Նկարագրություն

Շագանակագեղձի ադենոման (շագանակագեղձի գեղձուռուցք) ավելի հաճախ հանդիպում է 50 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ: Այն իրենից ներկայացնում է բարորակ ուռուցքանման գոյացություն:

Պաթոգենեզ

Շագանակագեղձի ադենոման դանդաղ է առաջանում: Առաջին բնորոշ ախտանշանը հաճախակի միզարձակումն է, մեզի շիթը բարակ է և ուղղաձիգ թափվում է ներքև: Ժամանակի ընթացքում այդ երևույթներն ուժեղանում են, ուժեղ ճիգ գործադրելիս մեզն արտազատվում է կաթիլներով, կարող է առաջանալ լրիվ միզակապություն: Անուշադրության մատնված դեպքերում մեզը հոսում է ակամա, դանդաղ` չբավարարելով միզելու ցանկությունը և չվերացնելով միզապարկի լցվածության զգացումը: Միզուղիներում ժնշումը բարձրանում է, ինչն էլ նպաստում է երիկամի ավազանի լայնացմանն ու միզաքարերի գոյացմանը: Չբուժվելու դեպքում առաջանում է երիկամային անբավարարություն և միզարյունություն:

Բուժում

Հիվանդության ախտանշաններն ի հայտ գալիս անհրաժեշտ է դիմել ուրոլոգի: Հարկավոր է պահպանել խիստ սննդակարգ և հետևել աղիքների ամենօրյա աշխատանքին, զբաղվել առավոտյան մարմնամարզությամբ, իսկ աշխատանքից առաջ և հետո զբոսնել: Չի կարելի միզարձակումը կասեցնել, քանի որ միզապարկի խիստ ձգվածությունը կարող է հանգեցնել սուր միզակապության:
Շագանակագեղձի ադենոմայի արմատական բուժումը վիրահատությունն է: Որպես կանոն, բուժման արդյունքները բարեհաջող են: Անուշադրության մատնված դեպքերում վիրահատությունը կատարվում է 2 փուլով. սկզբում բացում են միզապարկային խուղակ, այնուհետև մի քանի ամիս անց հեռացնում են ադենոման: Միզապարկի խուղակով հիվանդին մանրակրկիտ խնամք է հարկավոր: Անհրաժեշտ է ռետինեդրենաժային արտատար խողովակը օրը 2 անգամ տաք ջրով լավ լվանալ: Մեզընդունիչը վարակազեծել կալիումի գերմանգանատի 0.1 %-անոց լուծույթով: Ցավոտ միզարձակման, ինչպես նաև վիրակապը թացանալու դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի: