Ռինիտի ախտանիշներն են փռշտոցը, քթահոսությունը, քթի փակվածությունը և քորը: Բնութագրական ախտանշանների առկայությունը գրեթե բոլոր օրերին, որոնք տևում են առնվազն 1 ժամ, բավարար են ախտորոշումը դնելու համար: Քանի որ չկա համընդհանուր համաձայնեցված սահմանում և նորմալի ու ախտաբանականի միջև տարբերությունը հստակ չէ, ուստի չկան նաև ռինիտի ճշտգրիտ տարածվածության տվյալներ: Մի շարք հետազոտություներ վկայում են, որ ռինիտի հավաքական տարածվածությունը մոտավորապես 10-20% է բնակչության մեջ: Ալերգիկ ռինիտը սովորաբար սկսվում է ուշ մանկական տարիքում, միջինը` 10 տարեկան հասակում: Մեծ մասամբ այն սկսվում է 10-25 տարեկանում: Ինչպես և մյուս ալերգիկ հիվանդությունները, ռինիտի տարածվածությունը ևս գնալով մեծանում է:
Ախտաֆիզիոլոգիան
Քիթը նախատեսված է դեպի թոքեր կայուն ջերմաստիճանի և խոնավության
օդի տեղափոխման համար և հեռացնելու համար թունավոր արգասիքները` գալարուն անցուղիներով օդի անցնելու հետ մեկտեղ: Մասնիկների տեսքով գտնվող նյութերը նստում են էպիթելի մակերեսին կամ ներմղվում լորձային արտադրության մեջ: Թարթչային էպիթելի ակտիվությամբ մասնիկները տեղափոխվում են դեպի առաջ` քթանցքները կամ դեպի հետ` քիթըմպան և հեռացվում: Փռշտոցը նույնպես օգնում է ազատվել մասնիկներից և թունավոր նյութերից: Քթի լորձաթաղանթի արյունամատակարարումը և թարթչային ակտիվությունը հիմնականում սիմպատիկ նյարդերի հսկողության տակ են, որոնք քթի մի կեսում գործի են դնում քթային ցիկլը` օդի մեծացած հոսքով, հերթափոխելով ամեն 2-4 ժամը մեկ:
Քթի լորձաթաղանթը արտաքին ազդակներին պատասխանում է լորձաթաղանթի այտուցով և գերլորձարտադրությամբ, որը առաջացնում է քթի փակվածություն, օբստրուկցիա ռինիտի վաղ փուլերում: Քթի լորձաթաղանթում արյունամատակարարման մեծացումը և անոթների թափանցելիության աճը բերում է լորձային գերարտադրության: Քթի արտադրուկը բաղկացած է ալբումինից, իմունոգլոբուլիններից, ֆերմենտներից, բորբոքային բջիջներից և միջնորդանյութերից: Լորձաթաղանթը դառնում է գերռեակտիվ և նյարդային վերջույթների խթանումը բերում է փռշտոցի առաջացմանան: Քթային ռեակտիվությունը չափվում է հիստամինով ազդելուց հետո ախտանիշների առաջացմամբ և օդուղիների դիմադրությամբ: Ռինիտը դասակարգվում է ալերգիկ և ոչ ալերգիկ ռինիտի և այնուհետև տարբերակվում սեզոնային և շուրջտարյա ռինիտի:
Ալերգիկ ռինիտ
Ալերգիկ ռինիտը հաճախ ձևավորվում է այն երեխաների մոտ, ովքեր արդեն ունեն ատոպիայի որոշ նշաններ: Որոշները կարող է ունենան ասթմա, մյուսները հավանաբար ունեցել են ատոպիկ դերմատիտ վաղ մանկական հասակում: Խիստ ատոպիկ երեխաները հակված են հիվանդանալու ատոպիկ դերմատիտով վաղ մանկական հասակում, ասթմայով 5-10 տարեկանում և ռինիտով 10-15 տարեկան հասակում: Սա հաճախ անվանում են «ալերգիկ երթ»: Սեզոնային ալերգիկ ռինիտը հաճախ բարելավվում է մեծահասակների մոտ և տարածված չէ ծերերի մոտ: Շուրջտարյա ռինիտը չունի այսպիսի բարենպաստ կանխատեսում: Այլ ալերգիկ հիվանդությունների նման ատոպիկ ժառանգականությունը մեծ դեր ունի նաև ալերգիկ ռինիտի առաջացման գործում: Ժառանգման ճշտգրիտ ձևը, այնուամենայնիվ, դեռ հայտնի չէ: Ժառանգականորեն նախատրամադրված երեխաների մոտ միջավայրի ազդեցությունը, հատկապես կյանքի առաջին տարվա ընթացքում, կարող է նպաստել հիվանդության զարգացմանը: Միջավայրի գործոններից են ալերգենների ազդեցությունը, ծխախոտի ծուխը և այլ աղտոտող նյութեր(աղյուսակ 14): Այս գործոնների մեծ մասը շարունակում է կարևոր դերում մնալ հետագա կյանքում:
Սեզոնային ալերգիկ ռինիտ (հարդային տենդ)
Սեզոնային ալերգիկ ռինիտի առաջացման պատճառն են օդում գտնվող ծառերի, խոտաբույսերի և մոլախոտերի ծաղկափոշին: Ծառերի ծաղկափոշին ամենատարածվածն է գարնանը, խոտաբույսերինը` ամռանը, իսկ մոլախոտերինը` աշնանը: Ուստի ալերգիկ ռինիտի ախտանիշները կարող են առաջանալ տարբեր եղանակներին` կախված, թե ինչի հանդեպ է անհատը գերզգայուն: Աշխարհագրական տարբեր դիրքերում տարբեր ալերգեններ կարող են գերակշռել: Օրինակ` խոտի ծաղկափոշու հանդեպ ալերգիան տարածված է Միացյալ Թագավորությունում` 10-15% գերակշռությամբ: Հիվանդությունը անվանվել է հարդային տենդ անցյալ դարում, քանի որ նկատվել է, որ ծաղկող խոտերի (որից էլ ստանում են հարդը) ազդեցությունից առաջանում է գերազանցապես ռինոկոնյուկտիվիտով դրսևորվող հիվանդություն: Սկանդինավյան երկրներում կեչու ծաղկափոշին է շատ տարածված, իսկ ԱՄՆ-ի որոշ հատվածներում ալերգիկ ռինիտը ամբրոզիայի հանդեպ ամենատարածվածն է: Ծաղկափոշու հատիկները մեծ մասնիկներ են` 20-25 միկրոն տրամագծով, ուստի նստում են մակերեսային լորձաթաղաթներին, ինչպիսիք են քթի և շաղկապենու լորձաթաղանթները: Այնուամենայնիվ, ծաղկափոշու հակածինի սպիտակուցը կարող է լուծվել քթի արտազատուկի մեջ և հոսել դեպի շնչուղիների լորձաթաղանթ`առաջացնելով ասթմա ծաղկափոշու հանդեպ: Ախտանիշների արտահայտվածությունը փոփոխվում է սեզոնի ընթացքում` ի պատասխան օդում եղած ծաղկափոշու խտության:
Շուրջտարյա ալերգիկ ռինիտ
Շուրջտարյա ալերգիկ ռինիտի ամենատարածված պատճառն է տան փոշու տիզը և ախտանիշները գրեթե ամեն օր առկա են: Կենդանիների (կատու, շուն կամ ձի) թեփի, բուրդի կամ թուքի մասնիկների հանդեպ ալերգիան նույնպես տարածված է, բայց ախտանիշները կարող են լինել ընդմիջվող: Բորբոսասնկերի հանդեպ ալերգիան ավելի հազվադեպ է ռինիտի պատճառ հանդիսանում, քանի որ բորբոսասնկի սպորները տրամագծով 5 միկրոնից փոքր են և սովորաբար անցնում են քթային ուղիներով ու նստում շնչուղու ստորին հատվածներում: Շատ հիվանդներ ալերգիկ են և° ծաղկափոշու և° տան փոշու տիզի հանդեպ, ուստի ունեն շուրջտարյա ախտանիշներ, որոնք սրվում են ծաղկման սեզոնին:
Շուրջտարյա ալերգիկ ռինիտի ախտանշանները նման են սեզոնայինին` բացառությամբ, որ շաղկապենու բորբոքումը նվազագույն է և քթի փակվածությունը ավելի արտահայտված է: Քթի լորձաթաղանթը գերզգայուն է` ի շնորհիվ մշտական ցածր աստիճանի բորբոքման: Ուստի բացի հայտնի ալերգենից` այս հիվանդները զգայուն են նաև մի շարք ոչ յուրահատուկ հրահրիչների հանդեպ, ինչպիսիք են սառը օդը, փոշին, ծուխը, քիմիական նյութերը և հարդարման միջոցները:
Ալերգիկ ռինիտի ախտածագումը
Ալերգիկ ռինիտով հիվանդների քթի լորձաթաղանթում մեծ քանակով պարարտ բջիջներ և բազոֆիլներ են հայտնաբերվում: Հակածինները փոխազդում են յուրահատուկ IgE-ի հետ, որը կապված է պարարտ բջջի և բազոֆիլի մակերեսին, և այդ բջիջներից անմիջապես արտազատվում են նախօրոք արտադրված միջնորդանյութեր, ինչպիսիք են հիստամինը, տրիպտազան և հեպարինը: Անյուհետև բջիջները դանդաղորեն արտազատում են նոր արտադրվող միջնորդանյութեր, ինչպիսիք են պրոստագլանդինները և լեյկոտրիենները: Հիստամինը անմիջականորեն ազդում է անոթային ընկալիչների վրա` բարձրացնելով անոթի թափանցելիությունը և առաջացնելով լորձաթաղանթի այտուց: Այն նաև խթանում է նյարդային վերջույթները` առաջացնելով փռշտոց, քոր և ռեֆլեկտոր անոթալայնացում:Ասթմայի նման ռինիտով հիվանդների քթում կարելի է դիտարկել վաղ և ուշ ալերգիկ պատասխաններ: Ուշ փուլը սկսվում է այնպիսի միջնորդանյութերի մասնակցությամբ, ինչպիսիք են IL-4, IL-5, IL-3 և GM-CSF-ը, որոնք արտազատվում են պարարտ բջիջներից և Th2-լիմֆոցիտներից` առաջացնելով բջիջների ներգրավվում գործընթացի մեջ: Էոզինոֆիլներով, բազոֆիլներով և նեյտրոֆիլներով առաջացած բորբոքումը նպաստում է բորբոքման երկարատևմանը և առաջացնում քթի փակվածություն, որը վատ է ենթարկվում հակահիստամիններով բուժմանը: IL-4-ը B-լիմֆոցիտներին հետագա խթանելով` նպաստում է նրանց կողմից սպեցիֆիկ IgE-ի հետագա արտադրմանը:
Երբ շուրջտարյա ռինիտի ախտանիշները առկա են առանց որևէ հայտնաբերվող ալերգենի (անամնեզով, մաշկային փրիք-թեսթով կամ RAST անալիզով), ապա այդ վիճակն անվանում են «ոչ ալերգիկ ռինիտ»: Սա ավելի բնորոշ է ավելի մեծ տարիքային խմբին: Պատճառաբանությունը տարբեր է և ոչ հստակ: Որոշ դեպքերում կարող է լինել ինքնավար նյարդային համակարգի մատակարարման հավասարակշռության խախտում, կարող են ներգրավված լինել նաև պեպտիդերգիկ նյարդային մեխանիզմները: Այս ենթախումբը կոչվում է «վազոմոտոր ռինիտ», քանի որ հիմնական ախտաբանությունը արյունալցված անոթներն են, որոնք բերում են քթային գերարտադրության և հաջորդող քթի անանցանելիության: Այլ դեպքերում քթի արտադրության մեջ առկա է գերարտահայտված էոզինոֆիլիա և լորձաթաղանթի բորբոքումը նման է ալերգիկ ռինիտի ժամանակ առաջացող բորբոքմանը: Այս ենթախումբը հաճախ ուղեկցվում է ոչ ալերգիկ ասթմայով: Ոչ ալերգիկ ռինիտի մեկ այլ մեխանիզմ է պարարտ բջիջների հատիկազերծումը և միջնորդանյութերի արտազատումը ոչ իմունոլոգիական ազդակների (օրինակ` սառը օդը) ազդեցությամբ:
Ռինիտի ախտորոշումը
Հիվանդության պատմությունը
Ռինիտը կլինիկական ախտորոշում է և մանրակրկիտ անամնեզի կարևորությունը չի կարելի գերգնահատել: Խնդիր է դրվում տարբերակել ռինիտը քթի փակվածության այլ պատճառներից և որոշել հիվանդության տեսակը և ծանրությունը: Անամնեզ հավաքելիս հետևյալ կետերին է պետք ուշադրություն դարձնել:
- Որոշել քթային ախտանիշների տիպը, այդ թվում փռշտոցը, քթահոսությունը, փակվածությունը և քորը և նրանց հարաբերական կարևորությունը
- Փնտրել աչքի կողմից ախտանիշների առկայություն (աչքերի քոր, արյունալեցում և կարմրություն), որոնք ուղեկցում են ալերգիկ ռինիտին, հատկապես սեզոնային ռինիտին:
- Որոշել հիվանդության ծանրությունը` գնահատելով առօրյա գործունեության խանգարման աստիճանը: Ավելի օբյեկտիվ գնահատում կարելի է կատարել ախտանիշների սանդղակներով . սա պարտադիր է գիտահետազոտական աշխատանքների դեպքում, բայց առօրյա կլինիկական հետազոտության ժամանակ կարող է պետք չգա:
- Գլխացավերը կամ հարքթային խոռոչների շրջանում ցավի առկայությունը կարող է խրոնիկական սինուսիտի նշան լինել:
- Ասթմայի կամ ատոպիկ դերմատիտի առկայությունը կամ ատոպիկ հիվանդության ընտանեկան անամնեզը խոսում է ալերգիկ ռինիտի օգտին:
- Այնպիսի ալերգեններ, ինչպիսիք են ծաղկափոշին, տնային կենդանիները, տան փոշու տիզը կամ բորբոսասնկերը, կարող են ալերգիկ ռինիտի ախտանշանների պատճառ լինել, մինչդեռ ոչ յուրահատուկ գրգռիչները, ինչպիսիք են փոշին, ծուխը, մթնոլորտի աղտոտիչ նյութերը կամ քիմիական նյութերը կարող են երկու տիպի ռինիտի դեպքերում էլ ախտանշաննների առաջացման պատճառ դառնալ:
- Պարզել ախտանշանների որևէ սեզոնային փոփոխականություն:
- Տալ հարցեր հիվանդի աշխատանքի բնույթի և միջավայրի մասին, որոնք կարող են պարզել պատճառական գործոնները:
- Պարզել տանը կենդանիների առկայությունը և տանը ծխելու սովորույթը:
Ֆիզիկական հետազոտությունը
Դեմքը
Երկարատև ռինիտը կարող է դրսևորվել աչքերի շուրջ մուգ օղակներով և պարկանման ուռածությամբ (ալերգիկ «կապտուկներ»)` արյունալցված երակների պատճառով: Հիվանդը կարող է նաև ունենալ քթի լայնակի ծալք` քիթը դեպի վեր տրորելու հետևանքով (ալերգիկ ‘salut’), և բաց բերանով շնչելու սովորություն (ալերգիկ հորանջ)քթի խցանման հետևանքով:
Ռինոսկոպիան
Քթանցքների մակերեսային հետազոտությունը պատկերացում կտա քթի լորձաթաղանթի և արտաքին ձևախախտումների մասին:Նախընտրելի է առաջային ռինոսկոպիան լույսի աղբյուրով և քթային հայելու միջոցով: Հետին ռինոսկոպիան և քթային անցուղիների էնդոսկոպիկ հետազոտությունը անհրաժեշտ է ավելի մանրամասն հետազոտության համար:
Ընդհանուր հետազոտություն
Պետք է հետազոտել աչքերը` հայտնաբերելու համար կոնյուկտիվիտի առկայությունը, որը հաճախ է ասոցիացվում ալերգիկ ռինիտի հետ (ռինոկոնյուկտիվիտ): Ականջները պետք է հետազոտել` ուսումնասիրելով թմբկաթաղանթի վիճակը և միջին ականջի ախտաբանության հնարավոր առկայությունը, քանի որ հաճախ են միջին ականջի խնդիրները զուգակցում ռինիտին, հատկապես երեխաների մոտ: Պետք է փնտրել նաև ատոպիկ հիվանդությունների` ասթմայի և դերմատիտի նշաններ:
Հետազոտությունները
Մաշկային թեսթերը
Մաշկային թեսթերը կատարվում են առօրյա աշխատանքում` տարբերակելու ալերգիկ և ոչ ալերգիկ ռինիտները և հայտնաբերելու յուրահատուկ ալերգենը, որի հանդեպ զգայուն է անհատը: Մաշկային թեսթը զգայուն, յուրահատուկ մեթոդ է, և արդյունքը երևում է 15 րոպեի ընթացքում: Փրիք-թեսթը օգտագործված ալերգենի հանդեպ յուրահատուկ IgE–ի հայտնաբերման կիսաքանակական մեթոդ է և ընտրության մեթոդ է: Պատասխանի չափը (միջին տրամագիծը) ցույց է տալիս հակամարմինների առկայության չափը: Ալերգենների ստանդարտ հավաքածուն պիտի ներառի իր մեջ ծաղկափոշու, տան փոշու տիզի ալերգենները, կենդանիների սպիտակուցները և բորբոսասնկերը: Ճշտգրիտ ընտրությունը կախված է աշխարհագրական դիրքից: Խոտաբույսերի ծաղկափոշու խառնուրդը` բաղկացած տվյալ տարածքում ամենատարածված խոտերի ծողկափոշիներից, պարտադիր պետք է լինի: Տան փոշու տզերի և բորբոսասնկերի տարածված տեսակները պիտի ներառնվեն: Ծառերի ծաղկափոշու մեկ կամ երկու խառնուրդ է պահանջվում: Կատուների և շների հանդեպ զգայունությունը պիտի ստուգվի, մնացած կենդանիներինը` եթե շփում կա նրանց հետ :
IgE հայտնաբերման արյան քննությունը
Ընդհանուր IgE-ի որոշումը այդքան էլ օգտակար չէ, քանի որ նրա նորմալ արժեքը չի բացառում սպեցիֆիկ ալերգիան և պատճառական գործոնը չի պարզվում: Յուրահատուկ IgE-ի որոշումը RAST կամ PRIST մեթոդներով կարող են որոշակի իրադրություններում օգտակար լինել, երբ մաշկային թեսթերը հնարավոր չէ կատարել: Այդ իրադրություններից են ատոպիկ դերմատիտը կամ երբ անհնար է հանել հակահիստամինային դեղերը: Անհարմարությունը կայանում է նրանում, որ առաջին զննման ժամանակ հնարավոր չէ պատասխանը ստանալ: Ի լրումն պետք է ասել, որ այս թեսթը կարող է պակաս զգայուն լինել, քան մաշկային փրիք-թեսթը:
Այլ հետազոտություններ
Քթից քսուկի վերցնելը և բջջակազմի հաշվելը կարող է օգտակար լինել ռինիտի վարակային (նեյտրոֆիլների գերակշռություն) և ոչ վարակային (էոզինոֆիլներ) պատճառները տարբերակելու համար:
Ռինոմանոմետրիան քթային անցուղիների դիմադրողականության օբյեկտիվ գնահատումն է, որը այտուցը հանող դեղից հետո կատարելով` հնարավորություն կտա քթի օբստրուկցիայի մեխանիկական գործոնը հայտնաբերել և կանխագուշակել կատարվելիք վիրահատության արդյունավետությունը:
Հարքթային խոռոչների շերտավոր համակարգչային նկարահանումը (CT) կհայտնաբերի խրոնիկական սինուսիտի առկայությունը. այն ցուցված է կատարել, եթե կա կասկած` ըստ անամնեզի կամ ֆիզիկական հետազոտության արդյունքների: Սինուսների սովորական ռենտգենանկարումը օգտակար չի լինի:
Քթային հրահրիչ փորձերը կատարվում են ոչ յուրահատուկ ազդակներով, ինչպիսիք են հիստամինը, մետախոլինը կամ սառը օդը` գնահատելու օդատար ուղիների գերռեակտիվությունը: Պատասխանը կարող է չափվել որպես ախտանշանների աստիճանով կամ քթի արտադրության գնահատմամբ: Նորմայի սահմանը լայն է, ուստի թեսթը կլինիկորեն այդքան էլ օգտակար չէ: Յուրահատուկ ալերգենով կամ մասնագիտական ալերգենով հրահրիչ փորձերը կատարվում են երբեմն միայն, երբ անամնեզը վստահելի չէ:
Ռինիտի բուժումը
Ռինիտը մահացու հիվանդություն չէ, բայց համենայն դեպս պատճառում է լուրջ բարդություններ և տառապանքներ: Պատճառների և ընթացքի բացատրումը հիվանդին կարող է համոզել հիվանդին, որ ախտանշանները կարող են արդյունավետորեն հսկվել, առնվազն սեզոնային ռինիտի դեպքում, և որ երկարատև կանխատեսումը բարենպաստ է:
Ալերգենից խուսափումը
Երբեմն հիվանդները տեղյակ են, թե որոնք են իրենց ալերգիկ հրահրիչները: մյուսների մոտ կարելի է դա հայտնաբերել մաշկային թեսթերով: Ալերգիկ ռինիտի բոլոր դեպքերում ալերգենի ազդեցությունից խուսափելը պակասեցնում է ախտանիշները և դեղի պահանջը, և դա առաջնահերթ է միջին և ծանր ախտանշաններով հիվանդերի համար:
Տան ներսում խոնավության պակասեցումը կանխում է և° բորբոսասնկերի և° տան փոշու տզերի աճը: Թվում է, թե կենդանուն հեշտ է հեռացնել, բայց ալերգիայով շատ հիվանդներ նախընտրում են դիմանալ ախտանիշներին, քան հեռացնել իրենց սիրելի կենդանուն: Բրդոտ կենդանիների, հատկապես կատվի ալերգենները բարձր խտությամբ հայտնաբերվում են կենդանի պահող տների գորգերի փոշու մեջ և օդի նմուշներում: Ուստի բավական չէ միայն խուսափել կենդանու հետ սերտ շփումից: Կենդանին պետք է տնից դուրս պահել: Սեզոնային ալերգիկ ռինիտի դեպքում ալերգենից խուսափելը գործնականորեն ավելի դժվար է: Անգամ այդ դեպքում կատարելով պարզ միջոցառումներ, ինչպես օրինակ պատուհանները փակ պահելը և ավտոմեքենայի օդափոխման համակարգում ծաղկափոշու ֆիլտրեր օգտագործելը, կարող է օգտակար լինել:
Բուժումը դեղերով
Հակահիստամինային դեղամիջոցներ
Ռինիտի ախտանիշների մեծ մասը կարող է վերարտադրվել քթի մեջ հիստամինի ներմուծմամբ: Սա արտացոլում է այս միջնորդանյութի կարևորությունը հիվանդության առաջացման մեջ և այստեղից էլ նրա ընկալիչների պաշարիչների արդյունավետությունը ախտանշանների լավացման հարցում: Հակահիստամինային դեղերը ռինիտի բուժման մեջ օգտագործվող ամենատարածված դեղերն են: Նրանք ընկճում են H1-ընկալիչները և որոշ երկրորդ սերնդի հակահիստամինները նաև ունեն թեթև հակաբորբոքիչ ազդեցություն: Հակահիստամինները կանխում և թեթևացնում են ռինիտի հետևյալ նշանները. փռշտալը, քորը և քթահոսությունը: Նրանք ավելի պակաս արդյունավետ են քթային փակվածությունը հանելու հարցում :
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին