվանդության թեթև ձևերով տառապող շատ հիվանդների մոտ փոխհատուցումը հաջողվում է սննդակարգով` առանց դեղանյութերի ընդունման: Ամենից առաջ սահմանափակվում են աշխաջրերը` մինչև սննդի ընդհանուր կալորիականության 50-60 տոկոսը, գործնականում սննդի օրաբաժնից բացառում են դյուրամարս աշխաջրեր պարունակող մթերքը. դրանք կարելի է փոխարինել ձավարեղենով, բանջարեղենով, կարտոֆիլով, սև հացով և այլ մթերքով (քանակը որոշում է բժիշկը): Ճարպերը պետք է կազմեն սննդի ընդհանուր կալորիականության 25 տոկոսը, իսկ շաքարախտային կոմայի վտանգով ուղեկցվող սրացման դեպքում կարագը և մյուս ճարպերը լրիվ բացառվում են: Սպիտակուցներին ընկնում է սննդի կալորիականությամ մոտ 20 տոկոսը: Յուրաքանչյուր դեպքում հաշվի են առնվում հիվանդի մարմնի քաշը, ճարպակալման արտադրությունը կամ բացակայությունը և այլն: Անհրաժեշտ է սննդի բավարար վիտամինացում` հատկապես B խմբի և C վիտամիններով: Սնունդը կոտորակային է. 1-ին նախաճաշը պետք է պարունակի սննդի օրական կալորիականության 25 տոկոսը, 2-րդ նախաճաշը 10 տոկոսը, ճաշը 35 տոկոսը, հետճաշիկը` 10 տոկոսը, ընթրիքը` 20 տոկոսը: Շաքարախտով հիվանդների համար արտադրվում է հեշտ յուրացվող աշխաջրեր պարունակող հատուկ մթերք, շաքարային կոնֆետ, հաց, թխվածքաբլիթ, երշիկեղեն և այլն:

Ինսուլինը հիվանդների ինսուլինակախյալ տիպի շաքարախտի բուժման հիմանական միջոցն է: Ինսուլինի հանդեպ կախվածություն չունեցող հիվանդներն օգտագործում են շաքարի քանակն իջեցնող հաբեր: Թողարկվում են 6-8 ժամից մինչև 30-36 ժամ ազդեցության տևողությամբ ինսուլինի պատրաստուկներ: Ինսուլինի տեսակը, ազդեցության տևողությունն ընտրում է բժիշկը: Որպես կանոն, հիվանդները սովորում են ինքնուրույն ներարկումներ կատարել: Ներարկումը կատարելիս հարկավոր է պահպանել հականեխության, աննեխության կանոնները: Ինսուլինը ներարկում են ուտելուց 10-20 րոպե առաջ: Հիվանդը պետք է խստորեն պահպանի բժշկի հանձնարարած սննդակարգն ու ռեժիմը և ժամանակին ներկայանա հետազոտությունների: Ինսուլինով բուժման ժամանակ հնարավոր է արյան մեջ շաքարի մակարդակի նվազում` թերշաքարարյունություն (հիպոգլիկեմիա): Դա արտահայտվում է հանկարծակի թուլությամբ, քաղցի սուր զգացումով, առատ քրտնարտադրությամբ, սրտխփոցով: Նման դեպքերում հիվանդը պետք է անմիջապես ուտի 3-4 կտոր շաքար, հնարավորության դեպքում խմի քաղցր թեյ, որպեսզի կանխվի թերշաքարարյունային կոման: Ինսուլին ստացող հիվանդը պետք է պետք է միշտ իր մոտ ունենա շաքար, որպեսզի կոմայի ախտանշաններն ի հայտ գալուն պես ուտի այն: Նա պետք է նաև իր մոտ ունենա գրություն, որտեղ գրված լինի ու նա տառապում է շաքարախտով և ստանում է ինսուլին, ինչպես նաև պետք է նշված լինի պատրաստուկի չափաքանակը: Դա օգնում է բուժաշխատողներին անհրաժեշտ օգնություն ցույց տալ: Շաքարախտով բոլոր հիվանդները գտնվում են դիսպանսերային հսկողության տակ` ըստ բնակավայրի: Շաքարախտի թեթև ընթացքի և լրիվ փոխհատուցման դեպքում բժշկի խորհրդով նպատակահարմար է բուժումն իրականացնել տեղական առողջավայրերում: Կարևոր են բուժական ֆիզկուլտուրան, լողը, դահուկային քայլքը և այլն` աստիճանաբար բարձրացնելով բեռնվածությունը:

Կանխարգելում
Շաքարախտի կանխարգելումն իրենից ենթադրում է ռացիոնալ սննդի օգտագործում, շատակերության, քաղցրեղենի և յուղալի սննդի չարաշահման բացառում, մարմնի բնականոն քաշի պահպանում, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի բորբոքային հիվանդությունների ժամանակին բուժում: Շաքարախտի հանդեպ ժառանգական նախատրամադրվածության դեպքում նյութափոխանակության խանգարումների վաղ ախտանշանները հայտնաբերելու և բուժելու համար անհրաժեշտ է պարբերաբար բժշկական հետազոտման ենթարկվել: Հետազոտման ենթակա են նաև շաքարախտի ռիսկի խմբին պատկանող երեխաները, որոնց մեծ մասը կարող է չհիվանդանալ շաքարախտով, բայց հաստատված է, որ այդ երեխաների մոտ հիվանդությունը հանդիպում է հաճախ: Ռիսկի խմբին են պատկանում այն երեխաները, ու հարազատները հիվանդ են շաքարախտով, ովքեր ծնվել են մեծ քաշով, ովքեր նորածնության շրջանում և ավելի մեծ տարիքում տառապել են թերշաքարարյունությամ, ինչպես նաև ճարպակալումով, քրոնիկական լյարդաբորբով կամ ենթաստամոքսային գեղձի բորբոքումով հիվանդները: Հետազոտությունների հետ մեկտեղ այդպիսի երեխաներին անհրաժեշտ է հսկողություն` ածխաջրերի խելամիտ օգտագործման համար: Խորհուրդ է տրվում դիմել ներզտաբանի: Խորացած շաքարախտի դեպքում կարևոր է հիվանդության սրացումների և բարդությունների կանխարգելումը: Անհրաժեշտ է հետևել մաշկի մաքրությանը, խուսափել մանր վնասվածքներից, քանզի դրանք կարող են հանգեցնել չլավացող խոցերի առաջացման: Անհրաժեշտ է հետևել նաև բերանի խոռոչի վիճակին և տարին 2 անգամից ոչ պակաս այցելել ատամնաբույժի: Ցանկացած հիվանդության միացումը, ֆիզիկական գերհոգնածությունը կամ նյարդահոգեկան լարվածությունը կարող են խորացնել շաքարախտի ընթացքը և հանգեցնել ապափոխհատուցման: Փոխհատուցման շնորհիվ հիվանդը երկար տարիներ պահպանում է աշխատունակությունը և լիարժեք կյանքի հնարավորությունը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին