Հասարակ հերպեսի վիրուսով (տիպ 1/HSV-1 կամ տիպ 2/HSV-2) վարակման առաջին դրսեւորումը (առաջնակի միջադեպ, առաջնակի էպիզոդ) արտահայտվում է վիրուսի ներթափանցման տեղում ախտանշաններով` բշտիկներ քթի, շրթունքների կամ սեռական օրգանների շրջանում: Երբեմն այն ընթանում է անախտանշան (թաքնված): Վարակումից հետո, վիրուսը մնում է թաքնված օջախային զգացող գանգլիոնում: Պարբերաբար ակտիվանալով առաջացնում է հերպեսին բնորոշ ցանավորում (կրկնվող սեռական հերպես) կամ ընթանում է անախտանշան: Նույնիսկ այս դեպքում հիվանդը վարակիչ է: Հիվանդության կրկնումներն ավելի հաճախ են HSV-2-ի դեպքում:

Փոխանցման ռիսկ
Փոխանցման ռիսկն ամենամեծն է ցանավորման կամ նախաախտանշան շրջանում: Խորհուրդ է տրվում սեռական ժուժկալություն, քանի որ այս շրջանում տեղի է ունենում վիրուսային սփռում:
Անատոմաֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով կանանց մոտ վարակի փոխանցման հավանականությունն ավելի բարձր է:

Ախտորոշում
Կլինիկական
Սեռական հերպեսի դասական դրսեւորումներն են բշտիկներն ու քերծվածքների (էրոզիա) ձեւավորումը, երբեմն նաեւ շրջանային ավշահանգույցների մեծացումը, իսկ կրկնումների դեպքում` նախաախտանշաններով: Երբեմն հիվանդների մոտ կարող է առաջանալ ատիպիկ ցանավորում` շփոթեցնելով այլ սեռավարակների կամ մաշկախտերի հետ: Հնարավոր են նաեւ վիրուսային սուր վարակներին բնորոշ ընդհանուր կլինիկական երեւույթներ:

Լաբորատոր
Շճաբանություն
Հերպեսի հակամարմինների համար առկա թեստերի մեծ մասը տիպայուրահատուկ չէ (կոմպլեմենտի կապման ռեակցիա, իմունաֆերմենտային հետազոտում): Այդ թեստերը գրեթե անիմաստ են սեռական հերպեսի վարման հարցում: Հիվանդության շճաբանական լիակատար գնահատման համար անհրաժեշտ է HSV 1 եւ 2 տիպայուրահատուկ հակամարմինների ռեակցիա: Հարկ է իմանալ, որ տիպայուրահատուկ իմունային պատասխանների լիովին զարգացման համար անհրաժեշտ է առնվազն 8-12 շաբաթ տեւող ժամանակահատված առաջնակի միջադեպից հետո:

Վարում
Առաջնակի միջադեպ (էպիզոդ)
Սեռական հերպեսի առաջին բռնկումը հաճախ ունի երկարատեւ հիվանդագին ընթացք: Հիվանդների մեծ մասն ունենում է ընդհանուր եւ տեղային երեւույթներ: Սրացման սկզբից մինչեւ 5-րդ օրը ներկայացած, ինչպես նաեւ ցանավորման նոր տարրեր ունեցող հիվանդները պետք է ստանան հակավիրուսային դեղամիջոցներ: Ացիկլովիրն ու վալացիկլովիրը արդյունավետ են սրացումների ուժգնության մեղմացման ու տեւողության կրճատման առումով:
Տեղային միջոցները նվազ ազդեցիկ են, քան խմելու միջոցները:
- ն/ե թերապիան ցուցված է միայն այն դեպքերում, եթե հիվանդը չի կարող հակավիրուսային դեղորայքն ընդունել խմելու:
- ն/ե թերապիան չի փոխում սեռական հերպեսի ընթացքը:
Բուժման եղանակներն են.
- Ացիկլովիր 200 մգ, խմել օրը 5 անգամ , 5 օր կամ
- Վալացիկլովիր 500 մգ, խմել օրը 2 անգամ, 5 օր:

Օժանդակ միջոցներ
Խորհուրդ է տրվում հիպերտոնիկ աղային լուծույթով լոգանքներ եւ ցավազրկողների ընդունում: Զգուշություն պետք է ցուցաբերել մակերեսային անզգայացնող դեղամիջոցներ օգտագործելիս, հաշվի առնելով դրանց` զգայունություն առաջացնող հատկությունը:
Խորհրդատվություն
Սեռական հերպեսի առաջնակի միջադեպի ժամանակ խորհրդատվությունը պետք է ներառի հետեւյալ պարագաները` բնական ընթացքը, բուժման տարբերակները, սեռական կամ այլ եղանակներով փոխանցումը, հղիության ընթացքում պտղին հնարավոր փոխանցումը, հիվանդության առկայության մասին մանկաբարձ- գինեկոլոգին իրազեկումը, վարակված անձի կողմից չվարակված հղի կնոջը վարակելու հետեւանքները, զուգընկերոջը տեղեկացնելու տարբերակները:
Բարդությունների վարումը
Անհրաժեշտ է ստացիոնար վարում հետեւյալ դեպքերում`
- միզակապություն,
- մենինգիզմ,
- ընդհանուր ախտանշաններ, ծանր ընթացք, տենդ, այլ օրգան համակարգերի ներգրավում:
Հսկողություն
Հետագա հսկողությունը սահմանվում է մինչեւ 3 ամիս` զուգորդվող այլ ՍՎ-ը բացառելու համար:

Կրկնվող սեռական հերպես
Առաջնակի միջադեպից միառժամանակ անց սեռական հերպեսը հաճախ կրկնումներ է տալիս, որոնք մեծ մասամբ ինքնասահմանափակվող են եւ սովորաբար արտահայտվում են առհասարակ առաջացնում են նվազ ախտանշաններով, քան առաջին բռնկումը: Սակայն, բազմակի եւ հաճախակի կրկնումները (տարիներ շարունակ) երբեմն նպաստում են հիվանդի մոտ հոգեբանական բարդույթների ձեւավորմանը: Բուժումը նշանակվում է` ելնելով հիվանդի վիճակից, սրացումների հաճախությունից, ախտանշանների ուժգնությունից եւ զուգընկերների վիճակից (հղիություն): Ոմանց համար բավարար է միայն պահպանիչ մոտեցումը` աղային լոգանքներ կամ փափկացնող քսուքների կիրառում:

Սեռական հերպեսի կրկնումների ծանրությունը եւ տեւողությունը նվազեցնելու համար արդյունավետ են ացիկլովիրը եւ վալացիկլովիրը: Սրացումը կրճատվում է միջինը 1-2 օրով եւ ընթանում ավելի մեղմ:
Բուժման եղանակներն են.
- Ացիկլովիր 200 մգ, խմել օրը 5 անգամ, 5 օր, կամ`
- Վալացիկլովիր 500 մգ, խմելո օրը 2 անգամ, 5 օր:

Ընկճող (սրացումների կանխման) բուժում
Խորհուրդ է տրվում է այն հիվանդներին, որոնց մոտ 1 տարում լինում են 6 եւ ավելի սրացումներ: Կարելի է նշանակել նաեւ ավելի սակավ սրացումներ ունեցողներին:
Բուժման եղանակներն են`
Տարեկան 6 սրացում եւ ավելին`
- Ացիկլովիր 800 մգ, օրը 1 անգամ:
- Վալացիկլովիր 250 մգ, օրը 2 անգամ, կամ 500 մգ, օրը 1 անգամ:
Տարեկան 10 եւ ավելի սրացումների դեպքում անհրաժեշտ է վալացիկլովիրի ավելի բարձր դոզաներ (1000 մգ, օրը 1 անգամ): Օրը մեկ անգամ ացիկլովիրը չի ընկճում կրկնումները:
Հակավիրուսային թերապիան պետք է դադարեցնել առավելագույնը 1 տարի անց, վերստին գնահատել սրացումների հաճախականությունը եւ ի հարկին վերամշակել բուժումը:
Անձի համար կարեւոր միջոցառումների ժամանակ (արձակուրդներ, քննություններ եւ այլն) ախտանշանների կանխման համար նշանակվում են ընկճող թերապիայի կարճ կուրսեր:

Զուգընկերների վարում
Խորհրդատվության ժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ հետեւյալը` - Վիրուսի փոխանցման վտանգի վերաբերյալ տեղեկությունների տրամադրում, հատկապես զուգընկերոջ մոտ վիրուսի անախտանշան սփռման մասին:
- Զուգընկերների տեղեկացումն արդյունավետ միջոց է խորհրդատվական ցանցն ընդլայնելու, ինչպես նաեւ ՍՎ-ների տարածումը կանխելու համար:

Սեռական հերպեսի առաջնակի միջադեպով հղի կանանց վարումը
- Բուժումը նշանակվում է ըստ կլինիկական վիճակի` առաջնակի բռնկման համար ընդունված վալացիկլովիրի կամ ացիկլովիրի դեղաչափերով:
- Ացիկլովիրի եւ վալացիկլովիրի շարունակական ընդունումը հղիության վերջին 4 շաբաթում կարող է կանխել սրացումը ծննդաբերության ժամանակ, հետեւաբար եւ խուսափել կեսարյան հատումից:
- Կեսարյան հատումը պետք է առաջարկվի բոլոր այն կանանց, ում մոտ ախտանշանները զարգանում են ծննդաբերությանը նախորդող վերջին 6 շաբաթում, քանի որ վիրուսային արտանետումը շատ բարձր է ծննդաբերության ընթացքում:
- Եթե բնականոն ծննդաբերությունն անխուսափելի է, մոր եւ նորածնին կարելի է նշանակել վալացիկլովիրով բուժում:

Կրկնվող սեռական հերպեսով տառապող հղի կանանց վարումը
- Նորածինների հերպեսը կանխելու համար կեսարյան հատում չպետք է կատարվի այն կանանց, ովքեր սեռական օրգանների շրջանում ցաներ չունեն:
- Սեռական հերպեսի սրացումները հղիության երրորդ եռամսյակում կարճատեւ են:
- Բուժումը կատարվում է վալացիկլովիրով, կրկնվող սեռական հերպեսի համար ընդունված դեղաչափերով:

Նշում` հերպեսով վարակվելու վտանգը բնականոն ծնվող պտղի համար բավականին ցածր է, նույնիսկ եթե ծննդաբերության ժամանակ ծննդկանի մոտ առկա են հերպեսի ցաներ: Ուստի պետք չէ հապճեպ որոշում ընդունել կեսարյան հատման մասին:

Նորածինների վարակի կանխման մոտեցումներ
- Նախածննդյան շրջանում բոլոր կանանց պետք է հարցնել, թե իրենք կամ իրենց զուգընկերները երբեւէ ունեցել են սեռական հերպես:
- Անամնեզում սեռական հերպես չունեցող կանայք, որոնց զուգընկերները ունեն սեռական հերպես, ցանի առկայության դեպքում պետք է խուսափեն հարաբերությունից: Հղիության ընթացքում պահպանակի օգտագործումը կարող է նվազեցնել վարակի փոխանցման վտանգը:
- Հղի կանանց պետք է տեղեկացնել HSV-1-ով օրոգենիտալ ճանապարհով վարակման վտանգի մասին:
- Սեռական հերպեսի անամնեզ ունեցող կանայք ծննդաբերությունից առաջ պետք է ենթարկվեն հեշտոցի մանրակրկիտ զննման` բացառելու համար սեռական հերպեսի կլինիկական նշանները:
- Նորածնի հետ շփվող յուրաքանչյուր անձ, որն ունի հարբերանային ակտիվ հերպես, պետք է տեղեկացվի հերպեսի հպավարակային փոխանցման մասին:

Նորածնի վարումը
Ծննդաբերությունից անմիջապես առաջ սեռական հերպեսի առաջնակի միջադեպով մորից ծնված երեխաներ
- Եթե ացիկլովիրը անմիջապես չի ներմուծվել, նորածինը պետք է մանրակրկիտ հետազոտվի լեթարգիայի նշանների, տենդի, թերսնման կամ ցաների վաղ հայտնաբերման համար:
Ծննդաբերությունից անմիջապես առաջ կրկնվող սեռական հերպեսով մորից ծնված երեխաներ
- Ծնողներին պետք է տեղեկացնել, որ շուտափույթ հայտնեն նորածնի մոտ վարակի որեւէ ախտանշանի առաջացման մասին (լեթարգիա, տենդ, թերսնում կամ ցան):

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին