Քթի խոռոչը միջնապատի միջոցով բաժանվում է 2 ասիմետրիկ մասերի: Ասիմետրիան կապված է այն փաստի հետ, որ մեծամասամբ դեպքերում` մասնավորապես տղամարդկանց մոտ, միջնապատը կարող է լինել ծռված կամ ունենալ կատարանման ելուստ, որը զգալիորեն կարող է նեղացնել ընդհանուր քթային անցուղին և պատճառ հանդիսանալ քթային դժվարաշնչության համար:

Եթե միջնապատի ծռվածությունը լինում է աննշան ապա վիրահատական միջամտության անհրաժեշտություն չկա: Վիրաբուժական միջամտություն խորհուրդ է տրվում միայն այն ժամանակ, երբ առկան է միակողմանի կամ երկկողմանի արտահայտված քթային դժվարաշնչառություն:

Սովորաբար քթի միջնապատը բնածին լինում է ուղիղ և ենթադրվում է, որ այն ծռվում է դիմային կմախքի զարգացման ժամանակ կամ էկզոգեն գործոնների ազդեցությամբ (տրավմաներ, քթային խեցու հիպերտրոֆիա, ուռուցքներ և այլն): Միջնապատի ծռվածությունը կարող է լինել տարբեր` ամբողջովին դեֆորմացված և սեղմված լինել խեցուն, կարող է լինել S -ձև ծռված կամ դեֆորմացված լինել միայն աճառային կամ ոսկրային հատվածներում:

Քթի միջնապատի ծռվածության ժամանակ հանդիպող ամենաբնորոշ ախտանիշը դա միակողմանի կամ երկկողմանի քթային դժվարաշնչություն է, որը կարող է ուղեկցվել գլխացավերով, հոտառության թուլացումով, ռնգախոսությամբ և այլն:

Քթի միջնապատի ծռվածությունն ախտորոշվում է առաջային ռինոսկոպիայով, որի ժամանակ տեսանելի է նաև քթային անցուղիներից մեկի նեղացումը և մյուսի լայնացումը:

Բուժում: Միայն վիրահատական է: Վիրահատական միջամտության ցուցումներն են .
1. քթային շնչառության խանգարումը կամ բացակայությունը
2.քթի խոռոչում որոշակի մանիպուլյացիաներ կատարելու դեպքում, ինչպիսիք են պոլիպէկտոմիան, ականջի կատետերիզացիան կամ քիթ հարակից խոռոչների ներքթային վիրահատությունների ժամանակ, երբ միջնապատի այս կամ այն աստիճանի ծռվածությունը խանգարում է այդ միջամտություններին:

Վիրահատությունն իրականացվում է ընդհանուր կամ տեղային անզգայացման տակ: Կատարվում է միջնապատի ենթալորձաթաղանթային մասնահատում:

Քառանկյունաձև աճառի առաջային հատվածում, ենթալորձաթաղանթային 1% կամ 2% լիդոկաինային ինֆիլտրացիայից հետո, կատարվում է կտրվածք (միջնապատի միայն մի կողմի վրա) այնուհետև լորձաթաղանթը շերտազատվում է աճառային և ոսկրային հատվածներից: Միջնապատի ծռված աճառային հատվածները, մաղոսկրի ուղղահայաց թերթիկը (եթե ծռված է), խոփոսկրի կամ քմոսկրի կատարի ծռված հատվածները հեռացվում են և փոփոխության ենթարկված աճառը ուղղելուց հետո կրկին տեղադրվում է միջին գծով: Այնուհետև երկու կողմի լորձաթաղանթները հպում են իրար, յուրաքանչյուր կողմից ֆիքսելով յուղային ճնշող տամպոններով:

Հաջողված վիրահատությունը վերականգնում է քթային շնչառությունը:

 


Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին