Նկարագրություն

Քրտնախաշը մաշկի հիվանդություն է, որն առավել հաճախ նկատվում է շոգ եղանակին` կրծքի և կրտսեր տարիքի երեխաների մաշկի վրա:

Պատճառներ

Քրտնախաշը առաջանում է քրտնարտադրության ուժեղացման և քրտինքի գոլորշիացման դժվարացման հետևանքով: Առաջացմանը նպաստում է երեխային չափից ավելի կիպ բարուրելու հետևանքով մարմնի գերտաքացումը: Հասուն տարիքում քրտնախաշ կարող է ի հայտ գալ տենդով և առատ քրտնարտադրությամբ ուղեկցվող վարակիչ հիվանդությունների ժամանակ, տաքացնող ջեռակներ դնելիս, ինչպես նաև գիրության պատճառով:

Պաթոգենեզ

Քրտնախաշը բնորոշվում է մաշկի փակ հատվածների վրա մանր, ցրված կամ խմբավորված, թափանցիկ պարունակությամբ բշտիկների առաջացմամբ: Երեխաների քրտնախաշը առավել հաճախ լինում է թիկունքի, պարանոցի, հետույքի, անութային շրջանի մաշկի, հասուն մարդկանցը` կաթնագեղձերի տակի, աճուկաամորձապարկային և անութային շրջանի մաշկածալքերի վրա:
Քրտնախաշի ժամանակ կարող են առաջանալ նաև քորոցի գլխիկի մեծության կարմիր, այտուցված հանգուցիկներ և բորբոքային պսակով շրջապատված պղտոր պարունակությամբ բշտիկներ: Ցանի տարրերը միաձուլվում են, անուշադրության մատնված դեպքերում առաջանում են թացացող օջախներ, հատկապես` մաշկածալքերում: Քրտնախաշ կարող է առաջանալ նաև թույլ երեխաների գլխի մազածածկ մասի վրա և բարդանալ մաշկի թարախաբշտիկային հիվանդություններով:

Բուժում

Քրտնախաշը բուժում է բժիշկը: Կարևոր է մարմնի գերտաքացում առաջացնող գործոնների վերացումը: Օգտակար են օդային լոգանքները, բնակարանի հաճախակի օդափոխությունը, ջրային լոգանքները` ջրին ավելացնելով կալիումի գերմանգանատ (վարդագույն լուծույթ), կաղնու արմատի կամ կատվալեզվի թուրմ (բաց դարչնագույն լուծույթ): Լոգանքից հետո մաշկածալքերին կարելի է ցինկի օքսիդի կամ տալկի ցանափոշի քսել, արևածաղկի եռացրած յուղով մշակել, ինչպես նաև (եթե թացացող հատվածներ չկան) սալիցիլային սպիրտի 1 %-անոց լուծույթով, օղիով (ջրի հետ հավասար խառնած) կամ վաղենակի լուծույթով (1 թեյի գդալ` 1 բաժակ եռջրին) շփել: Խորհուրդ չի տրվում սինթետիկ գործվածքներից հագուստ կրել:

Կանխարգելում

Քրտնախաշի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է քրտնոտության դեմ և մանրակրկիտ հետևել հիվանդի մաշկի խնամքին. Հաճախակի փոխել ներքնաշորը, մաշկը շփել սալիցիլային սպիրտի 1-2 %-անոց լուծույթով, ինչպես նաև սպիրտային լոսյոններով: Շոգ եղանակին հարմար է հագնել բամբակե գործվածքից հագուստ: Փոքր երեխաներին չի կարելի չափից ավելի շատ հագցնել, կիպ բարուրել, օգտակար են ջրային և օդային լոգանքները: