
Սակավարյունությունների դասակարգման հիմքում ընկած են ախտածնության գործոնները և էրիթրոցիտների ձևաբանությունը:
Դասակարգում ըստ ախտածնության
1. Ոսկրածուծում էրիթրոցիտների արտադրության ընկճում (բնորոշվում են ռետիկուլոցիտների քանակի իջեցումով).
- ապլաստիկ սակավարյունություններ,
- մասնակի կարմիր բջջային ապաճ (Դայմոնդ-Բլեկ-ֆանի սակավարյունություն),
- չարորակ բջիջներով ոսկրածուծի ներսփռում:
2. Էրիթրոցիտների քայքայման բարձրացում (բնորոշվում են ռետիկուլոցիտների քանակի բարձրացումով).
- ժառանգական հեմոլիտիկ սակավարյունություններ
- հեմոգլոբինի սինթեզի քանակական և որակական խանգարումներ (թալասեմիաներ, մանգաղաձև սակավարյունություն և այլն),
- էրիթրոցիտների թաղանթային դեֆեկտներ (ժառանգական սֆերոցիտոզ, ժառանգական օվալոցիտոզ, ժառանգական ստոմատոցիտոզ և այլն),
- էրիթրոցիտների ֆերմենտների քանակական և որակական խանգարումներ (գլյուկոզա-ֆոսֆատ դեհիդրոգենազի, պիրուվատ կինազի, գլյուտաթիոնի, պենտոզային ցիկլի և այլ ֆերմենտների):
- ձեռքբերովի հեմոլիտիկ սակավարյունություններ.
- աուտոիմուն հեմոլիտիկ սակավարյունություններ,
- իզոիմուն հեմոլիտիկ սակավարյունություններ (նորածնի հեմոլիտիկ հիվանդություն (ՆՀՀ)),
- տրանսիմուն հեմոլիտիկ սակավարյունություններ,
- հետերոիմուն հեմոլիտիկ սակավարյունություններ (հետփոխներարկումային):
3. Արյունագոյացման խանգարումով պայմանավորված սակավարյունություններ.
- վիտամին B12 պակասորդային սակավարյունություն,
- ֆոլաթթու պակասորդային սակավարյունություն,
- երկաթ պակասորդային սակավարյունություն:
4. Արյան կորուստ (սուր և քրոնիկական).
- աղեստամոքսային (խոց, չարորակ հիվանդություններ, տելեանգիէկտազիաներ, ճողվածք և այլն),
- թոքային (չարորակ հիվանդություներ, թոքային հեմոսիդերոզ),
- դաշտանային արյունահոսություններ,
- արյունաթողում (արյան մշտական դոնորներ),
- վնասվածքներ,
- վիրահատություններ:
Դասակարգում ըստ էրիթրոցիտների միջին ծավալի և հեմոգլոբինով հագեցվածության
Էրիթրոցիտի միջին ծավալը՝ MCV (mean corpuscular volume) նորմայում կազմում է 80-100 fl (ֆեմպտոլիտր) կամ մկմ3:
Ըստ MCV-ի տարբերում են՝
- միկրոցիտար MCV < 80 fl սակավարյունություն,
- մակրոցիտար MCV > 100 fl սակավարյունություն,
- նորմոցիտար MCV = 80-100 fl սակավարյունություն:
Էրիթրոցիտում հեմո¬գլոբինի միջին պարունակություն՝ MCH (mean corpuscular hemoglobin) նորմայում կազմում է 0,40 - 0,53 ֆեմպտոմոլ (fmol) կամ պիկոգրամ (պգ):
Հեմոգլոբինի միջին կոնցենտրացիան էրիթրոցիտում՝ MCHC (mean corpuscular hemoglobin concentration) նորմայում կազմում է 0,32 - 0,36 գ/դլ:
Ելնելով MCH-ի և MCHC-ի ցուցանիշներից տարբերում են՝
- հիպոքրոմ MCH<0,40 fmol, MCHC<0,32 սակավար-յունություն,
- հիպերքրոմ MCH>0,53 fmol, MCHC>0,36 սակավար-յունություն,
- նորմոքրոմ MCH = 0,40 - 0,53 fmol, MCHC = 0,32 - 0,36 սակավարյունություն:
Այսպիսով, սակավարյունությունները լինում են.
1. Միկրոցիտար հիպոքրոմ MCV < 80 fl, MCH < 0,40 fmol, MCHC < 0,32 սակավարյունություններն են՝
- երկաթ պաասորդային սակավարյունություն,
- թալասեմիաներ,
- սակավարյունություն քրոնիկական հիվանդությունների ժամանակ,
- սիդերոբլաստային սակավարյունություն,
- կապարային թունավորում:
2. Մակրոցիտար (հիպերքրոմ) MCV>100fl, MCH>0,53 fmol, MCHC > 0,36 սակավարյունություն՝
- ֆոլաթթու և վիտամին B12 պակասորդային սակավարյունություններ,
- ապլաստիկ, Բլեկֆանի - Դայմոնդի սակավար¬յունութ-յուններ,
- լյարդի հիվանդություններով պայմանավորված սակավարյունություններ:
3. Նորմոցիտար (նորմոքրոմ) MCV = 80-100 fl, MCH = 0,40 - 0,53 fmol, MCHC = 0,32 - 0,36 սակավարյունություն՝
- հեմոգլոբինոպատիաներ ապլաստիկ ճգնաժամով (կրիզ),
- նորածնի հեմոլիտիկ հիվանդություն,
- աուտոիմուն հեմոլիտիկ սակավարյունություն,
- էրիթրոցիտների ֆերմենտների որակական կամ քանակական խանգարումներ:
Ռետիկուլոցիտների քանակ, ռետիկուլոցիտների համապատասխանեցված քանակ, ռետիկուլոցիտների արտադրման ցուցիչ
Ռետիկուլոցիտների քանակը ծայրամասային արյան մեջ արտացոլում է էրիթրոցիտների արտադրությունը ոսկրածուծում: Այդ ցուցանիշը կարևոր է սակավարյունությունների ախտորոշման համար: Ինչպես երևում է վերը տրված սակավարյունությունների դասակարգումից, ոսկրածուծում էրիթրոցիտների արտադրության նվազումը (ժառանգական և ձեռքբերովի ապլաստիկ սակավարյունություններ) բնորոշվում է ռետիկուլոցիտների քանակի իջեցումով, իսկ էրիթրոցիտների քայքայման բարձրացումը (ժառանգական և ձեռքբերովի հեմոլիտիկ սակավարյունություններ)՝ ռետիկուլոցիտների քանակի բարձրացումով: Այսպիսով, կարևորվում է ռետիկուլոցիտների իրական քանակը ծայրամասային արյան մեջ: Ամեն օր նորացվում է էրիթրոցիտների 1%: Ռետիկուլոցիտները ծայրամասային արյան մեջ ապրում են մոտավորապես 1 օր, որից հետո դառնում են էրիթրոցիտ: Այսպիսով, ռետիկուլոցիտների քանակը ծայրամասային արյան մեջ մոտավորապես 1% է: Ռետիկուլոցիտները հաշվարկվում են հետևյալ բանաձևով՝
Ռետիկուլոցիտների քանակ : էրիթրոցիտների ընդհանուր քանակ x 100
Ռետիկուլոցիտների քանակը բաժանում են էրիթրոցիտների քանակին և արտահայտում են ստացված արդյունքը տոկոսով: Ինչպես երևում է բանաձևից, էրիթրոցիտների քանակի իջեցումը կարող է բերել քանորդի բարձրացմանը, նույնիսկ եթե ռետիկուլոցիտների արտադրությունը ոսկրածուծում բարձրացած չէ: Այսպիսով, այդ քանորդը չի արտացոլում ոսկրածուծում էրիթրոպոեզի իրական պատկերը: Այս անհամապատասխանությունը շտկելու համար քանորդը բազմապատկում են հի¬վանդի հեմատոկրիտի թվով և բաժանում են նորմալ հեմատոկրիտի միջին թվին (45,0): Այդ ցուցիչը կոչվում է ռետիկուլոցիտների համապատասխանեցված հաշվարկ (Corrected Reticulocyte Count):
Ռետիկուլոցիտների համապատասխանեցված հաշվարկ = ռետիկուլոցիտների քանակ (քանորդը) (հիվանդի հեմատոկրիտ ։ 45,0)
Այս ցուցիչը կարևոր է ռետիկուլոցիտների արտադրման ցուցիչի (ինդեքսի) հաշվարկման համար: Էրիթրոպոետինի ազդեցության բարձրացման ժամանակ ռետիկուլոցիտները կարող են դուրս գալ ոսկրածուծից ոչ հասունացած և ավարտել իրենց հասունացումը ծայրամասային արյան մեջ (փոփոխված ռետիկուլոցիտներ՝ shift reticulocytes): Քանի որ այդ ոչ հասունացած ռետիկուլոցիտները կարող են գտնվել ծայրամասային արյան մեջ մեկ օրից ավելի, ռետիկուլոցիտների դասական եղանակով հաշվարկի ժամանակ նրանք կարող են հաշվարկվել և արհեստականորեն բարձրացնել ռետիկուլոցիտների քանակը (հիշեցում՝ նորմալ ռետիկուլոցիտների հաշվարկը ենթադրում է, որ բջիջները ծայրամասային արյան մեջ ապրում են, ինչպես և ռետիկուլոցիտները, միայն մեկ օր, այլ ոչ թե երկու և ավելի): Ռետիկուլոցիտների (shift reticulocytes) «կեղծ» քանակը շտկելու նպատակով ռետիկուլոցիտների համապատասխանեցված հաշվարկի քանորդը բաժանում են շտկման գործակցին և ստանում են ռետիկուլոցիտների արտադրման ցուցանիշը (Reticulocyte Production Index).
Ռետիկուլոցիտների արտադրման ցուցանիշ ռետիկուլոցիտների համապատասխանեցված հաշվարկը (քանորդը)։ շտկման գործակից
Շտկման գործակիցը կախված է սակավարյունության աստիճանից (հեմատոկրիտից)
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան