Ամբողջ աշխարհում նկատվում է կանանց սեռական օրգանների բորբոքումների հաճախականության բարձրացում՝ կապված միգրացիայի, սեռական կյանքի ազա տականացման, էկոլոգիայի վատթարացման և իմունիտետի իջեցման հետ։ Գինեկոլոգիական հիվանդացության կառուցվածքում իրենց տարածվածությամբ  բորբոքային հիվանդությունները գրավում են առաջին տեղը։ Կանանց կոնսուլտացիա  դիմածների 60-65%-ը, իսկ ստացիոնար ընդունվածների 30%-ը կազմում են բորբոքային հիվանդություններով հիվանդները։ Համաձայն ուսումնասիրությունների տվյալների` դրանց հաճախականությունն ավելի բարձր է,  քանի որ  նշմարվող կլինիկական ձևերի դեպքում, հաճախ կանայք չեն դիմում բժշկի։

Սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները ուղեկցվում են կնոջ աշխատունակության իջեցումով, ազդում մյուս օրգան-համակարգերի վրա, առաջացնելով դաշտանային ֆունկցիայի խանգարումներ, չբերություն, հաճախ նաև՝ սպառնում կյանքին։ Բորբոքային հիվանդությունները նախորդում են էնդոմետրիումի նորագոյացություններին և սեռական օրգանների այլ ախտաբանություններին։

Սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների դասակարգումը.
Ըստ բորբոքումն առաջացնող հարուցչի` տարբերում են յուրահատուկ և ոչ յուրահատուկ բորբոքումներ։
Յուրահատուկ բորբոքումները, որպես կանոն, հարուցվում են սեռական ճանապարհով փոխանցվող վարակներով։
80-ական թվականների սկզբին «վեներական հիվանդություններ» տերմինը փոխարինվեց սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ  «ՍՃՓՀ»  կամ սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ (ՍՃՓՎ) տերմիններով։
Ներկայումս որոշ սեռական վարակներ, ինչպիսին են կանդիդային վուլվովագինիտը և բակտերիալ վագինոզը (որի հարուցիչներն են Candida albicans-ը և Gardne Vaginalis-ը), արդեն չեն համարվում ՍՃՓՀ, որովհետև դրանք առաջանում են հեշտոցի դիսբիոզի հետևանքով և չեն փոխանցվում սեռական ճանապարհով։

Սովորաբար ՍՃՓՀ-ները դասակարգվում են.
- բուժման ենթարկվող ՍՃՓՀ, ինչպես սիֆիլիսը, գոնորեան, խլամիդիան, տրիխոմոնիազը,
- անբուժելի ՍՃՓՀ, որոնք դեռևս չեն բուժվում, ինչպիսին են գենիտալ հերպեսը, գենիտալ գորտնուկները, հեպատիտ В, C, D, ցիտոմեգալիան, ՁԻԱՀ-ը։
Ներկայումս հայտնի են երկու տասնյակից ավելի ՍՃՓՎ: ՍՃՓՎ առաջացնում են մի շարք բարդություններ, որոնք լրջորեն ազդում են կանանց առողջության վրա և պայմանավորում են հիվանդացության և մահացության պատճառների զգալի մասը:

Կանանց մոտ բորբոքային հիվանդություններին բնորոշ նշաններն և ախտանիշներն են.
- Հեշտոցային ախտաբանական արտադրության առաջացում, որի հոտը, տեսքը, ծավալը տարբերվում է ֆիզիոլոգիականից
- Միզելու ժամանակ ցավ և այրոց,
- Հեշտոցի քոր և անհանգստության զգացում,
- Սեռական օրգանների շրջանում ցավոտ կամ անցավ վերքերի, բշտիկների կամ գորտնուկների առաջացում,
- Մաշկի ցանավորում,
- Լիմֆատիկ հանգույցների մեծացում,
- Սեռական հարաբերության ընթացքում ցավեր կամ արյունահոսություն,
- Ամբողջ մարմնի կամ ափերի և ներբանների ցանավորում,
- Մեկ կամ երկկողմանի աճուկային լիմֆատիկ հանգույցների մեծացում:

Այս նշանները և ախտանիշները կազմում են կանանց մոտ մի քանի բնորոշ և հեշտ ճանաչվող համախտանիշներ.
- Հեշտոցային արտադրություն
- Գենիտալ խոցեր (վերքեր)
- Ուրետրիտներ
- Բարդություններ պտղի կողմից (բնածին արատներ, ներարգանդային աճի դանդաղում, ներարգանդային ինֆեկցվածություն)

Պատճառագիտություն
Կանանց սեռական օրգանների բորբոքման պատճառ կարող են լինել յուրահատուկ և ոչ  յուրահատուկ հարուցիչները։
Ոչ յուրահատուկ բորբոքումները կարող են հարուցվել հետևյալ հարուցիչների կողմից.
1. ստաֆիլոկոկ (Staphylococcus areus epidermalis),
2. ստրեպտոկոկ (Streptococcus haemoliticus),
3. աղիքային ցուպիկներ (Ersherichi, Enterococcus), 1, 3 ստերեոտիպի, որոնցից համարյա բոլորը օժտված են անտիբիոտիկակայունությամբ,
4. անաէրոբ (անօդակյաց) մանրէներ, այդ թվում սպոր չառաջացնող անաէրոբներ (բակտերոիդներ), պեպտոկոկեր, պեպտոստրեպտոկոկեր,
5. կապտա-թարախային ցուպիկներ,
6.միկրոբային ասոցիացիաներ (խառը ինֆեկցիա, մի քանի հարուցիչների զուգակցում)։

Ըստ կլինիկական ընթացքի բորբոքումները դասակարգվում են`
1. սուր,
2. ենթասուր,
3. խրոնիկական։
Խրոնիկական պրոցեսը կարող է ընթանալ հաճախակի սրացումներով կամ սեռական օրգանների սպիական-կպումնային փոփոխությունների ձևով։
Ըստ տեղակայման դասակարգվում են`
1. արտաքին սեռական օրգանների բորբոքում - vulvitis,
2. հեշտոցի բորբոքում - colpitis vaginitis,
3. արգանդի վզիկի և մարմնի բորբոքում,
- արգանդի վզիկի բորբոքում-cervicitis, endocervicitis,
- արգանդի լորձաթաղանթի (էնդոմետրիումի) բորբոքում-endometritis,
- մկանային շերտի բորբոքում - myometritis,
- արգանդի շճաթաղանթի բորբոքում - perimetritis,
- արգանդի հարբշջանքի բորբոքում - parametritis,
- արգանդի բոլոր շերտերի բորբոքում - panmetritis,
4. փողերի, ձվարանների բորբոքում- salpingitis, oophoritis,
5. հավելումների բորբոքում-salpingoophoritis կամ adnexitis,
6. հավելումների բորբոքային ուռուցք- adnextumor inflamationis,
7. պելվիոպերիտոնիտ -pelviperitonitis,
8. պերիտոնիտ-peritonitis,
9. սեպսիս, սեպտիցեմիա, սեպտիկոպիեմիա, - sepsis, septicemia, septicopyemia
10. բակտերիալ շոկ։
Բորբոքային հիվանդությունների առանձնահատկությունները ժամանակակից պայմաններում.
Կապված նոր անտիբիոտիկների հայտնագործման և կիրառման, ինչպես նաև օրգանիզմի իմունակենսաբանական վիճակի փոփոխման հետ, բորբոքային հիվանդությունների պատճառագիտության մեջ տեղի են ունեցել էական փոփոխություններ։ Ներկայում ամենից հաճախ բորբոքային հիվանդություններ առաջացնում են օրգանիզմի նորմալ միկրոբիոցենոզի պայմանական-ախտածին մանրէները, որոնք որոշակի պայմաններում ձեռք են բերում մեծ վիրուլենտություն ու կայունություն-հակաբակտերիալ միջոցների նկատմամբ, ինչպես նաև շրջակա միջավայրում երկարատև գոյատևելու կարողություն։ Բացի այդ, բորբոքային հիվանդությունների պատճառագիտական փոփոխությունը պայմանավորված է նաև ախտորոշման նոր մեթոդների հայտնագործման և կատարելագործման հետ, որի շնորհիվ ներկայում հայտնաբերվում են բորբոքումների իրական պատճառները (միկոպլազմա, խլամիդիա, վիրուսներ, գարդներելա, կամպիլոբակտերիաներ և այլն)։
-Սեռական օրգանների բորբոքումների առաջացման գործում ներկայումս մեծ դեր ունի սեռական ուղիների նորմալ միկրոֆլորայի փոփոխությունը։
-Քանի որ սեռական օրգանների էպիթելային ծածկույթները տարբեր հատվածներում խիստ տարբերվում են միմյանցից, ուստի միկրոֆլորան տարբեր հատվածներում նույնպես խիստ տարբեր է, ընդ որում սեռական ուղիների ստորին հատվածների նորմալ միկրոֆլորան կարող է լինել ախտածին վերին հատվածների համար և հարուցել հիվանդություն։
- Ախտածին ֆլորայի առկայությունը, առանց բորբոքային ռեակցիայի առկայության, դեռևս չի վկայում ախտաբանական պրոցեսի մասին։
- Հեշտոցի միկրոֆլորայի վրա մեծ ազդեցություն ունեն էնդոգեն և էկզոգեն գործոնները։ Էստրոգենների ազդեցության տակ բարձրանում է գլիկոգենի և մուցինի գոյացումը, ուժեղանում է հեշտոցի պատի անոթավորումը, որը խթանում է ախտածին միկրոբների վիրուլենտությունը։ Էկզոգեն գործոններից, որոնք ազդում են հեշտոցի միկրոֆլորայի վրա, ամենից հաճախ հանդիպող պատճառը անցանկալի հղիությունից պաշտպանվելու նպատակով խիտ լուծույթներով կատարվող ներլվացումներն են, ներհեշտոցային տամպոնների օգտագործումը։

Միկրոօրգանիզմի վիրուլենտությունը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ գործոնները.
1. մանրէների ֆագոցիտոզից պաշտպանող պատիճի առկայությունը կամ բացակայությունը
2. մանրէների կողմից  էկզո- և էնդոտոքսինների արտադրության ունակությունը
3. արտաբջջային ֆերմենտների (կոլագենազայի, հիալուրոնիդազայի, էլաստազայի) արտադրությունը
Բորբոքային հիվանդությունների առաջացմանը և աուտոֆլորայի ակտիվացմանը խոչընդոտում են հետևյալ ֆիզիոլոգիական մեխանիզմները.
1. Ձվարանների հորմոնների ազդեցությամբ պայմանավորված հեշտոցի մակերեսային բջիջների ֆիզիոլոգիական պոկումն ու ցիտոլիզը։
2. Սեռական օրգանների անատոմիական կառուցվածքի որոշ առանձնահատկությունները, ներքին  օղի արտահայտված նեղացումը, ձվարանների սաղմնային էպիթելի պատված լինելը, փողերի թարթիչավոր էպիթելի առկայությունը և արտահայտված ծալքավորումը, որը նպաստում է կպումների առաջացմանը և պրոցեսի սահմանափակմանը։
3. Հեշտոցի նորմալ միկրոբիոցենոզի և ինքնականոնավորվող էկոհամակարգ ապահովելու ունակությունը։ Այն կազմված է գրամ (+) և գրամ (-) աէրոբ և անաէրոբ ֆաուլտատիվ և օբլիգատ միկրոբներից (ակտինոմիցետները, կորինեբակտերիաները, բակտերոիդները, ֆուգոբակտերիաները)։ Մեծ դեր ունեն Դոդերլեյնի ցուպիկները, լակտոբակտերիաները և բիֆիդոբակտերիաները, որոնք ճեղքում են բջիջներում պարունակվող գլիկոգենը և վերածվում  կաթնաթթվի, որն էլ ապահովում է հեշտոցի թթվային ռեակցիան և ունի մանրէասպան ազդեցություն։
4. Իմունիտետի բջջային (մակրոֆագերով, T-լիմֆոցիտներով պայմանավորված ֆագոցիտոզի) և հումորալ գործոնների (պլազմային տրանսֆերինի, օպսոնիների, լիզոցիմ պեպտիդների, լիզինի և ջրածնի պերօքսիդի) միջոցով օրգանիզմի պաշտպանողակությունը սեփական մանրէներից։
5. Սեռական օրգանների վերին հատվածների համար կարևոր պաշտպանիչ նշաակություն ունեցող վզիկային լորձի առկայությունը, որը պարունակում է լիզոցիմ  հակաամարմիններ մանրէների նկատմամբ։ Կարևոր նշանակություն ունի նաև մանրէների  ագրեսիայի ընկճումը, ֆագոցիտոզի ակտիվացումը և իմունային այլ ռեակցիաների խթանումը, ինչպես նաև էնդոմետրիումի՝ պարբերաբար դեսկվամացիայի ենթարկվելու պրոցեսը։
Ինչպես հայտնի է, բորբոքումը օրգանիզմի պաշտպանահարմարողական ռեակցիան է, պատասխանը ախտածին գրգռիչի դեմ, որն ուղղված է միկրոբ-հարուցիչի մոբիլիզացիային (անշարժացմանը), դրա ոչնչացմանը և օրգանիզմից հեռացմանը։

Բորբոքումները ամենից հաճախ ինֆեկցիոն պատճառագիտության են, սակայն երբեմն դրանք հետևանք են մեխանիկական, քիմիական, ջերմային, ճառագայթային գործոնների ազդեցության, որոնք ոչ հազվադեպ կապված են մասնագիտական վնասարությունների հետ։ Զարգանալով որպես ասեպտիկ բորբոքումներ, դրանց հետո միանում են ինֆեկցիոն հարուցիչները և վերջիններս դառնում են ինֆեկցիոն։

Վարակի (ինֆեկցիայի) տարածման ուղիները.
Ինֆեկցիայի թափանցումը սեռական ուղիների վերին հատվածներ կատարվում է պասիվ և ակտիվ ձևով։ Ակտիվ թափանցումը մանրէների կատարվում է նաև սպերմատոզոիդների, տրիխոմոնադների միջոցով։ Հնարավոր է մանրէների պասիվ ներթափանցումը և թափանցումը ըստ շարունակման, ավելի փոքր է  ինֆեկցիայի թափանցումը հեմատոգեն և լիմֆոգեն ճանապարհով։ Պասիվ է թափանցումը ցերվիկալ խողովակով դեպի արգանդ, փողեր, որովայնի խոռոչ։

Ժամանակակից հետազոտման մեթոդներով հաստատված է, որ շատ անաէրոբ (անօդակյաց) և աէրոբ (օդակյաց) մանրէները, միկոպլազմաները, խլամիդիան և գոնոկոկերը ամրանում են սպերմատոզոիդների կամ տրիխոմոնադների վրա գտնվող ռեցեպտորների տարբեր հատվածներին և թափանցում կնոջ սեռական օրգանների վերին հատվածներ։ Մանրէների պասիվ տեղափոխման գործում մեծ դեր ունեն տրիխոմոնադները, որի օգտին է վկայում այն փաստը, որ տրիխոմոնադները հայտնաբերվում են այլ մանրէների հետ զուգակցված, անգամ դուգլասյան փոսի հեղուկում։ Բորբոքային հիվանդությունների առաջացմանը նպաստող գործոնները բոլոր այն գործոններն են, որոնք հանգեցնում են օրգանիզմի իմունակենսաբանական ռեակտիվության իջեցմանը և մանրէների ախտածնության բարձրացմանը, ինչպես նաև որոնք անմիջականորեն նպաստում կամ ստեղծում են պայմաններ ախտաբանության առաջացման համար։

Այդ գործոններն են.
1. գերհոգնածությունը,
2. սնուցման խանգարումները, ավիտամինոզը, չբալանսավորված սնուցումը, ճարպակալումը,
3. սակավարյունությունը,
4. սառեցումը, գերտաքացումը,
5. ախտորոշիչ և բուժական նպատակով ներարգանդային միջամտությունները (արգանդի զոնդավորում, հիստերոսալպինգոգրաֆիա, հիստերոսկոպիա,  հղիության ընդհատում, ծննդաբերություն, ներարգանդային պարույրի կրում),
6. ընդհանուր խրոնիկական մարմնական հիվանդություններ,
7. անձնական և սեռական հիգիենայի խախտում,
8. դաշտան, որը հաճախ նախորդում է բորբոքային պրոցեսին,
9. սեռական օրգանների և փոքր կոնքի օրգանների վիրահատությունները։
10. մեծ է հղիության արհեստական ընդհատումների և կեսարյան հատումների դերը բորբոքային հիվանդությունների առաջացման գործում, որոնք ընկճում են իմունիտետի բջջային և հումորալ մեխանիզմները,  թուլացնում տեղային,  պատնեշային համակարգը և նպաստում աուտոֆլորայի ախտածնության ձևափոխման պրոցեսին։

Վերջին տարիներին բորբոքային հիվանդությունների ընթացքի մեջ տեղի են ունենում որոշ փոփոխություններ, հազվադեպ են դարձել բորբոքման էքսուդատիվ ձևերը։ Անկախ պատճառագիտությունից, բորբոքային հիվանդությունները ի սկզբանե հակում ունեն խրոնիկական ձևերի առաջացման և ընթանում են արտահայտված ցավային ախտանիշով ու յուրահատուկ ֆունկցիաների խանգարումով։

Բորբոքման պաթոֆիզիոլոգիական ախտանիշներն են.
1. color-ջերմության բարձրացում,
2. dolor-ցավ,
3. hyperemia-գերարյունություն,
4. oedema-այտուցվածություն,
5. functio laese-ֆունկցիայի խանգարում։
Այս ախտանիշները հեշտ նկատելի են արտաքին սեռական օրգանների բորբոքման ժամանակ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին