Սեռական օրգանների զարգացման արատներԱրգանդի զարգացման արատները հայտնաբերվում են անպտղությամբ տառապող կանանց յուրաքանչյուր երրորդի մոտ, վաղաժամ ընդհատվող հղիություն կամ ախտաբանական ծննդաբերություն ունեցող յուրաքանչյուր վեցերորդ կնոջ մոտ։

Մանկական և արբունքային տարիքում հաճախ հայտնաբերվում են հեշտոցի զարգացման արատներ, հեշտոցի և արգանդի համակցված արատներ։
Արգանդի և հեշտոցի զարգացման բոլոր արատները հանդիսանում են սաղմնային զարգացման շրջանում մյուլլերյան խողովակների զարգացման շեղումների դրսևորումներ։

Բնածին արատներն առաջանում են սաղմնային զարգացման շրջանում՝ ծագումնաբանական (գենետիկական), ներզատիչ և այլ վնասակար գործոնների ազդեցության հետևանքով։
Հեշտոցի դիստալ մասը կազմավորվում է սերտաճած մյուլլերյան խողովակների պոչային (կաուդալ) մասի, ուրոգենիտալ սինուսի և կլոակայի միջև բարդ փոխհարաբերությունների արդյունքում։ Կախված այն բանից, թե որ հատվածում է տեղի ունեցել սերտաճում և անանցանելիություն, առաջանում է զարգացման այս կամ այն արատը։ Սեռական զարգացման անկանոնությունները հաճախ զուգակցվում են միզուղիների զարգացման արատների հետ։

Հայտնի են զարգացման արատների մի քանի դասակարգում, և դրանք բոլորն էլ հիմնված են սաղմնային զարգացման փուլերի վրա։
Առավել պարզ են հեշտոցի և արգանդի զարգացման այն արատները, որոնք խոչընդոտում են դաշտանային արյան հոսքը կամ հանգեցնում սեռական կյանքի անհնարինության։

Ըստ դրա առանձնացնում են արատների հետևյալ ձևերը.
-հեշտոցի և արգանդի վզիկի անանցանելիություն,
-արգանդի և հեշտոցի կրկնապատկում,
-արգանդի և հեշտոցի ապլազիա։
Հեշտոցի և արգանդի վզիկի անանցանելիություն ասելով հասկանում են ապլազիան (ամբողջ օրգանի կամ դրա մի մասի բացակայությունը) կամ ատրեզիան, որը խոչընդոտում է դաշտանային արյան արտահոսքին և հետագայում՝ նաև սեռական կյանքին։

Արգանդի վզիկի և հեշտոցի անանցանելիության տեսակները.
-կուսաթաղանթի ատրեզիա,
-հեշտոցի ստորին և միջին հատվածի ատրեզիա,
-արգանդի և հեշտոցի ապլազիա (Ռոկիտանսկու-Կյուստների-Մայերի-Հաուզերի
համախտանիշ)
Արգանդի և հեշտոցի ապլազիա (Ռոկիտանսկու-Կյուստների-Մայերի-Հաուզերի համախտանիշ)
Հեշտոցի բնածին անանցանելիության և արգանդի բացակայության կլինիկան դրսևորվում է դաշտանի բացակայությամբ, որի պատճառով աղջիկները դիմում են բժշկի միայն 14-17 տարեկանից հետո։
 
Կուսաթաղանթի ատրեզիա (անանցանելիություն) (հիվանդ, Ա.Մ., 15 տարեկան,
առաջնային կեղծ ամենոռեայով)
Հիվանդի զննման ժամանակ սովորաբար նշվում է ճիշտ մարմնակազմություն, բավականին լավ զարգացած երկրորդական սեռական հատկանիշներ։ Գինեկոլոգիական հետազոտման ժամանակ նշվում է, որ արտաքին սեռական օրգանները ճիշտ են զարգացած։ Հեշտոցի զոնդավորումը թույլ է տալիս հայտնաբերել կուսաթաղանթից հետո գտնվող 1-1.5 սմ խորություն։ Ուղիղ աղիք-որովայնային հետազոտության դեպքում արգանդը իրեն բնորոշ տեղում չի հայտնաբերվում։

Էխոսկոպիկ հետազոտությունն ի հայտ է բերում ձվարանների առկայությունը և արգանդի բացակայությունը։ Երբեմն այդ աղջիկների մոտ հայտնաբերվում են միզարտազատական համակարգի տարբեր արատներ (երիկամի ապլազիա, երիկամի կոնքային դիստոպիա, երիկամի ավազանի կրկնապատկում)։

Բուժումը՝ հեշտոցի ստեղծում։
Մեթոդները.
-    ոչ վիրահատական ՝ կոլպոէլոնգացիա Շերստնյովի մեթոդով,
-    վիրահատական՝ հեշտոցի ստեղծում (կոլպոպոեզ) որովայնային կամ սիգմայաձև աղուց։
Այս մեթոդը կիրառվում է Ռոկիտանսկու-Կյուստների համախտանիշի, ինչպես նաև հեշտոցի և արգանդի վզիկի ապլազիայի ժամանակ։

Կուսաթաղանթի ատրեզիա
Դա մանկական գինեկոլոգիայում առավել հաճախ հանդիպող զարգացման արատն է։
Հիվանդը գանգատվում է փոքր կոնքում ճնշման զգացողությունից, միզելու ժամանակ դժվարությունից և ցավերից։

Սովորաբար այս ախտաբանական վիճակը դրսևորվում է դաշտանային ֆունկցիայի հայտնվելուց հետո, կապված դաշտանային արյան արտահոսքի բացակայության հետ:
Օբյեկտիվ հետազոտման ժամանակ հեշտոցի նախադուռն ունի սովորական տեսք իսկ կուսաթաղանթի ձևը տարբերվում է սովորականից։ Ցայլքի վերևի մասից որովայնի առաջային պատին ճնշելիս հեմատոկոլպոսի արդյունքում կուսաթաղանթը նմանվում է կապտավուն գմբեթի։ Հեշտոցի վերին հատվածը կարող է հասնել պորտի մակարդակին դրա հետ մեկտեղ արգանդը տեղակայված է բարձր, փոքր կոնքի մուտքի մոտ։

Ուղիղ աղիք-որովայնային հետազոտության ընթացքում շոշափվող էլաստիկ, քիչ ցավոտ և քիչ շարժուն գոյացությունը սովորաբար հեմատոկոլպոսն է, որը վերև է հրում արգանդին։ Հեմատոկոլպոսի շարժունակությունը աննշան է, դրանով այն տարբերվում է ձվարանի կիստայից։

Բուժումը։ Վիրահատական՝ ընդհանուր ցավազրկմամբ կուսաթաղանթի խաչաձև հատում և հեմատոկոլպոսի դատարկում։
Հեմատոկոլպոսի պարունակության հեռացումից հետո հեմոստազի նպատակով հեշտոց են դնում տամպոն, որը հեռացնում են մեկ օրից։
Հետագայում խորհուրդ է տրվում հեշտոցի լվացում ջրածնի պերօքսիդի 3%-անոց լուծույթով կամ հակասեպտիկներով 5-7 օրվա ընթացքում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին