ՔթախոսությունՔթախոսությունը (ռնգախոսություն) ձայնի հնչեղության խիստ թուլացումն է, ինչպես նաև ձայնի երանգի փոփոխությունը, որը զուգակցվում է խոսքի հնչյունների աղավաղման հետ: Առաջանում է ձայնառաջացման և արտաբերական գործընթացներում քթի խոռոչի մասնակցության խանգարումների հետևանքով:

Քթախոսությունն առաջանում է քթի և քթըմպանի հիվանդությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են քթային շնչառության խանգարումներով` քթի միջնապատի ծռումներ, քթային խեցիների մեծացում, քթի գեղձանմանների և պոլիպների առկայություն: Նման դեպքերում ձայնը խլանում է, աղավաղվում են ''մ '' և '' ն '' հնչյունները, արտաբերվում են որպես '' բ '' և '' դ '':

Քթախոսության պատճառ կարող են լինել նաև փափուկ քիմքի ֆունկցիայի խանգարումը` դրա լուծանքի, բնածին ոչ սերտաճման դեպքում, փափուկ և կարծր քիմքերի վնասումները, ինչպես նաև դիֆթերիայի ժամանակ քթըմպանի ախտահարումը: Նման դեպքերում մի շարք հնչյուններ արտաբերելիս քիմային վարագույրը չի հպվում ըմպանի հետին պատին և բերանաըմպանը չի բաժանում քթըմպանից, որի հետևանքով օդն անցնում է ոչ միայն բերանով, այլև քթով: Այդպիսի քթախոսությունը սովորաբար խիստ արտահայտված է, և խոսքը պարզահունչ չէ: Ժամանակին բժշկի դիմելով` հիվանդության բոլոր ձևերը կարելի է վերացնել:

Երեխաների քթախոսությունը հնարավոր է վերացնել լոգոպեդական վարժություններով: Փափուկ և կարծր քիմքի ոչ սերտաճումը շտկվում է պլաստիկ վիրահատությամբ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին