Քրոնիկ սալպինգոօֆորիտՀաճախ հավելումների քրոնիկ բորբոքումը առաջանում է չբուժված կամ ոչ լիարժեք բուժված սուր բորբոքումների հետևանքով։

Ներկայումս կա կարծիք, որ քրոնիկ ադնեքսիտը կարող է ի սկզբանե զարգանալ գաղտնի, թույլ արտահայտված կլինիկական դրսևորումներով, որոնք հատուկ են խրոնիկական բորբոքումներին։ Խրոնիկական փուլը ընթանում է ինֆիլտրացիայով (ներսփռանքով), շարակցական հյուսվածքի զարգացումով, որը հանգեցնում է փողի լորձաթաղանթի և մկանային շերտի ֆիզիոլոգիական ֆունկցիաների խանգարման, սկլերոտիկ կազմափոխման, փողի անանցանելիության, հիդրոսալպինքսի առաջացման։

Ձվարանի հյուսվածքում առաջանում է արյունատար անոթների նեղացում, միկրոցիրկուլացիայի խանգարումներ, դիստրոֆիկ փոփոխություններ, որի արդյունքում իջնում է ստերոիդ հորմոնների սինթեզը։

Հավելումների սուր և ենթասուր բորբոքման հետևանքով, փոքր կոնքի օրգանների՝ փողերի, ձվարանների, արգանդի, կոնքի պատի, միզապարկի, ճարպոնի և աղիքների գալարների միջև զարգանում է կպումնային գործընթաց։ Հիվանդությունը ձեռք է բերում ձգձգված ընթացք և հաճախ ընթանում է սրացումներով։

Կլինիկական պատկերը. Հիվանդների հիմնական գանգատը բութ, ձգող բնույթի ցավերն են, որոնք տեղակայված են վերցայլքային և աճուկային շրջաններում, և հաճախ սաստկանում են արտաքին բացասական ազդակների հետևանքով, ինչպես նաև դաշտանից առաջ և հետո։ Ցավերը ճառագայթում են գոտկային շրջան, ազդրեր, ուղիղ աղիք։

Հիվանդների 40-50% մոտ նկատվում են դաշտանային ֆունկցիայի խանգարումներ պոլիմենոռեայի, օլիգոմենոռեայի և ալգոդիսմենոռեայի տիպով, որոնց հիմքում ընկած է ձվարանների հիպոֆունկցիան և անձվազատումը, լյուտեինային փուլի անբավարարությունը։ Հաճախակի գանգատներից են նաև մանկածնման՝ չբերություն, արտարգանդային հղիություն, ինքնաբեր վիժումներ, ինչպես նաև սեռական ֆունկցիայի խանգարումներ (դիսպարենուրիա, լիբիդոյի և օրգազմի իջեցում)։

Ախտորոշումը. Ախտորոշմանը օգնում է անամնեզը, հիստերոսալպինգոգրաֆիան և լապարոսկոպիան։
Լապարոսկոպիկ հետազոտությամբ պարզվել է, որ 30-40% դեպքերում սեռական օրգանների որոշ ախտաբանական վիճակներ (արտաքին էնդոմետրիոզ, հատկապես փողերի էնդոմետրիոզը, ձվարանների փոքր տրամագծի կիստաներն ու կիստոմաները, փոքր կոնքի երակների վարիկոզ լայնացումները) սխալմամբ ընդունվում են որպես հավելումների քրոնիկ բորբոքումներ և ենթարկվում երկարատև բուժման։

Քրոնիկ ադնեքսիտի սրացումը առաջանում է հարուցչի ախտաբանական հատկությունների ուժեղացման, ռեինֆեկցման, օրգանիզմի իմունակենսաբանությսճ իջեցման դեպքում։ Սրացման ժամանակ առաջանում է ցավերի ուժեղացում, խանգարվում է ինքնազգացողությունը, բարձրանում է ջերմությունը, նկատվում է թարախային արտադրություն սեռական ուղիներից։

Օբյեկտիվ քննության ժամանակ հայտնաբերվում են հավելումների տարբեր աստիճանի փոփոխություններ:
Հիվանդության երկարատև ընթացքի և ցավերի, անտիբակտերիալ բուժման անարդյունավետության դեպքում ցուցված է լապարոսկոպիան, որը թույլ է տալիս հայտնաբերել կամ ժխտել հավելումների քրոնիկ բորբոքումները։ Հաճախ հայտնաբերվում են փոքր կոնքի օրգանների կպումնային պրոցեսներ և հիդրոսալպինքս։

Քրոնիկ բորբոքումները հաճախ գոնոկոկային կամ խլամիդային պատճառագիտության են, ուղեկցվում են լյարդի, ստոծանու կպումներով։ Քրոնիկ սալպինգոօֆորիտների դեպքում բուժումը այնպիսին է, ինչպես քրոնիկ էնդոմետրիտների ժամանակ։ Ցուցված է նաև առողջարանային բուժում, ֆիզոթերապիա, բալնեոթերապիա։ Անտիբիոտիկներ նշանակվում են միայն քրոնիկ բորբոքումների սրացողների ժամանակ, ինչպես նաև՝ եթե սուր փուլում և նախորդ սրացումների ժամանակ հիվանդը անտիբիոտիկներ չի ստացել։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին