Ռիկետսիոզներն իրենից ներկայացնում են մարդու և կենդանիների սուր վարակիչ հիվանդությունների խումբ: Ռիկետսիոզների շարքին են պատկանում համաճարակային բծավոր տիֆը, խրամատային (հնգօրյա) տենդը, լվային բծավոր տիֆը, հյուսիսասիական տզային բծավոր տիֆը, մարսելյան տենդը, ցուցուգամուշի տենդը, Քյու տենդը և այլն: Համաճարակային բծավոր տիֆը և խրամատային տենդը համարվում են անտրոպոնոզ հիվանդություններ, որոնցով վարակվում են միայն մարդիկ: Մնացած ռիկետսիոզները զոոնոզ են, մարդը հիվանդանում է` ենթարկվելով լվերի կամ տզերի հարձակմանը:

Պատճառներ
Ռիկեստիոզների հարուցիչները բակտերիանման մանրէներն են` ռիկետսիաները: Դրանք կայուն չեն շրջակա միջավայրում և արագ ոչնչանում են 50-70ºC ջերմաստիճանի և տարբեր վարակազերծող նյութերի ազդեցությունից, բայց լավ դիմանում են չորացմանը: Հիվանդությունների հարուցիչները հիվանդության ընթացքում շրջանառում են մարդու (կենդանու) արյան հոսքով և արյունածուծ միջատների (ոջիլներ, լվեր) ու տզերի միջոցով փոխանցվում են առողջ մարդու արյան մեջ: Քյու տենդի ժամանակ մարդը (անասնաբույծներ, ատամնաբույժներ) վարակվում է հիվանդ կենդանիների արտաթորանքով աղտոտված ձեռքերի միջոցով և հիվանդ կովերի, այծերի, ոչխարների հում կաթն օգտագործելուց:

Պաթոգենեզ
Ռիկետսիոզները մարդու օրգանիզմում ընթանում են տարբեր ծանրության տենդային հիվանդությունների ձևով: Հիվանդությունն սկսվում է սուր ձևով, ուղեկցվում է ջերմաստիճանի բարձրացումով, գլխացավով, անքնությամբ, մկանային ցավերով, մաշկային քորով: Բնորոշ են արյունատար անոթների պատերի և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումները:

Բուժում
Ռիկետսիոզների բուժումն իրականացվում է հիվանդանոցում:

Կանխարգելում
Ռիկետսիոզների կանխարգելման հիմնական ձևը պայքարն է արյունածուծ միջատների` լվերի, ոջիլների դեմ: Հարկավոր է օգտագործել վանող նյութեր և պաշտպանական ցանցեր: Մաշկին կպած տզերն զգուշորեն հանել ունելիով և հպման տեղն այրել յոդի լուծույթով:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին