Սապրոֆիտները միկրոօրգանիզմներ են, որոնք որպես սնման աղբյուր օգտագործում են ոչ կենդանի օրգանիզմների նյութերը: Դրանով տարբերվում են մակաբույծ մանրէներից, որոնք ապրում են միայն կենդանի օրգանիզմների հյուսվածքների նյութափոխանակության հաշվին: Սապրոֆիտները լայնորեն տարածված են բնության մեջ` հողում, ջրում, օդում, մարդու և կենդանիների օրգանիզմներում:

Սապրոֆիտները, որպես կանոն, հիվանդություններ չեն առաջացնում, սակայն կան սապրոֆիտ-մանրէներ, որոնք ախտածին են մարդու համար: Սապրոֆիտները հայտնաբերվում են առողջ մարդու օրգանիզմում, հատկապես` արտաքին միջավայրի հետ կապ ունեցող խոռոչներում: Բնական իմունիտետի մեխանիզմների խանգարման դեպքում որոշ սապրոֆիտներ (բակտերոիդներ, աղիքային ցուպիկ և այլն), օրգանիզմում իրենց սովորական տեղից թափանցելով այլ օրգաններ ու հյուսվածքներ, կարող են առաջացնել հիվանդություններ (արյան վարակում, ուղեղապատյանաբորբ և այլն):

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին